Շախմատ կամ ճատրակ, երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ, որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։ Աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է․ միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, նամակագրությամբ և մրցաշարերում: Շախմատային պարտիայի (խաղի) սկզբում խաղացողներից յուրաքանչյուրն ունենում է 16 խաղաքար՝ մեկ արքա, մեկ թագուհի, երկու նավակ, երկու ձի, երկու փիղ և ութ զինվոր։ Ընդամենը վեց տեսակի խաղաքարից յուրաքանչյուրը քայլում է յուրովի։ Խաղաքարերը օգտագործվում են հակառակորդի խաղաքարերը հարվածելու և վերցնելու համար։ Խաղի նպատակն է «մատ հայտարարել» հակառակորդի արքային, այն է՝ «հարվածի տակ վերցնել» հակառակորդի արքային այնպես, որ հարվածից հնարավոր չլինի խուսափել։
Խաղը համարվում է ոչ-ոքի ավարտված, եթե.
խաղատախտակի վրա պատ է (տվյալ խաղացողը չունի ոչ մի քայլ)
կողմերից մեկը հայտարարում է հավերժական շախ
դիրքը կրկնվում է երեք անգամ, եթե բոլոր դեպքերում քայլ պետք է կատարի նույն խաղացողը
հիսուն քայլի ընթացքում չի վերցվել ոչ մի ֆիգուր և ոչ մի զինվոր չի կատարել քայլ
կողմերի համաձայնությամբ (որոշ մրցաշարերում այս դեպքը չի կիրառվում կամ կիրառվում է քայլերի սահմանափակմամբ, օրինակ՝ առաջին 30 քայլի ընթացքում համաձայնություն չի թույլատրվում)
Տարբերում են խաղի 3 փուլ ՝սկզբնախաղ (երբեմն բացում), միջնախաղ և վերջնախաղ (երբեմն էնդշփիլ, գերմ.՝ Endspiel , թարգմանաբար՝ խաղի ավարտ): Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսին առաջինն արժանացել է Վիլհելմ Ստեյնիցը 1886 թվականին։
Ներկայիս աշխարհի չեմպիոնը Մագնուս Կարլսենն է:
Շախմատի աշխարհի առաջնությունից բացի անց են կացվում նաև կանանց, պատանիների, մեծահասակների շախմատի աշխարհի առաջնություն, նամակագրությամբ շախմատի աշխարհի առաջնություն, կայծակնային, արագ շախմատի աշխարհի առաջնություն և համակարգչային շախմատի աշխարհի առաջնություն։ Շախմատային օլիմպիադան տարբեր երկրների թիմերի միջև մրցաշար է: Կա նաև թիմային մեկ այլ մրցաշար՝ Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Առցանց շախմատը սիրողական և պրոֆեսիոնալ մրցաշարերը հասանելի դարձրեց խաղացողների լայն շերտերին։ Շախմատը Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից պաշտոնապես ճանաչված մարզատեսակ է, որի միջազգային մրցաշարերը անցկացվում են Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից։ 20-րդ դարի երկրորդ կեսից համակարգիչները ծրագրավորվում էին շախմատ խաղալու համար։ Գործընթացի շարունակական հաջողության շնորհիվ այժմ անգամ անձնական համակարգիչները և սմարթֆոնները կարող են խաղալ շախմատ շատ բարձր մակարդակով։ Վերջին երկու տասնամյակում համակարգչային վերլուծությունը զգալի ավանդ է ունեցել շախմատային տեսության զարգացման գործում, հատկապես վերջնախաղի տեսության ոլորտում։ ԱյԲիԷմ ընկերության Դիփ Բլու գերհամակարգիչն առաջին մեքենան էր, որը հաղթեց շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովին 1997 թվականին:
Պատմական ակնարկ
Ճատրակը ծագել է Հնդկաստանում ավելի քան երկու հազար տարի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա: Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը: Ճատրակը, որ պարունակում էր շատ տեսակներ, Հնդկաստանից տարածվեց ամբողջ արևելյան և կենտրոնական Ասիայով, իսկ 5-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում մուտք գործեց Պարսկաստան: Այնտեղ մեծ ժողովրդականություն էր վայելում այդ խաղը, որտեղ «բանականությունը հաղթանակ է տանում», ինչպես ասվում էր հնագույն ձեռագրերից մեկում։ 7-րդ դարում իրանական միապետության նվաճողներ արաբները ծանոթացան ճատրակին։ Նրանք զարգացրին և փոքր ինչ կատարելագործեցին խաղը։ Շախմատը իր առավելագույն զարգացմանը արաբների մոտ հասավ 9-10-րդ դարերում: Ձեռագրերը վկայում են, որ նրանք հետաքրքրվում էին ոչ միայն գործնական խաղով, այլև շախմատային կոմպոզիցիայով և վերլուծությամբ։ Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են վերածննդի դարաշրջանում, թեպետ նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում:
Անվանում
Հայերենում իսկզբանե շախմատը կոչվել է ճատրակ, որն այժմ օգտագործվում է արևմտահայերենում և պարսկահայերի մոտ։ Շախմատ անունն առաջացել է պարսկերեն շահ ՝ արքա, թագավոր և մատ՝ մահացավ բառերից։ Սկզբնապես Հնդկաստանում խաղը կոչվում էր չատուրանգա (չատուր - չորս և անգա - մաս կամ անդամ բառերից) և նշանակում էր քառանդամ, չորսմասնյա։
Պարսկաստանում այն վերանվանվեց շատրանգ, արաբներն անվանեցին շատրանջ: