Դասղեկի աշխատանքի բնույթը. մանկավարժական գործառույթները, նպատակը և աշխատանքի ուղղությունները
Դասղեկները դասարանի հետ հիմնական աշխատանք վարողներն են: Գործունեության վերոհիշյալ ոլորտների շրջանակը ենթադրում է հետևյալ աշխատանքները.
Դասարանում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպում`
հետևում է աշակերտների հաճախելիությանը (մատյանում նշում է բացակայությունները, հետևում է, որ դրանց համար փաստաթուղթ ներկայացվի),
աշխատում է առարկայական ուսուցիչների հետ` առաջադիմության բարձրացման ուղղությամբ (պարբերաբար ստուգում է օրագրերը, վերլուծում է ընթացիկ և վերջնական գնահատականները)
հետևում է աշակերտների կարգապահությանը,
Աշակերտների հետ արտադասարանական դաստիարակչական աշխատանքի կազմակերպում`
կազմակերպում է դասարանական ժողովներ,
կազամկերպում է կոլեկտիվ ստեղծագործական աշխատանքներ,
կազմակերպում է այցելություններ թատրոն, համերգասրահ, թանգարաններ, ցուցահանդեսներ:
Սովորողների հանրօգուտ աշխատանքի (դպրոցամերձ տարածքի մաքրում և այլն) կազմակերպում:
Աշխատանք սովորողների ծնողների հետ`
ծնողներից ակնկալում է, որ հետևեն երեխայի առաջադիմությանը,
ծնողների հետ անհատական զրույցներ է ունենում,
ծնողական ժողովներ է կազմակերպում:
Ծանոթացում սովորողների սոցիալական պայմաններին`
ծանոթանում է սովորողների ընտանիքի կազմին,
նրանց բնակարանային և կենցաղային պայմաններին:
բարոյահոգեբանական պայմաններին
Դասարանի աշակերտների սննդի կազմակերպում (նյութական օգնության կազմակերպում):
Թղթավարություն`
ամփոփում է աշակերտների առաջադիմության տվյալները,
լրացնում է դասամատյանը,
լրացնում է անձնական գործերը,
մշակում է դասղեկի աշխատանքային պլան:
Աշխատանք մանկավարժահոգեբանական կարողությունների խորացման ուղղությամբ:
Մանկավարժական գործառույթները.
Դասղեկի գործառույթներից թերևս ամենաառաջնայինն ավանդաբար համարվել է սովորողների դաստիարակության գործառույթը:
Դասղեկի առջև խնդիր է դրված` միավորել դասավանդող բոլոր ուսուցիչների ջանքերը` այս խնդրի իրականացմանը նպատակաուղղելով: Այս տեսանկյունից դաստիարակությունը կարելի է դիտարկել որպես մարդու սոցիալականացման գործընթացի մանկավարժական բաղադրիչ, որը ենթադրում է անձի ձևավորման համար պայմաններ ստեղծելու համար նպատակաուղղված գործունեություն: Այս գործընթացն է պայմանավորում անձի սոցիալական որակների ձևավորումը` նրա պատրաստվածությունը հասարակական կյանքի տնտեսական, քաղաքական ոլորտների բարդ համակարգում մասնակցության համար:
Դասղեկի աշխատանքի մեկ այլ կարևորագույն գործառույթ է երեխայի սոցիալական պաշտպանության գործառույթը` նրան շրջապատող սոցիալական միջավայրի անբարենպաստ ազդեցությունից պաշտպանելը:
Սոցիալական պաշտպանությունն առաջին հերթին հոգեբանամանկավարժական միջոցների ամբողջություն է, որոնք երաշխավորում են երեխայի օպտիմալ սոցիալական զարգացումը, նրա անհատականության ձևավորումը, հարմարեցումը գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական պայմաններին: Այս գործառույթն իրականացնելիս դասղեկը պետք է սուր իրավիճակներից մեկ քայլ առաջ անցնի` իրավիճակի ճշգրիտ վերլուծությամբ կանխատեսի իրական խնդիրներն ու դժվարությունները, որոնք կարող են ծագել երեխայի առջև և ուղղորդի, որպեսզի վերջինս կարողանա խուսափել դրանցից: Այս գործունեությունն ուղղված է առավել դժվար իրավիճակում հայտնված երեխաներին (բազմազավակ ընտանիքի երեխա, հաշմանդամ երեխա, փախստական և այլ` ովքեր միջամտության և պաշտպանության առավել կարիք ունեն):
Կազմակերպչական գործառույթ.
Դասղեկն է ծրագրում սովորողների բազմաբնույթ գործունեությունը` ճանաչողական, աշխատանքային, գեղագիտական, ինչպես նաև նրանց` դասերից դուրս ազատ փոխհարաբերվելը, ինչը դպրոցականների ժամանցի մաս է կազմում: Դասղեկը ձգտում է կանոնակարգել ներդասարանական փոխհարաբերությունները, խթանել առաջնորդության դրսևորումները, ձևավորել պատասխանատվության, փոխօգնության, համագործակցության ոգի: Այստեղ առավել կարևոր է կոլեկտիվ ստեղծագործական գործունեության ձևավորումը և դրա կիրառումն ինչպես կրթական գործունեության մեջ, այնպես էլ դրանից դուրս:
Դասղեկի ևս մեկ գործառույթ է աշակերտական ինքնակառավարման խթանումը:
Աշակերտական ինքնակառավարումը սովորողների կոլեկտիվի կենսագործունեության կազմակերպման ձև է, որը երաշխավորում է նրանց ինքնուրույնության խթանումը, օրինակ` հասարակական նշանակության նպատակների իրականացման համար որոշումներ կայացնելիս և դրանք իրագործելիս:
Ախտորոշման գործառույթ
Այս գործառույթը դասղեկից ակնկալում է սովորողների դաստիարակվածության ելակետային մակարդակի վերհանում և շարունակական համեմատության մեջ փոփոխությունների արձանագրում: Այն նպատակ ունի հետազոտելու երեխայի անձը և անհատականությունը և վերհանելու ստացվող արդյունքների անարդյունավետության պատճառները:
Պլանավորման, ծրագրման գործառույթ
Դաստիարակչական աշխատանքի պլանավորումն իրականում օգնություն է հենց իրեն` դասղեկին, ինչպես նաև դասարանին` գործունեությունն արդյունավետ կազմակերպելու հարցում: Այն կանոնակարգում է մանկավարժական գործունեությունը, հեշտացնում է արդյունքների հետևողական վերահսկումը:
Դասղեկի դաստիարակչական աշխատանքի ուղղությունները և եղանակները
Փորձենք ի մի բերել, թե ինչ ուղղություններով է դասղեկն իրականացնում դաստիարակչական աշխատանքը (մտքերի տարափ):
(դասղեկական ժամ, ծնողական ժողովներ, ծնողհանդիպման օրեր, ամենօրյա վերահսկողություն, արտադասարանական միջոցառումներ, հանրօգուտ աշխատանքի կազմակերպում և այլն)
Դասղեկի աշխատանքը ենթադրում է նպատակաուղղված, համակարգված, պլանավորված գործունեություն: Աշխատանքի պլանավորումը և համակարգված աշխատանքային պլանների կազմումը կարևոր է աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար: Աշխատանքային պլանը պետք է արծարծի դասղեկի գործունեության բոլոր ոլորտները և ուղղությունները, մանկավարժական բոլոր գործառույթները:
Դասղեկի մանկավարժական գործունեության նպատակներն ու խնդիրները
Դաստիարակությունը կրթական հաստատության բոլոր մանկավարժների խնդիրն է, սակայն հիմնական պատասխանատվությունն ընկած է դասղեկի վրա: Սովորողների դաստիարակության գործառույթն ավանդաբար համարվել է դասղեկի մանկավարժական գործառույթներից թերևս ամենաառաջնայինը:
Դաստիարակչական գործունեության նպատակներն ու խնդիրները թելադրվում են ժամանակով և միջավայրով:
Դիտարկենք մի օրինակ.
Նկարչության դաս է, և երեխաները պետք է սովորեն կատու նկարել: Ուսուցիչն ասում է. ‹‹Հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչպես են կատու նկարում: Ահա, այսպես նկարում են իրանը, այսպես` գլուխը, ականջները, պոչը և այլն: Տեսա՞ք: Դե, հիմա կրկնե՛ք››: Այսպես ավանդաբար դասավանդել են ամբողջատիրական հասարակության միջավայրում, երբ մեկ իշխող գաղափարախոսության պայմաններում ոչ միայն կարիք չի եղել, այլև չի խրախուսվել նախաձեռնությունը, ընկալումների բազմազանությունը, առավել ևս` քննադատական մտածողությունը: Մինչդեռ, ինչպես ասել է Նոբելյան կրկնակի մրցանակակիր Լայնուս Փոլինգը` լավ գաղափարներ ունենալու միակ ուղին շատ գաղափարներ ունենալն է: Ազատ, ժողովրդավար հասարակության միջավայրում այս նույն ուսուցիչը կասեր. ‹‹Երեխանե՛ր, այսօր կատու ենք նկարելու: Մի պահ աչքերը փակեք և կատու պատկերացրեք, ապա պատկերացրածը փորձեք նկարել››: Ակնհայտ է, որ այս երկրորդ դեպքում կխրախուսվի յուրաքանչյուրի անհատականությունը, կքաջալերվեն բազմազան ընկալումները, չի կաշկանդվի երևակայությանը, ստեղծագործական միտքը: Առաջին դեպքում դասարանը կունենա աշակերտների թվով՝ գրեթե միանման նկարներ, երկրորդ դեպքում նույնքան՝ մեկը մեկից տարբեր ու առանձնահատուկ:
Դասղեկի գործունեության նպատակը սովորողների համար այնպիսի միջավայրի ապահովումն է, ուր նրանք հնարավորություն կունենան ինքնաբացահայտվելու, զարգացնելու սեփական կարողություններն ու հմտությունները, ինչը կնպաստի նրանց` որպես անհատ կայացմանը և հետագայում հասարակության մեջ արդյունավետ ինտեգրմանը:
Թե՛ երկրի ներսում հասարակական-տնտեսական փոփոխությունները, թե՛ ժամանակով պայմանավորված` աշխարհում տեղի ունեցող այլ փոփոխություններ նոր պահանջներ են դնում ներկայիս հասարակության անդամների առջև: Դրանցից են. մրցակցայնությունը, ստեղծագործական մտածողությունը, կողմնորոշումը ոչ ստանդարտ իրավիճակներում և որոշումների կայացումը, համագործակցությունը և բանակցելու հմտություններին տիրապետելը, մասնագիտական ճիշտ կողմնորոշումը, նախաձեռնողությունը և ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, մտահոգությունը շրջակա միջավայրի հանդեպ, առողջ ապրելակերպին միտված կենսակերպը, և այլն:
Այսօր մանկավարժների առջև դրված խնդիրներն են` սովորողների մեջ քաղաքացիական պատասխանտվության և իրավական գիտակցության ձևավորումը, հոգևոր դաստիարակությունը, նախաձեռնողության, ինքնուրույնության, հանդուրժողականության խթանումը, ինչպես նաև հասարակության մեջ ինտեգրվելուն և աշխատանքի շուկայում կողմնորոշվել կարողանալուն նպաստելը: Վերն ասածը մանրամասնելով` կարող ենք ասել, որ.
Դասղեկական գործունեության հիմնական խնդիրներն են.
դասարանական կոլեկտիվի ձևավորումը,
անհատի ձևավորմանը նպաստող, յուրաքանչյուրի անհատականությունը ողջունող և ներուժը բացահայտող հոգեբանամանկավարժական միջավայրի ապահովումը,
առողջ ապրելակերպի վարքագծի ձևավորումը,
սովորողների իրավունքներն ու շահերը պաշտպանելը,
դաստիարակչական գործունեության բազմազան միջոցներով արդյունավետ հարաբերությունների համակարգի ստեղծումը,
դասարանում համակարգված աշխատանքի կազմակերպումը,
սովորողների, սովորողների և մանկավարժների միջև բարյացակամ, ներդաշնակ փոխհարաբերությունների ձևավորումը,
սովորողների մոտ արժեքային համակարգի ձևավորումը,
սովորողների ստեղծագործական, հասարակայնամետ գործունեության կազմակերպումը:
Դասղեկի աշխատանքը պետք է ուղղված լինի հասարակական կյանքում, տվյալ կրթական հաստատությունում իրական խնդիրների հաղթահարմանը` հաշվի առնելով սովորողների անհատական առանձնահատկությունները և հասարակական կյանքում առկա դրական և բացասական միտումները: Այս գործունեության արդյունավետությունը պայմանավորված է այն բանով, թե մանկավարժը որքանով է տիրապետում տվյալ տարիքային խմբի հետ աշխատանքի նրբություններին, որքանով է քաջատեղյակ դաստիարակության նորագույն մոտեցումներին:
Աովորողների հետ աշխատանքում դասղեկն իր գործառույթներին համապատասխան տարբեր եղանակներ կարող է ընտրել: Օրինակ`
անհատական աշխատանք (զրույց, խորհրդատվություն, անհատական աջակցություն, խնդիրների լուծման համատեղ որոնումներ և այլն)
խմբային (ստեղծագործական խմբեր, ինքնակառավարման մարմիններ)
կոլեկտիվ (մրցույթներ, հանդեսներ, արշավներ և այլն)
Սովորողների հետ աշխատանքի եղանակի ընտրություն կատարելիս` խորհուրդ ենք տալիս առաջնորդվել հետևյալով.
հստակեցնել առկա խնդիրներին համապատասխան գործունեության բովանդակությունը և միջոցների ընտրությունը,
հաշվի առնել կրթական գործընթացի կազմակերպման սկզբունքները, հնարավորությունները, պայմանները, ինչպես նաև սովորողների պահանջներն ու հետաքրքրությունները,
ապահովել սովորողների ստեղծագործական գործունեության խթանման ձևի, մեթոդների և բովանդակության միասնությունը:
Խնդիրների իրականացման արդյունավետության կարևորագույն պայման է մեթոդի ճիշտ ընտրությունը:
Որպեսզի գիտելիքը լավ մարսես, այն պետք է հաճույքով կուլ տաս: Որպեսզի հավատաս արժեքներին, պետք է ինքդ հանգես դրանց կարևորությանը: |
Դասղեկական ժամի հնարավորությունները, թեմատիկայի ընտրությունը1 և պլանավորումը
Թեմաներ, որ կարող են արծարծվել դասղեկական ժամին
համագործակցություն, որոշումների կայացում, գենդերային խնդիրներ, գենդերային դերեր և կարծրատիպեր, հանդուրժողականություն, մասնագիտական կողմնորոշում, էկոլոգիական իրազեկություն, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, հայրենասիրություն և այլն:
Ցանկացած թեմայով դասղեկի ժամի անցկացումը ենթադրում է մանրակրկիտ նախապատրաստական աշխատանք.
Նախնական պլանավորում
թեմայի և նպատակի հստակեցում` ինչ արդյունք եմ ակնկալում,
անհրաժեշտ նյութերի, պարագաների նախապատրաստում,
ընդհանուր քննարկման համար հարցադրումների մտածված ձևակերպում
Աշակերտների հետ դասարանում աշխատանքի պլանավորման համար առաջարկում ենք մոտեցման տարբերակներ:
ա) Որոշ դեպքերում` ուղերձը պատկերավոր տեղ հասցնելու համար, կարևոր է անակնկալ բացահայտումներ անելու հնարավորություն ստեղծելը: Այս դեպքում նյութի մատուցումն արվում է հետևյալ սկզբունքով.
կոնկրետ իրավիճակների տրամադրում` առաջարկելով վերլուծել և վերհանել երևույթի ծագման պատճառները (աշակերտները հիմնվում են իրենց իմացածի, ընկալումների և վերաբերմունքի վրա)
բացահայտումների ներկայացում,
պատճառների համատեղ վերլուծություն, քննարկումներ, լրացումներ, բանավեճ (եթե խնդրո առարկա նյութը ակնհայտ տարակարծություններ է առաջացնում)
կարծիքների ամփոփում, եզրահանգումների ի մի բերում
Այսպիսի մատուցման օրինակ կարող է ծառայել, ասենք, ‹‹ Իրենց գործի վարպետները›› վարժությունը՝ գենդերային կարծրատիպերի թեմայով, կամ ‹‹Ուղևորները›› վարժությունը՝ կարծրատիպերի վտանգները քննելիս (տե՛ս հավելվածում):
բ) Այլ բնույթի թեմաների ներմուծման (ասենք` իրավունք/պարտականություն, թրաֆիքինգ, վնասակար սովորություններ, մասնագիտական կողմնորոշում և այլն) համար կարելի է պլանավորումն անել մեկ այլ տարբերակով.
(Դասղեկի նախապատրաստական աշխատանքը նույնն է)
Թեմայի, խնդրի վերհանում, սովորողների տեղեկացվածության մակարդակի բացահայտում
(մտքերի տարափ` ի՞նչ գիտեն տվյալ երևույթի, խնդրի և այլն, մասին)
Իրավիճակի ներկայացում, վերլուծություն, քննարկումներ, (այս փուլում ենթադրվում է իրավիճակում կողմնորոշվելու համար անհրաժեշտ` լրացուցիչ գիտելիքի տրամադրում)
Մտորում հետևանքների շուրջ, որոշումների կայացում և իրավիճակի լուծման առաջարկներ (վերաբերմունքի, դիրքորոշման, հմտությունների ձևավորում կամ խթանում)
Ամփոփիչ քննարկում` խնդրի կարևորության գիտակցում (ուղղորդող հարցադրումներ), եզրահանգումներ (արժեքների ձևավորում)
1 ¸³ëÕ»Ï³Ï³Ý Å³Ù»ñÇ Ã»Ù³Ý»ñ ¨ í³ñÅáõÃÛáõÝÝ»ñ ϳñáÕ »ù ·ïÝ»É www.aniedu.am ϳÛùáõÙ: