Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Уроки  /  3 класс  /  Մարտիրոս սարյան

Մարտիրոս սարյան

Մարտիրոս Սարյանի կյանքն ու գործունեությունը
28.07.2020

Содержимое разработки

 Աշխարհում ամենից ավելի արևն եմ սիրում: Արևը սիրել՝ նշանակում է սիրել աշխարհը, սիրել հողը և այն ամենը, ինչ կա այդ հողի վրա:
 
Մենք կապված ենք արևի հետ, այն դարերով տանում է մեզ իր հետևից: Դեպի ու՞ր: Հայտնի չէ: Գալիս են նոր սերունդներ, իսկ արևը միշտ

 մնում է մարդու մեջ, ամեն մեկիս մեջ: Որեմն հավատարիմ մնանք այս մեծ օրենքին: Սիրենք կյանքը, լուսավորը, սերը և արդարացնենք

 բնության վստահությունը:                              

                                                                                          Մ. Սարյան

Մարտիրոս Սարյան

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 29 – ին Ռուսաստանում,   Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր  Նախիջևան քաղաքում (այժմ`  Դոնի  Ռոստովի շրջան): Սարյանի նախնիները այստեղ էին  վերաբնակվել  միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Գաղթի հետևանքով  անեցի հայերի մի մասը բնակություն էր հաստատել Ղրիմում: 18 – րդ դարի վերջին  Եկատերինա Երկրորդ իշխանուհու հրամանով նրանք վերաբնակվել էին Ռուսաստանի մերձազովյան տափաստաններում:

Ապագա  նկարչի ծնողները փոքր հողատարածություն ունեին Սամբեկ գետակի ափին, զբաղվում էին հողագործությամբ: Սարիևները (այդպես էին նրանք գրվում մինչև 1896 թվականը) սովորաբար այստեղ էին անցկացնում ամառը՝ իրենց հոր՝ Սարգիս Սարիևի ձեռքով կառուցված փոքրիկ տնակում: Ընտանիքում 9 երեխա կար: Թեև դժվար էին ապրում, սակայն Սարյանը հաճախ  էր երանությամբ հիշում տափաստանում անցկացրած մանկության տարիները:  Հենց այդ տարիներին  բազմադեմ և բազմագույն բնությունը նրա հոգում արթնացրեց  անսպառ հիացում: «Աչքերիս առջև ամեն ինչ կանգնեց արևի լույսով ողողված. Գեղաշար ցորենը, խառնվելով խոտերի հետ, ծածկված ծաղիկներով, որոնց վրա թռչում էին մեղուներն ու թիթեռներըԱյս ամենը ձգում էր ինձ: Ես, հմայված, մտա ցորենի դաշտը և ընկղմվեցի մի աշխարհ, որը տեսիլքի էր նման: Երկար քայլեցի, հետո հոգնած քնեցի ցորենի արտում, կարծես մորս կրծքին»  (չհրատակված հուշագրությունից):

Աշխարհի մանկական ըմբռնումը մշտապես որոշարկեց արևի լույսի  և  բնական անխառն գույնի  դերը նկարչի տեսողական  ընկալումներում: Այն դարձավ նաև հիմնականը տիեզերային կյանքի իր անմիջական մասնակցության գիտակցման համար: Նա զգաց և ըմբռնեց, որ բնությունը մշտապես ապրում է  ձևավորման և ինքնարտահայտման ընթացք:
1895 թվականին Սարյանը ավարտեց Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական  հանրակրթական ուսումնարանը: Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Մարտիրոսը աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա  ամսագրերից պատկերներ էր վերանկարում և  գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում: Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը,  քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը,  նրան ծանոթացնում  է իր բարեկամ  նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու  բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների:

1897 - 1903



ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐ

1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է  Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող:

Երիտասարդ նկարիչն ագահորեն յուրացնում էր Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքի ողջ հարստությունը. գրադարաններ, թատրոններ, համերգներ և ցուցահանդեսներ: Այս ամենը հետաքրքրում, կրթում և նպաստում  էր սկսնակ նկարչի ճաշակի ու նախասիրությունների  ձևավորմանը:

Մոսկվայի ուսումնարանը այն ժամանակ Ռուսաստանի ամենաառաջադեմ ուսումնական հաստատությունն էր: Սարյանի ուսումնառության շրջանում այստեղ տեղի էին ունենում լուրջ հեղաշրջումներ՝ կապված մանկավարժական համակարգի և ուսուցման մեթոդի հետ: Դասավանդելու համար հրավիրվել էին Մոսկվայի լավագույն, գեղագիտական առաջատար հայացքների տեր  նկարիչներ:

 Հիմնական դասընթացը բաղկացած էր չորս դասարանից: Առաջինում սովորեցնում էին ճիշտ փոխանցել տրված ձևերը` արտանկարելով դասական քանդակների և դիմակների պատճենները: Երկրորդում, ուր դասավանդում էին Ա. Կորինը և Կ. Գորսկին, Սարյանը յուրացրեց յուղաներկի տեխնիկան, ինչպես նաև սովորեց աշխատել տեմպերայով, ջրաներկով ու պաստելով: Երրորդ դասարանում  Ն. Կասատկինի  և Ս. Միլորադովիչի ղեկավարությամբ տարվում էր գծանկարի խորացված ուսուցումը: Եվ  վերջապես վերջին` չորրորդ դասարանը, նվիրված էր բնանկարի, ժանրայինի, դիմանկարի  և կենդանիների պատկերմանը: Այստեղ դասավանդում էին Վ. Բակշեևը, Ա. Արխիպովը և Լ. Պաստեռնակը:

Այսպիսով, առանձին դասարաններն ու դասընթացները վերածվում էին անհատական արվեստանոցների: Սարյանի մասնագիտական ունակությունների զարգացման համար  կարևոր դեր խաղաց  հիմնական ծրագրի ավարտից հետո  (1902),  նշանավոր գեղանկարիչներ Կ.Կորովինի և Վ. Սերովի,  ուսումնարանին կից բացված  արվեստանոցներում ուսանելու հնարավորությունը (1903):

Մինչդեռ Սարյանի  ստեղծագործական սկզբնական շրջանի (1897-1903) դիմանկարներն ու բնանկարները դեռևս չեն հայտնաբերում նկարչի անհատականությունը: Դրանք կատարված են ավանդական, ռեալիստական գեղանկարչությանը հատուկ լույսից ստվեր անցնող խառը տոների մոխրադարչնագույն գամմայով: Բայց քանի որ ակադեմիական դպրոցի սպառված կանոններին Մոսկվայի ուսումնարանը հակադրում էր ստեղծագործության անկախությունն ու ազատությունը, քաջալերում  երիտասարդ նկարիչների նոր որոնումներն ու համարձակ փորձերը,  Սարյանի ինքնուրույն ձեռագիրը  դրսևորվեց բավական վաղ:

Այս առումով,  ավելի ուշ Սարյանն ասել է. «Դպրոցըանհրաժեշտ է, և ես շատ ուրախ եմ, որ անցա այն,  շատ բան սովորեցի: Սակայն, միևնույն ժամանակ, դպրոցը տալիս է նաև մի այնպիսի բան,  որից դուրս գալով ինքնուրույն ստեղծագործական աշխատանքի ճանապարհ, պետք  է ազատվել: Ես նկարում էին այնպես ինչպես Պետրով-Վոդկինը, Կուզնեցովը, Ուտկինը, Տրուժանսկին և ուրիշները: Բոլորս նկարում էինք նույն ոգով: Դպրոցն ավարտելուց հետո ես սկսեցի մտածել, ինչպես ազատագրվել դրանից: Սկսեցի Ճամփորդել, դիտել կյանքը»:

1904 - 1909



ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԱՂ ՇՐՋԱՆ

1901–1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: «Հարավի գունագեղ անկյուններում, մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության հեքիաթային աշխարհը», - պատմում էր նկարիչը Մարտիրոս Սարյան» էջ 58) : Հարավային արևից ստեղծվող օպտիկական գունային տպավորությունների ներգործությամբ փոխվում են Սարյանի առաջին ինքնուրույն ստեղծագործությունների ներկապնակն ու պատկերային համակարգը: «Կյանքիս ամենադժվար շրջանը՝ նախնական որոնումների շրջանն էր, - հիշում է նկարիչը, -տրորված ճանապարհներն ինձ չէին բավարարումԵս որոշեցի հետևել իմ սեփական ձգտումներին… 1904 թվականից սկսած իմ գործերը ունեին ֆանտաստիկ բնույթ: Ինչ որ նկարում էի, ռեալության և երևակայության միահյուսումն էր, ռեալ, որքան որ այն կատարում էի տեսածի տպավորությամբ, ֆանտաստիկ՝ որքանով, որ այն սինթեզում էի երևակայական տեսիլքի մեջ Գրառումներ իմ կյանքից», էջ 76):

Այս մոտեցմամբ 1904 – 1907 թվականներին (որոշ աշխատանքներ 1903-ին) Սարյանը ստեղծում է «Հեքիաթներ և երազներ» ջրաներկերի շարքը:  Բազմադեմ, իր բնույթով դեռևս պայմանական, բնության միջավայրում պատկերելով իրենց ձևով պարզ մարդկային ֆիգուրներ և կենդանիների պատկերներ, Սարյանը հասնում է ոչ սովորական պլաստիկայի և մեղեդայնության:  Իր չափերով ոչ մեծ այդ հորինվածքների ծայրահեղորեն պարզեցված տարրերը ակտիվացնում են դիտողի երևակայությունը, մղում նրան հուզական ապրումների աշխարհ, նվիրելով ներդաշնակության զարմանալի զգացում: («Հեքիաթներ և անուրջներ» շարքի գիտական վերլուծությունը ներկայացրել է Ա.Աղասյանը «Սիմվոլիզմը և Մարտիրոս Սարյանի արվեստը» գրքում):



Այս շարքի որոշ նկարներ Սարյանը ներկայացրեց սկզբում 1904  թվականին «Ալ վարդ»  ցուցահանդեսում՝ Սարատովում, այնուհետև  1907-ին աղմկալի «Երկնագույն վարդ» ցուցահանդեսում՝ Մոսկվայում: Երկու ցուցահանդեսներն էլ կոչված էին միավորել երիտասարդ սիմվոլիստ նկարիչներին, որոնք հետևելով Մ. Վրուբելին և Վ. Բորիսով-Մուսատովին, զարգացնում էին սիմվոլիստական ուղղության երկրորդ փուլը ռուսական արվեստում:



1908 թվականից Սարյանի ստեղծագործություններում ջրաներկը լիովին փոխարինվում է տեմպերայով: «Ջրհորի մոտ: Շոգ օր»«Ծովի մոտ: Սֆինքս»«Բանաստեղծը» աշխատանքները բացահայտում են նկարչի ներկապնակի  գունային զարգացումը: Մաքուր, հնչեղ գույները  ստվարաթղթի վրա դրվում են առանձին երկար վրձնահարվածներով,  ստեղծելով արևի լույսով ողողված գունային գամմայի փայլատակող նրբերանգներ: Հարկ է նշել նաև տեմպերայի տեխնիկայում  Սարյանի ավելի վաղ համարձակ փորձերը: Դրանց շարքում առանձնանում է 1905 թվականին  ստեղծված «Արևի կախարդանք» նկարը: Պարզ, ոչ մտացածին սյուժեն այստեղ կառուցված է վառ գույներով նկարված ընդհանրական, ուրվապատկերային ձևերի ներդաշնակ համակցման ճանապարհով: Այս հորինվածքի հագեցված  գունային լուծումը նախորդում է Սարյանի ծանոթությանը ֆրանսիական ֆովիզմի  հիմնադիր՝ Հ.Մատիսի աշխատանքներին:

19–րդ դարի վերջի-20 րդ դարասկզբի ֆրանսիացի նկարիչների  աշխատանքների առաջին ցուցադրումները Ս. Շչուկինի և Ի. Մորոզովի հավաքածուներից,  Մոսկվայում տեղի են ունեցել միայն 1906 թվականին: Իր առաջին տպավորությունները եվրոպական  վարպետների  գեղանկարչական նոր սկզբունքների մասին Սարյանն արտահայտել է 1909 թվականին Նինա Թազեխուլախովային գրված նամակում: «Ապշեցուցիչ է Գոգենը  իր նոր կրոնով, որը եվրոպացու առջև բացեց վայրենիների  նվիրական հոգևոր աշխարհը: Աննման է Սեզանը, ամուր, համոզիչ՝  իր հագեցված ու փայլատակող գեղանկարչությամբ: Շատ հետաքրքիր է Վան Գոգը ` այդ անհանգիստ ու հիվանդագին որոնողը» Մարտիրոս Սարյան. Նամակներ», 1 հատոր, էջ 76): Միևնույն ժամանակ, Սարյանը խոստովանում էր, որ իր ծանոթությունը ֆրանսիացիների հետ ավելի խանդավառել է իրեն, հաստատել  իր ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը և գեղանկարչության նկատմամբ ունեցած իր սկզբունքները:

Ռուսաստանի շատ նկարիչներ այդ շրջանում կրում էին ֆրանսիական  դպրոցի ազդեցությունը: Սակայն Սարյանի աշխատանքները առանձնանում էին հագեցված գույների յուրատիպ լուծումներով և արտահայտչամիջոցների պարզությամբ: Հայ նկարչի ոճական սկզբունքների հիմքում ընկած է անխառն մաքուր գունային մեծ հարթությունների համադրումը, պարզ տեսանելի ձևերի  և  դրանց ռիթմիկ շարժման ընդհանրական բնութագիրը: Սարյանին մոտ էր հայ միջնադարյան մանրանկարչության ոճը, որին հատուկ է ժողովրդական մտածողության անմիջականությունը, իր բնորոշ  խորհրդապաշտական ձևերով, որոնք ստեղծվում են հակադիր մաքուր գույների և պարզ գծերի համադրությամբ: Հետագայում գեղարվեստական լեզվի  այս տեսակի արտահայտչականությունը զարգացավ Սարյանի ստեղծագործություններում և մեծապես  որոշարկեց նրա ոճի յուրահատկությունը:

1909 թվականին երևակայական անուրջներին փոխարինելու են գալիս բնության  և շրջապատող աշխարհի առավել իրական, անմիջական դիտումները: Այս շրջանի ձեռքբերումներից է սյուժետային թեմաների և գեղարվեստական կերպարների ընդհանուր պատկերային համակարգի փոփոխությունը: «Ինքնադիմանկար»«Վազող շունը»«Բորենիներ»նկարներում բյուրեղանում է վառ, հնչեղ ներկապնակը, գունային ներդաշնակումները գերում են լակոնիզմով և կերպարային բնութագրերի ճշգրտությամբ: Այդ շրջանում Սարյանը ակտիվորեն ցուցադրում է իր աշխատանքները  «Ոսկե գեղմ» հանդեսի ցուցահանդեսներում:

1910 - 1913



ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ

Արևելքի մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը հատկանշական  էր 20–րդ դարի եվրոպական և ռուսական գեղանկարչության համար: Հայ  նկարիչ Սարյանի համար Արևելքին դիմելը ինքնաճանաչման կարևոր շրջան էր:  Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդեց արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը: «Ես նպատակ ունեի հասկանալ Արևելքը, գտնել նրան բնորոշ հատկանիշները, գեղանկարչական որոնումներս առավել հիմնավորելու համար, - ասում էր նկարիչը: - Ես ուզում էի հաղորդել Արևելքի իրականությունը, գտնել այդ աշխարհի պատկերման  համոզիչ ուղիները»։

Արևելյան թեմաներով նկարների ստեղծման շրջանում լիովին դրսևորվում է նկարչի գունամտածողության յուրահատուկ կարողությունը: Արևելյան փողոցների ամենօրյա կյանքը Սարյանի համար դառնում է գեղանկարչական հայտնությունների հիմք: «Պոլսում ապրեցի համարյա երկու ամիս և այդ ընթացքում բավական աշխատեցի, - հիշում է Սարյանը: - Ամենամեծ հետաքրքրությունն ինձ համար ներկայացնում էր փողոցը՝ նրա կյանքի ռիթմը, վառ ամբոխը և շներըորոնք ապրում էին այստեղ ընտանեկան խմբերով:

 Այս շրջանում  Սարյանը  հիմնականում նկարում է տեմպերայով, սպիտակ հաստ ստվարաթղթի վրա, յուրաքանչյուր նկարում  ընդհանրացնելով իր  ամենավառ տպավորությունները: «Երբեմն, երբ ինձ չէր հաջողվում այդ, կրկին գնում էի նույն վայրը ինքնաստուգման համար, ստանում էի նոր տպավորություններ, նոր իմպուլս: ...Իմ այդ շրջանի գործերում դրված են արևի լույսի, կոնտրաստվող գույնի, շոգի հաղորդման, ամեն ինչ հնարավոր չափով պարզ և լակոնիկ դրսևորելու պրոբլեմները»: 

Ձգտելով վերարտադրել Արևելքի իրական կյանքը, Սարյանը մեծացնում է իր աշխատանքների չափերը` կառուցելով պատկերը մեկ հարթության վրա: Ծավալն ու խորությունն այստեղ ստեղծվում են կապույտ ստվերների շնորհիվ, որոնք մշտապես ուղեկցում են դեղնա–նարնջագույն փողոցներով ընթացող փարաջայով ծածկված կանացի ֆիգուրներին կամ շների խմբերին: Շիկացած արևի լույսի ներքո շները ձեռք են բերում  անհավատալի գունային երանգներ:

Կոստանդնուպոլսից վերադառնալուց հետո Սարյանն իր նոր աշխատանքները ներկայացնում է «Մոսկովյան նկարիչների ընկերության» ցուցահանդեսում: «Գլիցինիաներ»«Մրգեղենի խանութ», ավելի ուշ «Փողոց: կեսօր: Կոստանդնուպոլիս» նկարները ձեռք է բերում Տրետյակովյան պատկերասրահը: Սա առաջին դեպքն էր, երբ պատկերասրահը իր հավաքածուն համալրում էր երիտասարդ նորարարի նկարներով: Դա, անկասկած, բարձր գնահատական էր Սարյանի համար:

1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացրեց Սարյանի արվեստը նոր աշխատանքներով, որոնք դարձան  նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումները: Եգիպտոսում Սարյանին ամենից շատ զարմացրեց  հնագույն  և ժամանակակից  մշակույթների անքակտելի կապը: «Դուրս գալով Բուլակի թանգարանից, փողոցում կարելի էր տեսնել  այն մարդկանց, որոնք կարծես եղել են թանգարանի էքսպոզիցիայի քանդակների բնորդները: Նրանք... ունեին  ճիշտ և ճիշտ նույն տիպը, արտահայտությունը, ժեստը,քայլվածքի նույն ուղիղ ձևը, բարձր ուսերը՝ ինչ քանդակները... Հազարամյակներից գալիս էին նրանք՝ պատմության հրապարակից ջնջված, նախկինում հզոր պետականություն ունեցող ժողովրդի հատուկենտ  մնացած զավակները, իրենց նախնիների ստեղծած հուշարձանների հետ միասին: Գրառումներ իմ կյանքից», էջ 104):
Սարյանի աշխարհայացքին համահունչ էր եգիպտական արվեստում մարմնավորված հոգու հավերժության և անմահության գաղափարը: Նա խորապես հավատում էր, որ մարդը չի մահանում, քանի որ նա բնությունն է: Եգիպտոսից բերված դիմակները  նրա արվեստում դարձան ոգու հավերժական կեցության խորհրդանիշերը:
1911 թվականի աշնանը Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված  Սարյանի նոր աշխատանքները մեծ հետաքրքրքություն առաջացրին գեղարվեստի աշխարհում: Եգիպտական դիմակներ»«Քայլող կինը»«Գիշերային բնանկար: Եգիպտոս»):

1912 թվականին Սարյանը նորից ուղևորվում է Անդրկովկաս, այս անգամ  հյուսիս – արևելյան շրջանները (Արդանուշ, Արդվին, Արդահան):  Այստեղ, ի տարբերություն եգիպտական տափաստանի դեղին ծովի, ուր կանաչ և կապույտ գույները խիստ  հակադիր էին,  նկարչի աչքն ավելի փափուկ,  տեղանքին բնորոշ գույների ավելի մեղմ համակցություններ որսաց: «Աբուլ լեռը և անցնող ուղտերը»«Կանաչեղեն վաճառողը»«Առավոտ:Կանաչ լեռներ» և ուրիշ կտավներ ներկայացնում  են նկարչի որոնումների թեմատիկ և գունային նոր փորձերը:
1912 թվականի աշնանը «Կոստանդնուպոլսի շները»:

նկարը ցուցադրվեց Լոնդոնի Գրաֆտոն պատկերասրահում կազմակերպված պոստիմպրեսիոնիստների երկրորդ նկարահանդեսում:                        

1913 թվականին Սարյանը ուղևորվեց Պարսկաստան (Էնզելի, Ռեշտ, Ղազվին, Թեհրան): Ամենահետաքրքիր վայրը նկարչի համար քաղաքային շուկան էր: Այդտեղ հնարավոր էր դիտել խայտաբղետ այդ երկրի կյանքի համաչափ ռիթմը, որը,  թվում է, առաջանում էր նարգիլեի թմրեցնող ազդեցությունից: Նկարչի ուշադրությունը գրավում էին  նաև շուկայում վաճառվող գրքերը՝  ձևավորված մանրանկարներով:

Թեհրանում Սարյանին չէր հաջողվում աշխատել տեղում: Ներշնչված այդ երկրի կենցաղով  ու մշակույթային  արժեքներով` նկարիչն իր մոսկովյան արվեստանոցում ստեղծեց մի քանի կոմպոզիցիոն նկարներ պարսկական թեմաներով («Պարսկաստան»«Պարսկաստանում»«Պասկական նատյուրմորտ»):
«Սարյանն իր ստեղծագործական իրականացումների միայն սկզբումն է: Բայց այն, ինչ նա տվել է մինչև հիմա՝ ծայրահեղորեն կարևոր է, քանի որ նոր սահման է դնում գեղանկարչական մեր վերաբերմունքում դեպի Արևելքը և ապացուցում, որ անհոգի օրիենտալիզմը ավարտված է, - գրել է ռուս նշանավոր բանաստեղծ և քննադատ Մաքսիմիլիան Վոլոշինը 1913 թվականին՝ Սարյանի արվեստին նվիրված առաջին մեծ քննադատական հոդվածում, տպագրված այն տարիների Ռուսաստանի ամենահեղինակավոր՝ «Ապոլոն» գեղարվեստական հանդեսում ։





-75%
Курсы повышения квалификации

Современные методы и технологии преподавания в начальной школе по ФГОС

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Մարտիրոս սարյան (71.49 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели