Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Факультативы  /  1 класс  /  Применение дидактических и ролевых игр в начальной школе

Применение дидактических и ролевых игр в начальной школе

10.05.2020

Содержимое разработки

Դիդակտիկական և դերային խաղերի կիրառությունը կրտսեր դպրոցում


Դպրոցական կյանքի սկիզբը դա նոր լուրջ փորձություն է երեխայի համար: Շատ կարճ ժամանակամիջոցում առաջին դասարանցիներին անհրաժեշտ է համակերպվել օրվա ռեժիմին, յուրացնել նոր պահանջները, որոնք ներկայացվում են իրեն, կարգավորել շփումը հասակակիցների հետ: Սրա հետ մեկտեղ աշակերտը պետք է ստանա որոշակի գիտելիքներ` զարգացնելով իր հնարավորությունները և ձևավորելով սեփական արժեքները: Իսկ դեռևս վաղ անցյալում նա հաճախում էր մանկապարտեզ, որտեղ իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր խաղալով: Դպրոցում երեխան հայտնվում է նոր, դեռևս անկանխատեսելի աշխարհում: Եվ այն բանից, թե որքանով է հաջող ու արագ նա համակերպվում անսովոր միջավայրին, կախված է նրա առաջադիմությունը:

ՈՒսուցման գործընթացի արդյունավետությունը կախված է ուսուցման մեթոդների ճիշտ ընտրությունից, իսկ ուսուցման մեթոդի ընտրությունն որոշակիորեն կախված է դասի դիդակտիկական խնդիրներից, որ լուծում է ուսուցիչը և ծրագրային նյութի բովանդակության յուրահատկություններից:

Մեթոդների և միջոցների ընտրությունը պայմանավորված է նաև սովորողների տարիքային և անհատական առանձնահատկություններով, դպրոցի պայմաններով: ՈՒսուցման մեթոդների ընտրության մեջ երևում է նաև ուսուցչի ինքնուրույնությունը, մեթոդական վարպետությունը, անհատականությունը, աշխատանքի ոճը:

ՎԵց տարեկան առաջին դասարանցին գտնվում է կարծես անցումային փուլում` նախադպրոցական տարիքից, որտեղ բոլոր նոր անձնային, հոգեբանական որակները առավել հեշտ ու լավ ձևավորվում են խաղային գործունեության մեջ:

Այստեղ խաղը դիտարկվում է որպես առաջատար գործունեություն ոչ այն պատճառով, որ այն երեխայի կյանքում մեծ տեղ է գրավում, այլ որովհետև խաղի ընթացքում երեխայի հոգեկանում տեղի են ունենուն գլխավոր փոփոխությունները, զարգանում են հոգեկան այն գործընթացները, որոնք անհրաժեշտ են զարգացման նոր առավել բարձր աստիճանի անցնելու համար:

Խաղալով երեխան անընդհատ ձգտում է գնալ առաջ, նրա մոտ միաժամանակ աշխատում են ենթագիտակցությունը, խելքը և երևակայությունը, հետևաբար երեխաների զգացմունքային ոլորտի զարգացումը, ինչպես նաև մտավոր կարողությունների զարգացումն ավելի արդյունավետ կատարվում են խաղի մեջ:

Խաղային գործունեությունը հետաքրքիր է երեխաներին և կարող է առաջացնել նորի ճանաչման դրական շարժառիթ: Միաժամանակ խաղը հանդիսանում է ոչ միայն զվարճալի միջոց, այլ նաև սովորական վարժություն, որը զգեստավորվել է հետաքրքիր ձևով: Խաղի բովանդակությունը ծառայում է ուսումնական խնդրի կատարմանը, որտեղ կարևոր է նաև դաստիարակչական կողմը:

Խաղը սովորողներից պահանջում է հնարամտություն, ուշադրություն, փոխզիջում, արագ կողմնորոշման կարողություն, որոշում կայացնելու կարողություն, զարգացում և կատարելագործում է առարկայի նկատմամբ հետաքրքրություն:

Հարկ է նշել, որ խաղը կարելի է դիտարկել և’ որպես ուսուցման խաղային մեթոդ, և’ որպես ուսուցման ձև, և’ որպես երեխայի անձի զարգացման միջոց: Այն պետք է դիտել որպես ուսումնական գործընթացի կազմակերպման ձև:

Կանոնները բացահայտում են խաղի բովանդակությունը, առաջադրված նպատակին հասնելու ուղին: Խաղի կանոնին վերագրվում է ոչ միայն այն, ինչը երեխաները պետք է կատարեն, այլև այն, ինչը չպետք է անեն: Դա էլ երեխաներից պահանջում է կարգապահություն, կամքի ուժ:

Խաղեր ընտրելիս ուսուցիչը պետք է հենվի նրանց տարիքային առանձնահատկությունների վրա: Խաղն ինքնանպատակ չպետք է լինի: Պետք է իմանալ նպատակը, իրագործման ուղիները, դասի այն պահերը, որտեղ պետք է օգտագործվի: Անհրաժեշտ է կիրառել այնպիսի խաղեր, որոնք նպաստում են ոչ միայն ուսուցողական, այլև դաստիարակող և զարգացնող խնդիրների լուծմանը:

Երբ ուսուցումը համեմվում է խաղերով, երեխաների համար այն դառնում է ավելի հետաքրքիր, սրտամոտ ու ցանկալի: Խաղային մթնոլորտը հնարավորություն է տալիս, որ աշակերտներն անկաշկանդ արտահայտեն իրենց մտքերը: Նույնիսկ ամենալավ խաղը կարող է ձանձրացնել երեխաներին, եթե չփոփոխվի ու անընդհատ կրկնվի նույնությամբ: Խաղային գործունեությանը պետք է փոխարինի ուսումնական գործունեությունը, սակայն այն տեղի կունենա աստիճանաբար: Ամեն դեպքում ուսուցչից պահանջվում է մեծ նրբանկատություն: Ոչ մեկ չպետք է ունենա գերարժեքության կամ թերարժեքության բարդույթ;

Խաղային գործունեությունը կատարում է հետևյալ գործառույթները.

  • զվարճացնող (զվարճացնում է, հետաքրքրություն է մտցնում

  • հաղորդակցական (զարգացնում է հաղորդակցական կարողությունները

  • խաղաբուժական (նպաստում է դժվարությունների հաղթահարմանը

  • հայտորոշիչ (ինքնաճանաչման հնարավորություն է ստեղծում

  • անձնային որակները կարգավորող (նպաստում է անձնային որակների զարգացմանը


    1. Ըստ գործունեության բնագավառի խաղերը լինում են Ֆիզիկական, աշխատանքային,սոցիալական, մտավոր, հոգեբանական:

    2. Ըստ առարկայական բնագավառի լինում են մայրենիի, մաթեմատիկայի և այլն:

    3. Ըստ մանկավարժական գործընթացի խաղերը լինում են հսկող, ուսուցանող, ճանաչողական, զարգացնող, հայտորոշիչ, ստեղծագործական:

    4. Ըստ խաղային մեթոդիկայի` դերային:

    5. Ըստ խաղային ոլորտի` առարկաներով և առանց առարկաների:


Երեխայի կամային վարքի զարգացման համար կա հրաշալի միջոց: Դա կանոններով խաղն է: Շարժուն երեխաները, ուսուցչի պահանջները «չցանկանալ կատարող» երեխաները խաղում են ցանկացած խաղ և ձգտում են կատարել այդ խաղի կանոնները: Այս խաղերը կազմակերպում են, կանոնավորում երեխայի գործողությունները, սահմանափակում են նրանց ակամա ակտիվությունը: Գիտակցելով խաղի կանոնները` երեխաները սկսում են իրենց գործողությունները ենթարկել դրանց, արդյունքում ձևավորվում է կամային և զգացմունքային ինքնակարգավորում:

Լավ հայտնի է, թե որքան նշանակալի են դերային խաղերը նախադպրոցականնեչի կյանքում: Բայց, տարրական դասարաներում, ինչպես ցույց են տալիս հոգեբանների ուսումնասիրությունները, գործունեության այս ձևը կարող է հասնել բարձր զարգացման: Դրվագա-դերային խաղը կարող է դառնալ վեց տարեկան առաջին դասարանցիների աշխատանքի հիմնական ձևը դասամիջոցներին: Շատ կարևոր են թատերականացված խաղերը, երբ կոլեկտիվով խաղարկում են գրական ստեղծագործությունները: Խաղի մեջ երեխաները լավ են յուրացնում և' սոցիալական հարաբերությունները, և' տարբեր իրավիճակում վարքի նորմաները, սովորեցնել ինքն իրեն նայել «կողքից», կանոնավորել իր վարքն իրավիճակին և շրջապատող մարդկանց պահանջմունքներին համապատասխան:

Խաղը կարող է կիրառվել դասի տարբեր փուլերում, տնային աշխատանքի ստուգման, դասի ամփոփման ժամանակ: Դասի որոշակի փուլում իրագործվող խաղային իրավիճակը խթանում է յուրաքանչյուր երեխայի ճանաչողական հետաքրքրությունների զարգացմանը, տալիս է հնարավորություն քննարկումների մասնակցության, որը թույլ է տալիս նույնիսկ ամենաթույլ աշակերտին հասկանալ և յուրացնել նոր նյութը, սովորեցնել այն գործնականում կիրառել: Տարբեր խաղեր կիրառելով կարելի է բազմակի անգամ կրկնել նույն ուսումնական նյութն առանց միօրինակության և ձանձրույթի:

Խաղը վախի, տագնապի, անվստահության զգացողության հաղթահարելու միջոց է: Խաղալով երեխան սկսում է զգալ իրեն որպես ընդհանուր խմբի լիարժեք անդամ:

Բազմազան խաղերի մեջ դիդակտիկ խաղերի դերն առանձնապես մեծ է: Դիդակտիկ խաղերի նպատակն է սովորողին խաղալով սովորեցնել համեմատելու, համադրելու, դասակարգելու, ընդհանրացնելու, այսինքն` մտավոր գործողություններ կատարելու կարողություններ: Ընդ որում ուսուցողական խնդիրը սովորողից գաղտնի է մնում և իրեն թվում է, թե ինքն ուղղակի խաղում է, կատարում է որևէ դեր` անկախ ընդունակություններից:

Դասին նախապատրաստվելիս ուսուցիչը պետք է ճիշտ ընտրի խաղը, որոշի խաղի մեջ յուրաքանչյուր սովորողի դերը` հաշվի առնելով նրա անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունների շրջանակը, ներուժը և դրական կողմերը: Խաղի օգնությամբ ուսուցիչը կարող է հեշտությամբ ակտիվացնել անհամարձակ, անվստահ երեխային: Երեխաները լավ են կատարում հատկապես ակտիվ, շարժողական գործողություններ ենթադրող խաղերը, որոնց ընթացքում սովորողները շարժում են և միաժամանակ կատարում մտավոր խնդիրը: Շարժումն աշխուժացնում է դասը, որի արդյունքում նկատելիորեն բարձրանում է սովորողների տրամադրությունը և ստեղծվում է բարձր կարգապահություն, կամքի ուժ, իսկ ուսուցչին իր առջև դրված խնդիրների հաջողությամբ կատարելու բարենպաստ պայմաններ:

Եթե միևնույն խաղը բազմաթիվ անգամ օգտագործվի, երեխայի մոտ կնվազի հետաքրքրությունը դրանց նկատմամբ: Միևնույն խաղերի կիրառման ձևերը հարկավոր է դարձնել բազմազան` դրանց օգտագործման հնարավորությունների մեծացման նպատակով: Կարևոր է ոչ թե խաղերի քանակը, այլ դրանց նպատակային օգտագործումը: Խորհուրդ է տրվում աստիճանաբար բարդացնել դրանց բովանդակությունն ու կատարման եղանակը:

Պետք է նշել, որ գործող դասագրքերում մեծ տեղ է հատկացված զանազան խաղերի, խաղային առաջադրանքների և հետաքրքրաշարժ այլ խնդիրների ու հարցերի: Սրանք բոլորը խոսում են երեխայի հոգու հետ, հարազատ են նրա աշխարհընկալմանը, ոգևորիչ են, հուզում են նրան և ընկալումը դարձնում են հաճելի, ուսումը` զվարթ: Մեծ է նաև դասագրքերում զետեղված խաղերի դաստիարակչական նշանակությունը, քանի որ դրանք երեխայից պահանջում են հնարամտություն, ուշադրություն, համառություն, տևական մտավոր լարում: Նրանք զարգացնում են երեխայի երևակայությունը, արագորեն լուծումներ գտնելու կարողությունը: Խաղերը դասավորված են պարզից դեպի բարդը սկզբունքով, որպեսզի երեխաներն աստիճանաբար մտնեն այդ զարմանահրաշ աշխարհը, յուրացնեն խաղերի լուծման հնարները և իրանք սկսեն ինքնուրույն, առանց ուսուցչի օգնության վճռել ու նույնիսկ հորինել նման առաջադրանքներ: Դասագրքերի յուրաքանչյուր էջի դասանյութը հնարավորություն է տալիս ուսուցչին գիտելիքը խաղի միջոցով մատուցել:

Որպեսզի գրաճանաչության ուսուցման ընթացքում խաղն իսկապես դառնա ուսուցման մեթոդ, այն պետք է անցկացնել հաճախակի և նպատակամետ: Չպետք է մոռանալ այն մասին, որ ուսումնական գործունեության կարևոր չափանիշ է ուսումնա- ճանաչողական դրդապատճառը: Որպեսզի խաղը դառնա ուսուցման և ուսումնառության մեթոդ, անհրաժեշտ է պահպանել մի շարք պայմաններ.

  1. Ուսումնական խնդիրը, առաջադրանքը չպետք է համընկնի խաղային խնդրի հետ։

  2. Ուսումնական խնդիրը, առաջադրանքը չպետք է «ճնշի» խաղային խնդիրը, կարևոր է պահպանել խաղային իրավիճակը։

  3. Մեկ առանձին խաղը չի ապահովում ուսուցման արդյունք, հարկ է, որ լինի ուսում­նական առաջադրանքի աստիճանական բարդացմամբ կառուցված խաղերի համակարգ։




Ուսումնական խաղեր և խաղ-վարժությունների օրինակներ

Անվանիր բառը անհրաժեշտ հնչյունով. Այս խաղը նպատակահարմար է անցկացնել դասի վերջում, երբ արդեն անցկացվել է բառի հնչյունային վերլուծություն։ Խաղի համար կարելի է ընտրել դասի ժամանակ վերլուծված բառերի կազմից ցանկացած հնչյուն։ Օրինակ, ուսուցիչը խաղանիշը դնում է «լուսին» բառի հնչյունային կազմի առաջին վանդակի վրա և հարցնում է երեխաներին՝ ի՞նչ հնչյունով նրանք պետք է անվանեն բառը։ Սկզբում ուսուցիչը բերում է բառերի օրինակներ, որոնցում այդ հնչյունը գտնվում է տարբեր դիրքերում, ամեն անգամ առոգանությամբ այն առանձնացնելով.լլլույս, ուլլլիկ, գայլլլ և այլն։ Այնուհետև բառեր ասում են երեխաները։ Քանի որ այս խաղում երեխաների ակտիվությունը շատ մեծ է, խորհուրդ է տրվում ուսուցչին աստիճանաբար շարժվել նստարանից նստարան՝ լսելով յուրաքանչյուր երեխայի պատասխանը։ Վեց տարեկան առաջին դասարանցին միանգամից կդժվարանա առոգանությամբ առանձնացնել անհրաժեշտ հնչյունը։ Պետք չէ նրան նկատողություն անել։ Հարկ է հիշել, որ դա խաղ է։ Հետևաբար, եթե երեխան պարզապես ասում է լամպ, հարկավոր է կրկնել նրա հետևից. «Ճիշտ է՝ լլամպ, կա լլ հնչյունը»։

«Անվանիր բառն անհրաժեշտ հնչյունով» խաղը կարելի է անցկացնել յուրաքանչյուր դասին։ Երեխաներն ասում են բառեր` ցանկացած հնչյունով։ Այս խաղի կազմակերպումը նպաստում է նաև երեխաների բառապաշարի ընդլայնմանն ու ակտիվացմանը։ Սկզբում երեխաներն անվանում են միայն առարկաները։ Աստիճանաբար, երբ բառի մեջ հնչյունի առոգանությամբ առանձնացման խնդիրը կարողանում են ինքնուրույն կատարել երեխաների գերակշիռ մասը, կարելի է ներմուծել նաև խաղի լրացուցիչ պայմաններ՝ կարելի է անվանել միայն, օրինակ, «լ» հնչյունով այն բառերը, որոնք համեղ առարկաներ են նշանակում, կամ այն բառերը, որոնք ներկայացնում են բնակարանի իրերը։ Աստիճանաբար կարելի է խաղի մեջ ընդգրկել նաև խոսքի այլ մասեր։ Հարկ է հիշել, որ ամեն անգամ ուսուցիչը պետք է հատուկ պատրաստվի այս խաղին, քանի որ նրա բառապաշարը պետք է նշանակալիորեն հարուստ լինի, քան երեխաներինը։

Իրականում այս և նմանատիպ այլ խաղեր լուրջ ուսումնական առաջադրանքներ են։ Դրան խաղի է վերածում առաջին հերթին անցկացման ոճը՝ հուզականությունը, տեմպը և երկրորդ՝ մրցակցության տարրը. ով ավելի շատ բառ կանվանի։ Այդ իսկ պատճառով էլ յուրաքանչյուր ճիշտ արտաբերված բառի համար երեխան որպես պարգև ինչ-որ մի փոքրիկ առարկա կամ առարկայի դետալ է ստանում։ Շատ կարևոր է չմոռանալ վեց տարեկան երեխաների առանձնահատ­կություն­ների մասին։ Եթե «պարգևների» հավաքածուն բազմազան լինի, հնարավոր է խաթարվի խաղի ընթացքը՝ երեխաները կսկսեն նայել միմյանց պարգևները, փոխանակել։ Պարգևները պետք է խորհրդանշական լինեն, որպեսզի խաղի վերջում հնարավոր լինի հաշվել դրանք։


Ի՞նչ է քո անունը. Այս խաղային վարժությունը կիրառվում է ձայնավոր ու բաղաձայն հնչյունների վերաբերյալ գիտելիքների ամրապնդման նպատակով։ Ուսուցիչն առաջարկում է իրեն մոտենան բոլոր այն երեխաները, որոնց անունները սկսվում են ձայնավոր հնչյուններով։ Յուրաքանչյուր երեխայի անունը բարձրաձայն հնչեցվում է, և դասարանը որոշում է, թե ինչ հնչյունով է այն սկսվում՝ ձայնավոր, թե՞ բաղաձայն։

Հարկ է նկատի ունենալ, որ ուսուցչին մոտեցած երեխաների մեջ կգտնվեն այնպիսիները, որոնց անունները սկսվում են բաղաձայն հնչյուններով, և կամ իրենց տեղում նստած մնացած կլինի ինչ-որ մեկը, որի անունը սկսվում է ձայնավոր հնչյունով։ Հնարավոր է, որ երեխաները սխալվեն, նման դեպքերում հարկ է օգտագործել իրավիճակից դուրս գալու զանազան հնարներ։

Հաջորդ դասին ուսուցիչն արդեն իր մոտ է հրավիրում այն երեխաներին, որոնց անունները սկսվում են բաղաձայն հնչյուններով։ Երեխաները հաճույքով լսում են իրենց անունները, համեմատում դրանք։


Խոսքային դիդակտիկական խաղեր


«Այո-ոչ»

Դիդակտիկական խնդիրը. Սովորեցնել երեխաներին մտածել, հարցերը տրամաբանորեն ձևակերպել, կատարել ճիշտ եզրահանգումներ։

Խաղային կանոնները. Խաղն անցկացնողի հարցերին կարելի է պատասխանել միայն՝ այո կամ ոչ։

Խաղային գործողությունները. Առարկայի կռահումը հարցերի միջոցով, որոնք տրվում են տրամաբանական հաջորդականությամբ։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Մասնակիցներից մեկը դուրս է գալիս սենյակից, մյուսները ինչ-որ մի իր են թաքցնում։ Ներս գալով՝ մասնակիցը որոշակի հարցերի օգնությամբ պետք է կռահի, թե ինչ առարկա է պահված։ Երեխաները հարցերին պետք է պատասխանեն միայն «այո», «ոչ» բառերով։

Իր վրա վերցնելով առաջին մասնակցի դերը՝ուսուցիչը երեխաներին սովորեցնում է հարցերը տրամաբանորեն ձևակերպել։

Կարելի է նաև խաղը բարդացնել, օրինակ, կռահել առարկան, որը գտնվում է սենյակի սահմաններից դուրս։


«Նման է -նման չէ»

Դիդակտիկական խնդիրը. Սովորեցնել երեխաներին համեմատել առարկա­ները՝ գտնելով տարբերություններն ու նմանությունները, ճանաչել առարկաներն ըստ նկարագրության։

Խաղային կանոնները. Վերցնել երկու առարկա ըստ պատկերացման համեմատելու համար, նշել և՛ նմանությունները, և՛ տարբերությունները։

Խաղային գործողությունները. Կռահում, փոքրիկ քարի (գնդակի կամ որևէ այլ իրի) փոխանցում այն խաղացողին, ով պետք է անվանի երկու առարկա՝ կռահելով դրանք ընկերոջ նկարագրությամբ։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Աշակերտները նստում են շրջանաձև։ Ուսուցիչն առաջարկում է յուրաքանչյուր երեխայի մտապահել երկու առարկա, հիշել նրանց նմանություններն ու տարբերությունները, դրանք բարձրաձայն ասել։ Առարկան կռահում է այն երեխան, որին ուսուցիչը փոխանցում է քարը։


«Պատասխանիր արագ»

Դիդակտիկական խնդիրը. Ամրապնդել երեխաների՝ առարկաներն ըստ գույնի, ձևի, որակի դասակարգելու կարողությունը, սովորեցնել արագ մտածել ու պատասխանել։

Խաղային կանոնները. Ընտրել միայն այն բառերը, որոնք կարելի է անվանել մեկ, ընդհանրական բառով, գնդակը կարելի է ետ նետել միայն անհրաժեշտ բառն ասելու դեպքում։

Խաղային գործողությունները. Գնդակի նետում և բռնում։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Ուսուցիչը ձեռքում բռնելով գնդակը՝ երեխաների հետ շրջան է կազմում, ասում է որևէ գույն ու գնդակը նետում մասնակիցներից մեկին։ Գնդակը բռնող երեխան անվանում է այդ գույնի որևէ առարկա, որից հետո ինքն է ասում որևէ գույն ու նետում գնդակը մեկ այլ մասնակցի։ Միևնույն գույնը կարելի է կրկնել մի քանի անգամ, քանի որ նույն գույնի բազմաթիվ առարկաներ կան։

Կարելի է որպես դասակարգման ցուցանիշ դիտարկել ոչ միայն գույնը, այլև որակը, ձևը...

Խաղը կրկնելիս կարելի է այն բարդացնել՝ առաջարկելով անվանել ոչ թե մեկ, այլ երկու առարկա։


«Ով ավելի շատ կանվանի գործողություններ»

Դիդակտիկական խնդիրը. Սովորեցնել երեխաներին մարդկանց գործողությունները հարաբերել նրանց մասնագիտության հետ, հարստացնել բառապաշարը, ձևավորել արագ մտածելու կարողություն։

Խաղային կանոնները. Անվանել տվյալ մասնագիտության միայն մեկ մարդու գործողություն։ Եթե երեխան չի կարողանում հիշել, նա հարվածում է գնդակը հատակին, բռնում այն, որից հետո ետ է նետում խաղավարին։

Խաղային գործողությունները. Գնդակի նետում և բռնում։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Ուսուցիչը նախապես զրուցում է երեխաների հետ՝ ճշտելով երեխաների պատկերացումները` մասնագիտություն, գործողություն բառերի առնչությամբ։ Հետո ուսուցիչն ասում է որևէ մասնագիտություն և նետում գնդակը մասնակիցներից մեկին։


«Ասա այլ կերպ»

Դիդակտիկական խնդիրը. Սովորեցնել երեխաներին ընտրել բառի իմաստին մոտ՝ հոմանիշ բառ։

Խաղային կանոնները. Անվանել միայն մեկ հոմանիշ բառ։ Եթե երեխան չի կարողանում հիշել, նա հարվածում է գնդակը հատակին, բռնում այն, որից հետո գնդակը ետ է նետում խաղավարին։

Խաղային գործողությունները. Գնդակի նետում և բռնում։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Խաղին նախապատրաստվելիս ուսուցիչը նախապես ընտրում և իր մոտ գրանցում է մի շարք հոմանիշներ ունեցող բառեր։ Խաղի ժամանակ ուսուցիչն ասում է որևէ բառ և նետում գնդակը մասնակիցներից մեկին։ Վերջինս ասում է այդ բառի հոմանիշը ու գնդակը ետ նետում ուսուցչին։


«Չսխալվես»

Դիդակտիկական խնդիրը. Զարգացնել արագ մտածելու կարողություն, ամրապնդել երեխաների գիտելիքներն այն մասին, թե ինչ են անում նրանք օրվա տարբեր ժամերին։

Խաղային կանոնները. Ձեռքն առնելով խորանարդիկը՝ հարկավոր է անվանել որևէ մեկ զբաղմունք, գործողություն, որն անում են օրվա որոշակի ժամին, որից հետո ասելով օրվա որևէ պահ՝ խորանարդիկը փոխանցում են մյուս խաղացողին։

Խաղային գործողությունները. Խորանադիկի փոխանցում։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Ուսուցիչը նախնական զրույց է անցկացնում երեխաների հետ՝ ամրապնդելով նրանց գիտելիքներն օրվա տարբեր պահերի վերաբերյալ, որից հետո առաջարկում է խաղը։ Ուսուցիչը մեկ բառով ասում է օրվա որևէ պահ, փոխանցում խորանարդիկը երեխաներից մեկին, վերջինս ասում է այդ պահին բնորոշ մեկ գործողություն և փոխանցում խորանարդիկը հաջորդին։ Ուսուցիչն ասում է օրվա տարբեր պահեր, երեխաները՝ գործողություններ։

Այս խաղը կարելի է նաև այլ կերպ անցկացնել։ Ուսուցիչն ասում է որևէ գործողություն, երեխաները կռահում են օրվա պահը։


«Մեքենայի թափք»

Դիդակտիկական խնդիրը. Զարգացնել լսողական ուշադրությունը, ակտիվացնել բառապաշարը, զարգացնել խելամտությունը, դյուրըմբռնությունը։

Խաղային կանոնները. «Թափքի» մեջ կարելի է տեղավորել միայն այն բառերը, որոնք ավարտվում են, օրինակ, «իկ» մասնիկով։ Բառն ասողը «թափքը» փոխանցում է մյուսին։

Խաղային գործողությունները. Շարժումների նմանակում՝ կարծես «թափքի» մեջ առարկա է դրվում, ով սխալվում է անվանելով ոչ ճիշտ վերջավորություն ունեցող բառ՝ վճարում է գրավաիր, որը հետո ետ է բերվում։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Մասնակիցները նստում են սեղանի շուրջը։ Ուսուցիչը սեղանին է դնում «թափքը»՝ արկղկ, որից հետո երեխաներին զգուշացնում է, որ այնտեղ կարող են տեղավորվել միայն «իկ» վերջավորություն ունեցող բառերը։ Ընդ որում հարկ չկա այնտեղ բառեր տեղավորել, բավական է ասել միայն բառն ու կատարել համապատասխան շարժումը։ Յուրաքանչյուրը «թափքում» տեղավորում է ինչ ուզում է՝ համապատասխան կանոնի, և փոխանցում է ընկերոջը։


«Միայն այդ բառով»

Դիդակտիկական խնդիրը. Ամրապնդել երեխաների գիտելիքները տառի և հնչյունի վերաբերյալ, զարգացնել լսողական ուշադրությունը և արագ արձագանքումը խոսքին։

Խաղային կանոնները. Անվանել բառեր միայն այն տառով, որն ընտրել է երեխան։ Ով սխալվում է և ասում ոչ այդ պահված տառով բառ, վճարում է գրավաիր, որը հետո ետ է բերվում։

Խաղային գործողությունները. Ճիշտ պատասխանի դեպքում ծափ տալ, սխալ պատասխանի դեպքում բարձրացնել գրավաիրը։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Յուրաքանչյուր երեխա մեկ տառ է ընտրում և խաղավարի հարցին փնտրում ու պատասխանում է այդ տառով սկսվող բառով։ Ուսուցիչը հերթով հարցնում է երեխաներին։ Պատահում է այնպես, որ երեխան սխալվում է, օրինակ «ինչ է քո անունը» կամ «որտեղից ես դու եկել» և այլն, բոլոր խաղացողները բարձրացնում են գրավաիրերը։ Եթե միևնույն մասնակիցը երկրորդ անգամ է սխալվում, նրան խնդրում են ինչ-որ բան անել։


«Ով շատ կնկատի»

Դիդակտիկական խնդիրը. Սովորեցնել երեխաներին նկատել խոսքում, պատմվածքում առկա հորինվածները, անտրամաբանական իրավիճակները, բացատրել դրանք, զարգացնել իրականը մտածածինից տարբերելու ունակություն։

Խաղային կանոնները. Ով խոսքում, պատմվածքում կնկատի հորինվածք, պետք է իր առջև դնի խաղանիշ, իսկ խաղի վերջում անվանի մտացածին, հորինված պահերը։

Խաղային գործողությունները. Խաղանիշերի օգտագործում. ով շատ նկատի ու բացատրի հորինվածները, նա էլ հաղթում է։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Երեխաները նստում են այնպես, որ սեղանին, իրենց առջև հնարավոր լինի դնել խաղանիշերը։ Ուսուցիչը կարդում է որևէ պատմվածք, բանաստեղծություն, որտեղ կան շատ հորինված ու մտացածին պահեր, իսկ երեխաները փորձում են դրանք նկատել ու բացատրել։ Ուսուցիչը կարդում է դանդաղ, արտահայտիչ, հատկապես շեշտադրելով հորինված պահերը։


Առարկաներով դիդակտիկական խաղեր


«Առաջին դասարանցին»

Դիդակտիկական խնդիրը. Ամրապնդել երեխաների գիտելիքները դպրոցական ուսուցման վերաբերյալ, ձևավորել դպրոցի նկատմամբ դրական վերաբերմունք, կարգապահություն։

Խաղային կանոնները. Առարկաները կանոնավոր հավաքել ըստ ազդանշանի։

Խաղային գործողությունները. Մրցակցություն՝ ով շուտ պայուակի մեջ կհավաքի դպրոցի համար բոլոր անհրաժեշտ իրերը։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Ուսուցչի սեղանին դրվում է 2 պայուսակ, իսկ մյուս սեղաններին դպրոցական պարագաներ և զանազան այլ իրեր։ Հերթով երկու երեխա մոտենում են սեղանին և ուսուցչի ազդանշանով սկսում են ընտրել և պայուսակների մեջ կանոնավոր տեղավորել դպրոցական պարագաները։ Ով առաջինն է ավարտում՝ նա հաղթում է։ Մյուս երեխաներն այդ ընթացքում հանդես են գալիս դիտորդի դերում։


«Ինչն է փոխվել»

Դիդակտիկական խնդիրը. Զարգացնել երեխաների դիտունակությունը, առարկայում աննշան ու փոքրիկ փոփոխությունները նկատելու ունակությունը։

Խաղային կանոնները.Փոփոխությունները կռահում է այն մասնակիցը, ում խաղավարը նետում է գնդակը։ Եթե ճիշտ է կռահում փոփոխությունը, երեխան ինքն է դառնում խաղավար։

Խաղային գործողությունները. Խաղավարը ձեռքով շիրմայի տակից զանազան փոփոխու­թյուններ է կատարում առարկայում, գնդակը նետում է նրան, ով պետք է կռահի։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Հաշվի միջոցով ընտրում են առաջին խա­-ղավարին։ Խաղավարն առաջարկում է երեխաներին ուշադիր նայել սեղանին դրված առարկա­-ներին և մտապահել, այնուհետև սեղանը փակում է շիրմայով կամ առաջարկում է երեխաներին փակել աչքերն ու ինչ-որ բան փոխում է. առարկաների դասավորությունը, դիրքը, հագուստի մաս... Որից հետո վերցնում է շիրման կամ հրահանգում է երեխաներին բացել աչքերն ու հնարա­վորություն է տալիս երեխաներին լուռ ուշադրությամբ նայել առարկաները։ Գնդակը նետում է մասնակիցներից որևէ մեկին, վերջինս բռնելով գնդակը պատասխանում է և , եթե պատասխանը ճիշտ է, դառնում է խաղավար։

Հարկ է կատարել մեկ փոփոխություն՝ ապահովելով դինամիկ խաղ և բոլորի ակտիվ մասնակցությունը։


«Ինչի համար են անհրաժեշտ առարկաները»

Դիդակտիկական խնդիրը. Զարգացնել երեխաների ինքնուրույն և ակտիվ մտածողությունը, ամրապնդել երեխաների գիտելիքները խնամքի առարկաների, սարքավորումների, աշխատան­քային գործիքների վերաբերյալ, դաստիարակել խնամքով վերաբերմունք նրանց նկատմամբ։

Խաղային կանոնները. Երեխաների պատմություններն այն մասին, թե ինչպես կարելի է միևնույն առարկան օգտագորձել տարբեր իրավիճակներում։ Հաղթում է նա, ով միևնույն առարկայի կիրառության առավել շատ տարբերակներ է հիշում։ Նա ստանում է խաղանիշ։

Խաղային գործողությունները. Առարկաների փնտրում, մրցակցություն։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Սենյակի տարբեր անկյուններում դրվում են զանազան առարկաներ, աշխատանքային գործիքներ, խաղալիքներ, այնպես, որ երեխաների հա­մար տեսանելի լինեն։ Խաղացողներից յուրաքանչյուրը՝ վերցնելով առարկան, նստում է իր տեղը։ Ուսուցչի կանչով երեխան ասում է առարկան, պատմում է ինչպես կարելի է այն օգտագործել, ասում է էլ ինչ կարելի է անել նրա օգնությամբ։ Մյուս երեխաները լսում են ու լրացնում են անհրաժեշտության դեպքում։ Բնականաբար առարկայի կիրառման հնարավորությունների ոչ բոլոր տարբերակները կարող են միանգամից հիշել երեխաները։ Սակայն այս խաղը ստիպում է վերհիշել, անցյալի սեփական փորձից դուրս բերել անհրաժեշտ գիտելիքները, ակտիվ մտածել։



Սեղանային դիդակտիկական խաղեր


«Ով ավելի արագ»

Դիդակտիկական խնդիրը. Ճշտել ու ընդլայնել երեխաների գիտելիքները սպորտաձևերի մասին, ձևավորել սպորտով զբաղվելու ցանկություն, զարգացնել ազդանշանի նկատմամբ արագ ռեակցիան, խելամտություն, ընդարձակել երեխաների բառապաշարը։

Խաղային կանոնները. Տարբեր սպորտաձևեր պատկերող նկարների ու առարկաների որոնում։ Սկսել միայն խաղավարի ազդանշանով։ Հաղթող խմբին տրվում է մոտակայքում գտնվող որևէ սպորտային կազմակերպության դրոշակ։ Այդ դրոշակով խումբը հանդիսավոր շրջան է կատարում։

Խաղային գործողությունները. Առարկաների փնտրում ըստ ազդանշանի։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Սենյակի տարբեր անկյուններում դրված են զանազան առարկաներ, որոնք կիրառվում են սպորտում, և սպորտային նկարներ։ Երեխաներից ընտրվում են երկու խմբի ղեկավարներ և մեկ դատավոր։ Ուսուցիչն իր մոտ է հրավիրում խմբերի ղեկավարներին և ցածրաձայն ասում նրանց խմբերի անունները՝ «ամառ», «ձմեռ»։ Խաղացողներից յուրաքանչյուրը մոտենում է ղեկավարներին ու ընտրում, թե որ խումբն է գնում՝ «ամառ», թե՝ «ձմեռ»։ Այս սկզբունքով կատարվում է խմբերի հավասար բաժանում։ Խմբերի անդամները խաղավարի սուլիչի ազդանշանով սկսում են հավաքել սպորտին առնչվող առարկաներ, նկարներ և հավաքել իրենց սեղանների վրա։ Հաղթող է համարվում այն խումբը, որը թվով ավելի շատ առարկաներ ու նկարներ է հավաքում։


«Խելացի մեքենաներ»

Դիդակտիկական խնդիրը.Ամրապնդել երեխաների գիտելիքները մարդկանց օգնող զանազան մեքենաների, մեքենա-սարքավորումների մասին, ձևավորել ըստ մեկ ցուցանիշի նշանակության` առարկաները խմբավորելու կարողություն, հարստացնել երեխաների բառապաշարը։

Խաղային կանոնները. Ընթացքի հաջորդականությունը որոշվում է խորանարդիկի նետումով, քայլերի թիվը հաշվարկվում է խաղանիշերով։ Հաղթում է նա, ով առաջինն է խաղանիշերով փակում իր խաղադաշտի վանդակները։

Խաղային գործողությունները. Վանդակների ծածկում խաղանիշերով։

Խաղի ընթացքի համառոտ նկարագրություն. Խաղից առաջ ուսուցիչն ու աշակերտները դիտում են նկարներ, որտեղ պատկերված են «խելացի մեքենաներ», որոնք հեշտացնում ու թեթևացնում են մարդու աշխատանքը։ Որից հետո ուսուցիչը բացատրում է խաղի կանոնները. խաղադաշտով կարելի է տեղաշարժվել միայն խաղանիշի միջոցով, ամեն անգամ հաշվել այնքան շրջան, որքան նշված կլինի խորանարդիկի վրա։ Հաղթում է այն մասնակիցը, ով անսխալ ընտրում է անհրաժեշտ մեքենանաներով քարտերը և առաջինն է ծածկում շրջանները։

Խաղը կրկնելու դեպքում երեխաները կարող են փոխել իրենց տեղերը։ Այդ դեպքում նրանք կունենան այլ խաղադաշտ, հետևաբար ստիպված կլինեն փնտրել այլ մեքենաներ։

Այսպիսով, մանկավարժության մեջ մեծ կարևորություն է տրվում ուսուցման համակարգում խաղի դերին և ուսուցումը խաղի օգնությամբ կազմակերպելուն:



-75%
Курсы повышения квалификации

Проектная деятельность учащихся

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Применение дидактических и ролевых игр в начальной школе (69.1 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт