«Ծովային կրիաներ»
(հեղինակ՝ Քեյթ Ջ. Հեյ)
Օվկիանոսներում շրջում են աշխարհի ամենամեծ կրիաները: Այս հսկա սողունները կոչվում են ծովային հսկաներ:
Եթե Ձեր ամբողջ ընտանիքի հետ միասին Դուք կանգնեք մեծ կշեռքին, միևնույն է, Ձեր ընդհանուր քաշը չի հասնի կաշեմեջք կրիայի քաշին:
Կաշեմեջք կրիան ծովային կրիաների հինգ տեսակներից ամենամեծն է, որ հայտնաբերվել է Ատլանտյանի և Գոլֆսթրիմի ափերին:Դրանց որոշ ներկայացուցիչներ կշռում են ավելի քան 682կգ կամ 1,500 ֆունթ: Ծովային կրիաները միլիոնավոր տարիներ ապրել են աշխարհի բաց ծովերում ու ծովափնյա խոցերում: Նրանք իրենց հզոր կառուցվածքով, ուժեղ լողաթևերով ու մեկ շնչով ջրի տակ ժամից ավելի մնալու ունակությամբ, հիանալի հարմարեցված են օվկիանոսային կյանքին:
Հսկայական, կարծր խեցիները պաշտպանում են նրանց թշնամիների մեծ մասից: Սակայն քաղցած շնաձկան աչքին անգամ կոշտ կրիան կարող է ախորժելի թվալ: Հարձակման ենթարկվելիս կրիան կարող է բարձրացնել իր մարմինը և թշնամուն վախեցնելու համար լողաթևերով ուժեղ չրմփացնել ջուրը:
Կրիաները բաց օվկիանոսում միասին են ճամփորդում: Տարվա ընթացքում խումբը կարող է հազար մղոնից ավելի անցնել: Նրանք ժամանակի մեծ մասն անցկացնում են քնած՝ տրվելով ջրի մակերևույթի ազատ հոսքին: Երբեմն նրանք բարձրանում են օվկիանոսը թափվող գետերն ի վեր և դառնում են ձկնորսների կարթերի զոհը: Սակայն դա տևում է կարճ ժամանակ, որովհետև հզոր լողաթևի մեկ թափահարում, և ձկնորսական կարթի թելը կտրված է:
Ծովում կրիաները կարող են բազմատեսակ սնունդ գտնել: Նրանք հաճախ բավարարվում են միայն ձկներով, սակայն երբեմն ուտում են նաև ծովային բույսեր, խեցգետիններ, կակղամորթեր, ոստրեներ, ծովային սպունգ, մանր ծովախեցգետին և անգամ՝ մեդուզաներ:
Մենք շատ քիչ տեղեկություններ ունենք ծովային այս հսկաների մասին: Նրանց ավելի հաճախ կարելի է հանդիպել կենդանաբանական այգիներում կամ օվկիանոսին մոտ՝ մեծ ակվարիումներում:
Հայտնի է, որ նրանք հսկայական տարածություններ են լողում բաց օվկիանոսում, սակայն ամեն տարի՝ ուշ գարնանը կամ վաղ ամռանը, վերադառնում են նույն ափը՝ զուգավորվելու և ձու դնելու: Միացյալ Նահանգներում նրանց բնադրման տարածքները գրավում են Հյուսիսային Կարոլինայից մինչև Տեխաս ձգվող ծովեզրը: Ամառային գիշերների ընթացքում՝ մակընթացության ժամանակ, մայր կրիաները լողում են դեպի ափ՝ իրենց բունը փորելու և ձու դնելու: Նրանք այնքան են շրջում ափին, մինչև գտնում են բունը՝ փորելու համար ամենահարմար տեղը: Մայր կրիան իր չորս լողաթևերով մի ոչ խորը բացվածք է անում ընտրած տեղում, ապա օգտագործելով միայն հետևի լողաթևերը՝ ավազի մեջ փորում է մի կլոր փոս: Մեծ զգուշությամբ նա մարմնով կողքից կողք է շարժվում՝ ամեն անգամ միայն մեկ լողաթևով և շատ կոկիկ հանելով ավազը: Երբ փոսն այնքան խորն է լինում, որ նա այլևս չի կարողանում հասնել դրա հատակին (սովորաբար 60սմ խորությամբ և 25սմ լայնությամբ), նա դադարեցնում է աշխատանքն ու սկսում է ձվադրությունը:
