ՀՀ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ
Հայաստանի Կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։
Հայաստանի կենդանիների Կարմիր գիրք Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, հայկական որոր, սև անգղ, և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (Սևանի իշխան, Սևանի բեղլու) տեսակներ։
Գորշ արջ (լատ.՝ Ursus arctos)
Կաթնասունների ընտանիքի գիշատիչ կենդանի։ Հայաստանում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում։ Բնակվում է հիմնականում անտառներում, սակայն հանդիպում է նաև ժայռերի ու կիրճերի քարակույտերում, քարանձավներում, թփուտներում։ Ձմռանը քուն է մտնում (կան անհատներ, որոնք թափառում են մինչև գարուն) որջում (յուրաքանչյուրում՝ 1 արջ, իսկ մայրը՝ ձագերի հետ), որի ցամքարը պատրաստում է չոր ճյուղերից ու տերևներից։ Հայաստանում տարածված գիշատիչներից ամենախոշորն է։
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը և մարդու կողմից անհանգստություն պատճառելը: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում:
Ջրասամույր (լատ.՝ Lutra lutra)
Կզաքիսների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն կենդանի։ Մարմինը ճկուն է, մկանոտ, երկարությունը՝ մինչև 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, կենդանի զանգվածը՝ 6-10 կգ։ Թաթերը կարճ են, մատները՝ լողաթաղանթով միացած։ Լավ լողում ու սուզվում է։ Մազածածկը մեջքի մասում մուգ գորշ գույնի է, փորի կողմից՝ բաց արծաթավուն։ Սնվում է հիմնականում ձկներով, գորտերով, երբեմն՝ բադերով։
Ջրասամույրի մորթին շատ արժեքավոր է․ անխնա ոչնչացման հետևանքով որսը շատ երկրներում արգելված է։Վտանգման հիմնական գործոններն են բրիտոպերի ոչնչացումը, ջրերի աղտոտումը և ձկների գերորսը։ Պահպանվում է «Սևան», «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկում[
Ընձառյուծ, հովազ, ինձ (լատ.՝ Panthere pardus)
Կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է ՀՀ կարմիր գրքում։
արմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը հասնում է 165 սմ-ի, պոչինը՝ 75-110 սմ-ի, իսկ քաշը՝ 60 կգ-ի։ Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։
ՀՀ է անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտում, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում։ Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։ Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, նաև ձկներով ու լեշերով։ Ուժեղ և ճարպիկ կենդանի է, որսի վրա հարձակվում է գաղտագողի դարանակալելով։
20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով։ Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատի։ Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի անտառ արգելոցում, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում: Ընձառյուծները տարածված են նաև,Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել։Վտանգման հիմնական գործոնն է որսագողության ու մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած արեալի մասնատվածությունը:Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում
Օդի, Հայկական մուֆլոն կամ անդրկովկասյան լեռնային ոչխար
Սնամեջ եղջյուրավորների ընտանիքի վայրի ոչխար։ Բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։
Բնակվում են լեռնային լանդշաֆտներում։ Էգերն ապրում են 100 առանձնյակից կազմված խմբերով, իսկ արուները՝ միայնակ, երբեմն կազմում են մի քանի հազար գլխից կազմված հոտեր։ Շատ տեսակներ գաղթում են կերով հարուստ տարածքներ։ Ապրում է 12-14 տարի։ Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում։
Սովորական կամ վարդագույն ֆլամինգո (լատ.՝ Phoenicopterus roseus)
Որպես չվահյուր Հայաստանում հանդիպում է Արաքս գետի հովտում և Սևանա լճի ավազանում Ապրում է Սևանա լճի ծանծաղուտներում և Նորադուզ գյուղի շրջակայքում։ Տնային բադից խոշոր թռչուն է, պարանոցն ու ոտքերը անհամաչափ երկար են: Փետրավորումը սպիտակ է՝ վարդագույն երանգով։ Թևերի ծայրերը սև են, իսկ միջին մասը՝ վառ կարմիր։Անհետացող տեսակ է։ Սպառնացող վտանգներից է համարվում անօրինական որսը։ Պահպանվում է «Սևան» ազգային պարկում
Սև անգղը
Հզոր կտուցով, կարճ, բութ սրված պոչով խոշոր լեշակեր թռչուն է։ Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչունները ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։ Նախընտրում է նոսր բուսականությամբ պատված լեռներ, գետաձորեր։ Հայաստանում բնադրում է Խոսրովի անտառ պետական արգելոցում։Վտանգման հիմնական գործոններն են վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ կապված կերային բազայի վատթարացումը, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը։
Հայկական որոր լատ.՝ Larus armenicus)
Որորների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն,
Բնադրում են Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի լեռնային լճերի մոտ։ Թվաքանակով ամենամեծ պոպուլյացիան Հայաստանում է՝ Սևանա, Արփի լճերի, Արաքս, Հրազդան և Ախուրյան գետերի շրջակայքում։
Թռչունների մեծ մասը ձմեռում է Թուրքիայում, Լիբանանում և Իսրայելում։
Վտանգման հիմնական գործոններից են բնադրավայրերի ոչնչացումը, մարդու կողմից պատճառվող անհանգստությունը, որորների ուղղակի ոչնչացումը, բնադրման պայմանների և կերային բազայի վատթարացումը։ Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում
Հայկական իժ (լատ.՝ Vipera raddei)
Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի լեռներում։ Տարածված է կիսաչորային, լեռնատափաստանային, թփուտային ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։
Կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։ Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում լեռնատափաստանային և մարգագետնային գոտիներում մանր եղջերավոր անասունների արածեցումը: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի լեռնամարգագետնային գոտու փոքր հատվածներում:
Հայկական բարձրավանդակի էնդեմիկ տեսակ է, Թվաքանակը մեծ չէ, լեռնատափաստանային իժի բարձրադիր գոտիներում տարածվածությամբ պայմանավորված՝ թվաքանակը կայուն է:
Սիրիական սխտորագորտ (Pelobates syriacus),
Սխտորագորտերի ընտանիքի անպոչ երկկենցաղ։Հայաստանում հանդիպում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Օգտակար է, ոչնչացնում է վնասատու միջատներին, մեծ օգուտ է տալիս այգիներին ու բանջարանոցներին։Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, Ղարաբաղի կենդանիների կարմիր գրքում : Քանակապես կրճատվող տեսակ է։
Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ
Հայաստանում այդ ընտանիքի միակ ներկայացուցիչն է։
Հուլիսի սկզբին ծնում է 1 ձագ։Գերադասում են անտառային հատվածները՝ ջրավազաններին մոտ: Զբաղեցնում են ծառերի փչակները, ժայռերի ճեղքերը և ծառերի անջատված կեղևի տակ գտնվող դատարկությունները: Կենսաբանության առանձնահատկությունները բավարար չափով ուսումնասիրված չեն: Կարող են թռչել ծառերի սաղարթների վրայով, նույնիսկ մինչև արևի մայր մտնելը: Բազմաքանակ գաղութներ չեն առաջացնում, ավելի հաճախ ձևավորում են 2-6 առանձնյակներից կազմված խմբեր
Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում։ Ոչ մեծ խմբերով (5-25 առանձնյակ) թաքնվում է ժայռաճեղքերում, ոչ խորը քարանձավներում, փչակներում և այլն։
Լայնականջ ոզնի
Ոզնիների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի։
Հայաստանում հանդիպում է Սյունիքի և Արագածոտնի մարզերում։ Ղարաբաղի հարավում հանդիպում է Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի տարածքում,
Սնվում է միջատներով, որդերով, խխունջներով, օձերով, պտուղներով, հատապտուղներով և այլն։ Սննդային մրցակիցներից են սովորական ոզնիները, միջատակեր և գիշատիչ թռչունները։
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է: