Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր[16] Վաղինակ Ազնավուրյան[17]:
Ազնավուրի հայրը` Միքայել(Միշա) Ազնավուրյանը ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում[18][19], արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝Քնար Բաղդասարյանը ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին Իզմիրում (Թուրքիա) հայ վաճառականների ընտանիքում[20][21], Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից[22]: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)[23][24]:
Ծնողները երկուսն էլ արտիստներ էին մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ[25]։ Նրանք հանդիպում են Կոստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար[26]։
1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը[27]։
Միշան, որը նախկին բաիրտոն էր, «Կովկաս» անունով հայկական փոքրիկ ռեստորան է բացում, ուր երգում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի աքսորյալների համար[28]։ Իր դերասանուհի կնոջ հետ նրանք մեծացնում էին իրենք երկու երեխաներին երաժշտության և թատրոնի մթնոլորտում, տարբեր արվեստագետների շրջանում, որոնք հաճախ էին այցելում Ուշեթ փողոցի վրա գտնվող նրանց ռեստորանը[29]:
1929 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով, երբ փակվում է նրանց ռեստորանը, Ազնավուրյանները տեղափոխվում են Կարդինալ Լըմուանի փողոց, ուր նրանց հայրը բացում է սրճարան հենց Ռոնյոնի արվեստի դպրոցի դիմաց։ 1933 թվականին ծնողները որոշում են իրենց որդուն ընդունել այդ դպրոցը, քանի որ վերջինս երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառության հենց առաջին տարում Շառլը առաջին անգամ բեմ է բարձրանում։ Նա իր համար բեմական անուն է ընտրում Ազնավուրը և սկզբնական շրջանում Պտի-Մոնդ անունը փոքրիկ էստրադային բեմում հանդես է գալիս որպես պարող ապա սկսում է մանկական դերեր կատարել Օդեոն, Մադլեն, Մարինի փարիզյան թատրոններում [30][31][32][33]:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյանները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում[34], այդ թվում `բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանին և նրա կնոջը Մելինեին 19[35]։
1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին[36], 10 որը «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրենն էր (որը հետագայում դարձավ Երգի ակումբ[37]) և սկսվում է նրանց ընկերությունը ինչից հետո Շառլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ Պիերի հետ նրանք ստեղծում են «Ռոշ և Ազնավուր» դուետը և սկսում են ելույթներ ունենալ տարբեր համերգասրահներում։ 1944 թվականին նա գրում է իր առաջին «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։
Շառլի համար բեկումնային է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի և իր կուռք Շառլ Տրենեյի հետ հանդիպումը։ Էդիթը այս դուետին աշխատանքի է հրավիրում Նյու-Յորք, որտեղ նա մեկնում էր շրջագայությունների[38][39]: Ռոշ և Ազնավուր դուետը, փորձում են հաջողություն ունենալ Քվեբեկում։ Այնուհետև տեղափոխվում են Մոնրեալ։ Չնայած նրան, որ Շառլն ու Պիեռը մեծ ճանաչում ունեին Կանադայում Ազնավուրը մեկնում է Ֆրանսիա և Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողությամբ չի պսակվում։ Նա սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ։ 1956 թվականին համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, որը նրան մեծ ճանաչում և հաջողություն է բերում։
1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Օլիմպիա դահլիճում։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։