Այն պահից, երբ ձվերն սկսում են դուրս գալ, նա այլևս ուշադրություն չի դարձնում դիտորդներին: «Արցունքների» լայն շիթերը հոսում են նրա դեմքն ի վար, սակայն իրականում նա չի արտասվում: Նրա աչքերն անընդհատ թրջվում են՝ ավազի հատիկներից պաշտպանվելու համար:
Էգ կրիային մոտ 20 րոպե ժամանակ է պետք 100-150 ձու դնելու համար: Ձվերը կատարյալ կլոր ձև ունեն ՝ մոտավորապես գոլֆի գնդակի չափ և բավականին ամուր են, որպեսզի բնի մեջ ընկնելիս չկոտրվեն: Վերջացնելուն պես նա բունն արագ ծածկում է լողաթևերով՝ ավազը հետ լցնելով, և շուրջն էլի ավազ է շաղ տալիս՝ բնի տեղը թաքցնելու համար:
Մի քանի րոպե հանգստանալուց հետո, նա շրջվում է դեպի մութ օվկիանոսը, ծուլորեն տրվում է ջրի մակերևույթի հոսքին և ապա լողում է դեպի բաց ծով: Նա իր ձվերը թողնում է արևի ջերմությամբ հասունանալու, իսկ ձագերին՝ միայնակ լույս աշխարհ գալու:
Ամառվա ընթացքում մայր կրիան կարող է մի քանի անգամ «բնադրել»: Ամեն մի բնադրումից հետո նա կրկին միանում է իր զուգընկերոջը ցամաքից հեռու՝ ջրի մեջ: Հայր կրիաները երբեք ջրից դուրս չեն գալիս, սակայն ամբողջ ամռանը համբերատար սպասում են ափի մոտ, մինչև խումբը կրկին ազատվի՝ բաց ծովում լողալու համար:
Փոքրիկ կրիաները ձվից դուրս են գալիս մոտ վեց օր անց: Կախված ծովային կրիայի տեսակից՝ նրանք կարող են մեկից չորս դյույմ լինել: Նրանք միասին դանդաղ փորում ու վեր են բարձրանում ավազի միջով: Սպասում են, մինչև մութն ընկնելը և հանկարծակի դուրս գալիս բնից, ուր նրանց ոչնչացնելու պատրաստ թշնամիներ են սպասում: Ափին վխտում են սնունդ փնտրող ջրարջերը, վայրի շներն ու խոզերը, իսկ ծովում սպասում են մեծ ձկները: Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահում փոքրիկ կրիաներին ջուրը մտնելուց հետո: Նրանք ասես անհետանում են և հայտնվում են միայն բավականաչփ մեծանալուց հետո:
Ձագերից շատ քչերն են հասնում հասուն տարիքի: Լավ է, որ մայր կրիան այդքան շատ ձու է դնում, որովհետև ձագերի միայն մի մասն է կենդանի մնում: Այնուամենայնիվ, վերջերս նկատվում է ծովային կրիաների քանակի նվազում:
Մի ժամանակ կրիաների ձվերը հազարներով հավաքվում ու վաճառվում էին շուկաներում: Կրիաների որոշ տեսակների միսը շատ համեղ է, և մինչ օրս էլ դրանց որսում են և օգտագործում տարբեր ուտեստներ պատրաստելու համար: Լողափին քիչ տարածքներ են մնացել, որոնք կրիաները կարող են օգտագործել բնադրման համար, և անգամ դրանք, մարդու վնասակար ազդեցության հետևանքով, հետզհետե նվազում են: