Մակբայը որպես խոսքի մաս, նրա կազմությունը
Մակբայի անվանումից երևում է, որ այն ճանաչվել է իբրև բայի վրա դրվող, կիրառությամբ բային հարող խոսքի մաս:
Հ. Զ. Պետրոսյանի Հայերենագիտական բառարան աշխատության մեջ մակբայն անվանվում է նաև առբայ: Եվ ըստ նրա՝ ցույց է տալիս հատկանիշի ( հիմնականում պրոցեսայնության) հատկանիշ. կիրառությամբ հիմնականում բայի լրացում է ( մակ+ բայ), թեև մասնակիորեն կարող է լինել նաև այլ խոսքի մասի ( անվան՝ գոյականի,ածականի և իր իսկ մակբայի) լրացում:
Մակբայը՝ որպես խոսքի մաս, իմաստային տեսակետից բնորոշվում է նրանով, որ ցույց է տալիս գործողության կամ դրության հատկանիշ կամ էլ հատկանիշի հատկանիշ: Եթե գործողությունը, դրությունը, որակը, քանակը միավորենք առարկայի հատկանիշ՝ ավելի լայն հասկացության տակ, ապա մակբայը ցույց է տալիս հատկանիշի հատկանիշ:Ուրեմն՝ այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողության հատկանիշ կամ հատկանիշի հատկանիշ, կոչվում են մակբայներ: Վերը նշված սահմանումը նշանակում է, որ մակբայները կարող են դրվել այն բառերի վրա, որոնք առարկայի հատկանիշի իմաստ ունեն: Ձևաբանական տեսակետից մակբայի առանձնահատկությունը նրա չթեքվելն է: Այս տեսակետից այն նյութական իմաստ ունեցող խոսքի մասերից միակն է: Սակայն հարկ է նշել, որ «չթեքվող խոսքի մաս» արտահայտությունը ինչ-որ տեղ պայմանական է, քանի մակբայն ունի նյութական իմաստ, առանձին դեպքերում հոլովվում է:Սա նշանակում է, որ չթեքվող խոսքի մասերը միատարր չեն ոչ միայն իմաստային առումով, այլև ձևաբանական հատկանիշներով, որով էլ պայմանավորված են նրանց ոճական կիրառությունները: Այս առումով էլ մակբայները իրենց ոճական կիրառությամբ տարբերվում են չթեքվող մյուս խոսքի մասերից:
Կազմության տեսակետից մակբայները զգալի յուրահատկություններ ունեն: Այս խոսքի մասի մեջ մտնող բառերը տարբեր եղանակներով առաջացել և առաջանում են այլ խոսքի մասերից: Սրանով էլ պայմանավորված են մակբայների տեսակներն ըստ կազմության: Մակբայները կազմությամբ բազմազան են: Այս տեսակետից մակբայները բաժանվում են հետևյալ տեսակների.
1. Պարզ կամ արմատական.
Կուզեի լինել երկինք աստղավառ
Քեզ, ինչպես երկրի շուրջը, պատեի,
Հազար ու հազար աչքերով գոհար
Քեզ դյութված, արբած հավերժ նայեի:
Կազմությամբ մակբայները տարբերվում են նյութական իմաստ արտահայտող մյուս խոսքի մասերից նրանով, որ, մի կողմ թողած մակբայաբար հանդես եկող որակական ածականները, բուն մակբայների մեջ հանդես եկող արմատական բառերը շատ քիչ են: Դրանցից են՝ նախ, ուշ, դեռ, ապա, հար, վեր, միշտ, հաճախ, շտապ, արագ, իսկույն, մերթ, դանդաղ, շուտ և այլն:
2. Բարդ.
Արյուն ու քրտինք ծով- ծով թափեցի,
Ոսկի արտերում արևի բոցին…
Մակբայական նշանակությամբ կարող են կիրառվել ածականների կրկնությամբ կազմված սաստկական կամ բազմակիության նշանակություն ունեցող ածականները՝ ծանր-ծանր, բարձր-բարձր և այլն: Մակբայների զգալի մասն էլ կազմվում է մակբայների և գոյականնների պարզական կրկնությամբ՝ կամաց-կամաց, խումբ-խումբ և այլն: Չափազանց շատ են այն մակբայները, որոնք կազմվում են գոյականների կրկնությամբ՝ առ, ի, ց նախդիրներով՝ տող առ տող, հևիհև, օրեցօր և այլն: Բարդ մակբայներն են՝ տող-տող, քիչ-քիչ, մեկ-մեկ, քայլ առ քայլ, դեմուդեմ արագ-արագ, տնետուն, միաբերան, տեղնուտեղը, փոքր-ինչ, գիշեր-ցերեկ և այլն:
3. Ածանցավոր մակբայներ.
Ես ապրում եմ հավերժաբար
Առանց վշտի ու տենչի…
Հայերենում մակբայների կազմության մեջ մեծ դեր է խաղում ածանցումը: Կան մոտավորապես մեկ տասնյակ մակբայներ, որոնք միայն մակբայներ են կազմում:Մակբայակերտ ածանցներն են՝ բար, պես, որեն, ովի, պատիկ, ուց, ուստ, անց, ակի, վարի , գին և այլն: Ածանցավոր մակբայներն են՝ քաջաբար, հայրաբար, հաճախակի, քառակի գիտականորեն, կամովին, վարպետորեն, ցավագին, պատահաբար,խորապես 4 այլն:
4. Քերականական ձևերից առաջացած մակբայներ.
Գրկեց զավակին պինդ, կարոտավառ,
Որպես թե վաղուց չէր տեսել նրան…
Քերականական ձևերից կազմված մակբայներն առաջացել են գոյականի և բայի թեքման ձևերից.
ա. Բացառական հոլովից առաջացած մակբայներ՝ ներքուստ, արտաքուստ, վաղուց, հնուց, միանգամից և այլն:
բ. Գործիական հոլովից կազմված մակբայներ՝ դիտմամբ, մասամբ, պատահմամբ, հազիվ և այլն:
գ. Ներգոյական հոլովից առաջացած մակբայներ՝ առաջիկայում, ներկայումս, հնում, հիմնականում և այլն:
դ. Հայցական հոլովից առաջացած մակբայներ՝ ցմահ, ներս, դուրս, ցայսօր և այլն:
ե. Բայի խոնարհման կամ դերբայական ձևերից առաջացած մակբայներ՝ դարձյալ, համարյա, գրեթե և այլն:
5.Նկարագրական մակբայներ.
Մի դեպք ինձ ծայր աստիճան հուզում է մինչև օրս…
Նկարագրական մակբայներն առաջացել են վերլուծական եղանակով, դրանք կիսակայուն կապակցություններ են, ունեն մակբայական կիրառություն, հիմնականում երկբաղադրիչ են՝ վերին աստիճանի, ամենից առաջ, մեծ մասամբ, ազատ կերպով, օր օրի և այլն: