Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։
1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։
1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։
1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։
1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887 թվականին վեպը տպագրում է առանձին գրքով։
1888 թվականին Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։ 1889 թվականին ծնվում է նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896 թվականին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։
1891 թվականին Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։
1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893 թվականին հանդեսը դադարում է լույս տեսնել։
Գրիգոր Զոհրապը Պոլսի իր տան պատշգամբում
Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թվականներին։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը՝ «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ՝ ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։
Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-1895 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականին շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։
Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։
Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։
1898 թվականին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։
Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։