Ազգային այբուբենի ստեղծմամբ հայ գրավոր մշակույթը հիմք է առնում V դարի սկզբին։ Մոտ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝ աստվածաբանությունը և հոգևոր շարականագրությունը։ V դարը գիտության մեջ ընդունված է անվանել Հայոց Ոսկեդար։ Կարևոր պատմական երկ է Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությունը», որն ընդգրկում է IV դարի կեսերից մինչև 387-թ. ընկած դեպքերի շարադրումը։ Ոչ միայն ստույգ պատմագրական այլև գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում Վարդանաց պատերազմին նվիրված Եղիշե պատմիչի «Վարդանի և Հայոց Պատերազմի մասին» մատյանը՝ գրված մոտ 464-465-ին[2]։ Մոտ 480-490-ական թվականներին է գրվել V դարի հայ գրականության ամենաընդգրկուն պատմագրական երկը՝ պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», ուր հեղինակը առաջին անգամ փորձ է արել գրել հայոց ամբողջական պատմությունը՝ սկսած առասպելական Հայկ նահապետից մինչև 428 թվականը։ Խորենացին գրի առել նաև հայ հեթանոսական բանավոր գրականության բացառիկ արժեք ներկայացնող մի շարք պատառիկներ։ V դարի հայ վերջին պատմիչը Ղազար Փարպեցի է։ Առ այսօր հայագիտության մեջ լուծված չէ Ագաթանգեղոսի պատմական դարաշրջանի խնդիրը։ Վերջինս համարվում է կամ IV դարի պատմիչ, որ գրել է հունարեն և թարգմանվել V դարում, կամ V դարի հեղինակ, որ գրել է Ագաթանգեղոս կեղծանվան տակ։
Հայոց Ոսկեդարի խոշորագույն[3] կոթողներից է Մաշտոցի աշակերտ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աստվածաբանական երկը, ուր հեղինակը քրիստոնեության դիրքերից դիտարկում է կրոնա-փիլիսոփայական բազմաթիվ խնդիրներ։ Երկը գրված է մոտավորապես 441-449-ի միջև[4]։ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Ստեփանոս Սյունեցուն (առաջին), Հովհան Մանդակունուն են վերագրվում տասնյակ հոգևոր շարականներ[5]։ Վերջինս համարվում է նաև մի շարք կրոնա-եկեղեցական ճառերի հեղինակ, որոնցում արժեքավոր տեղեկություներ են պարունակվում V դարի հայոց սոցիալ-հասարական կյանքի վերաբերյալ[6]։ Մաշտոցին է վերագրվում «Հաճախապատում ճառք» աստվածաբանակ երկը։
VI դարի հեղինակ է Աթանաս Տարոնացին, որից պահպանվել է մեկ փոքր ժամանակագրություն։ Այն ունի կարևոր աղբյուրագիտական արժեք, քանզի հեղինակը հենվել է նախորդ դարի հայ պատմիչների երկերի վրա։
VII դարը հայ վաղմիջնադարյան գրավոր մշակույթի վերելքի շրջան է։ VII դարի նշանավոր պատմիչ է Սեբեոսը, որի երկի շարադրումը հասցված է մինչև 661 թվականը[7], և գրված է իր ժամանակի համաշխարհային պատմական իրադարձություների ոլորտում։ Նույն դարի պատմիչ է Հովհան Մամիկոնյանը, որը հեղինակել է «Պատմություն Տարօնոյ» երկասիրությունը։ Նրանում պատմվում է VI դարի վերջին և VII դարի առաջին կեսին Տարոն գավառում տեղի ունեցած դեպքերի նկարագրությունը։ «Պատմություն Տարօնոյ» երկը գրվել է VII դարի կեսին[8], իսկ նրա առաջին մասը վերագրվում է Զենոբ Գլակին։ Նույն դարի վերջին է գրվել Աղվանից կամ Արևելից կողմանց իշխան Ջվանշիրի մահվան կապակցությամբ Դավթակ Քերթողի ներբովը, որ համարվում է նաև հայ աշխարհիկ բանաստեղծության հնագույն նմուշը։
VIII դարի խոշոր պատմիչ է Ղևոնդը։ Վերջինս շարունակել է Սեբեոսին՝ սկսելով VII դարի կեսերից՝ հասցնելով մինչև VIII դարի սկզբին Հայաստանի նվաճման պատմությունը։ Երկն ավարտել է մոտ 790-ին[9]։ IX դարի վերջին, X դարի սկզբին է ապրել Արծրունյաց պատմիչ Թովմա Արծրունին։ Նրա «Պատմություն տանն Արծրունյաց» աշխատության մի մասի հեղինակ է համարվում նույն շրջանում ապրած մեկ այլ անհայտ պատմիչ, որին հայագիտության մեջ պայմանականորեն անվանում են Անանուն Արծրունի։ X դարի խոշորագույն պատմիչներից է կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, որի «Հայոց Պատմությունը» հասցված է մինչև 924 թվականը[10], և կարևորագույն տեղեկություններ է պարունակում ոչ միայն տվյալ դարաշրջանի Բագրատունյաց Հայաստանի այլև Վիրքի, Աղվանքի և Իրանի մասին։ Մոտ 982-ին «Հայոց Պատմություն» է հեղինակում Ուխտանեսը։ Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմությունը» հիմնականում վերաբերում է երկու հայաբնակ նահանգների՝ Արցախի և Ուտիքի պատմական անցքերի նկարագրությանը[11]։ Վարքագրական գրականության մեջ ուշագրավ է Մեսրոպ Վայոցձորցու «Սուրբ Ներսեսի Վարքը»` ավարտված մոտ 967-ին։ Ստեղծվում են նայև կրոնա-եկեղեցական բնույթի տրակտատներ (Անանիա Նարեկացի և այլք[12])