Ինձ կախարդում է համբույրը լույսի,
Երբ այն աղոթքի առէջ է դառնում:
Իրականության արտացոլանքը բախվեց երազին:
Ուշացած սիրո փիլիսոփայությունը ծնվում է կորցրածի ու ափսոսանքի գրկախառնությունից:
Քարը լսեց
Սուրբ ձեռքերի
Մեղեդին,
Խիղճը մնաց
Քարի գռզոտ
Ուսերին:
Քամու հեքիաթից մի հատիկ սերմ մնաց քարին:
Մի սուրբ լռություն նրա օրհնանքից լույս էր որդեգրում...
Ժայռի պռնկին մի դեղին կարոտ
Հուզախռով բազմել, մամուռ է դարձել:
Երբ լույսը բացվեց, ճերմակ երազ էր,
Ես ու աշունը փնտրեցինք իրար:
Դեղձենու վրա ծաղիկներ կան դեռ.
Ուշացած սիրո առեղծվածն են լուռ…
Ուշացած սերը անուրջ է դառնում,
Դեղձենու սրտում ծաղիկ է մնում:
Առվի կարկաչը իր շունչը պահել,
Կարմիր սոսափից գաղտնիք է որսում:
Ծառի երազը բոսոր է հագնում,
Եվ այլայլվում է ծառը հրճվանքից:
Ես լուռ հաշվում եմ տրոփը սրտի
Աշնան բոցերում մեռնող տերևի:
Անտառի հոգին խնդում է նորից
Քնած նորածնի անմեղ ժպիտով...
Խրճիթի դուռը քամուց ճռռում է
Աստղի հայացքից խուսափող դողով:
Ցնդած քամին գլուխն առել,
Ժայռի վզից կախ է ընկել,
Կայծակները բարձունքներից
Թավալգլոր ձորը ընկան:
Երկյուղած մի հույս հեռվում կայծկլտաց,
Աստղերն ակնդետ զգույշ փսփսացին:
Մի անկոչ քամի գարնան զարթոնքին
Վարսաթափ սիրո աշուն էր բերել…
Կարկատած հոգին ոնց էլ որ շուռ տաս,
Կարկատանները միշտ կուչ են գալու: