Զատիկ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ Եկեղեցու մեծագույն տոներից է և արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության և մարդու փրկագործության նախախնամ խորհրդի: Աստծու Որդու՝ խաչի վրա մահվամբ և հարությամբ մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ: ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զ Ա Տ Ի Կ
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն ( հին հունարեն ՝ πάσχα, լատիներեն ՝. Pascha, հին եբրայերեն՝ פסח (պեսախ, բեսախ), անցում, զատում, բաժանում, հեռացում), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը:
Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի մ.թ.ա. 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է` 27-33թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը : Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես
Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից` անդրանիկ զավակների կոտորածից:
Համաձայն քրիստոնեական ուսմունքի` այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման` հանուն մարդկության փրկության: Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» (Ա Կորնթ. 5.7–8):
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա:
Հաջորդ օրը` երկուշաբթի,Զատկի մեռելոցն է:
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը : Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:
Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը:
Զատկի ավանդույթներ
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է
խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց
մարդկության փրկության համար:
Ըստ Ս.Գրիգոր Տաթեւացու՝ "Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի եւ ինչպես իմաստուններն են ասում. Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը":
Զատիկի խոհանոց
Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի: Ժամանակին ածիկը և սամիրն այդ տոնի ճաշացանկում պարտադիր էին: Ածիկը պատրաստվում էր ցորենի ծլեցրած կանաչի հյութով, որն ուտում էին պահքից դուրս գալուց` Զատկին նախորդող թաթախման երեկոյան:
Զատկի կերակուրներից ամենաընդունվածը չամչով փլավն է:
Բրինձը եփում են աղաջրում: Կաթսայի տակ լավաշ են դնում, վրան` շերտ-շերտ բրինձ և յուղի մեջ տապակած չամիչ լցնում:
ԶԱՏԻԿԻ ՉԱՄԻՉՈՎ ՓԼԱՎ Բաղադրիչներ.
բրինձ – 4 բաժակ, չամիչ – 400 գ, ծիրանի չիր – 50 գ, սալորաչիր – 50գ, լավաշ – 0.5 հատ, յուղ – 3-4 ճ.գդ., աղ ըստ ճաշակի
Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ շարել կտրատած լավաշը, լցնել բրնձի մի մասը, ապա չիրն ու չամիչը: Վրան կրկին լցնել բրինձ, հետո յուղն ու չրեղենի մնացած մասը: Փլավը ծածկել լավաշի ոչ շատ մեծ շերտերով, լցնել եռացած գոլ ջուր և եփել շատ մարմանդ կրակով: Եթե կափարիչը հերմետիկ չի փակվում, այն փաթաթել մաքուր սրբիչով: Հարկ եղած դեպքում աղ անել:
Չամիչով փլավ ( Սուրբ զատիկ )
Եռացող ջրի մեջ լցնել բրինձը, աղը, շաքարավազն /ըստ ճաշակի/ և խառնելով 15 րոպե եփել: Ավելացնել տաք կաթը և նորից խառնել: Տապակի հատակին պատերին կարագ քսել, աղացած պաքսիմատ ցանել, եփված բրինձը լցնել մեջը, վրան ձու և թթվասեր քսել և ոչ շատ տաք ջեռոցում թխել; Մատուցել տաք կարագով կամ թթվասերով:
Չամիչով փլավ
Չամիչով փլավը Զատիկի ամենասիրելի ուտեստն է բոլորի համար: Ես չգիտեմ այն զուտ հայկական է, թե ոչ, կամ միայն մենք ենք պատրաստում այս տոնին, թե ոչ, բայց որպես հայկական Զատիկի սեղանի կարևոր ուտեստ, հաճույքով ներկայացնում եմ Ձեզ:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1.5 բաժակ բրինձ
1 բաժակ չամիչ
մոտ 1 բաժակ մրգաչիր (ծիրան, դեղձ)
0.5 բաժակ ծիրանի կուտ (կարելի է
ավելացնել նաև պնդուկ, նուշ, հնդկական ընկույզ)
0.5 լավաշ
50գ բուսայուղ կամ 70գ կարագ
1. Բրինձը լվանալ և եփել, 1 բաժակին 2 բաժակ ջուր հարաբերությամբ: 2. Թավայի մեջ լցնել բուսայուղը կամ կարագը և դրեք կրակին, երբ տաքանա, ավելացրեք չամիչը, կտերն ու չիրը և խառնելով այնքան թողեք կրակին, որ այն թեթևակի կարմրի և դեղնի, չամիչներն էլ ուռչում են: 3. Երբ բրինձն ու չամիչը արդեն պատրաստ են կաթսայի տակը ավելացնում եք կարագ կամ բուսայուղ, լավաշը բաժանում եք քառակուսիների (մոտ 6-7սմ) և թեթևակի կարմրացնում եք յուղի մեջ (այս լավաշին ավելացնում են նաև հարած ձու): 4.Այնուհետև բրինձն ու չամիչի խյուսը խառնում եք իրար ու լցնում լավաշի վրա, մի լավ գդալով տափակացնում ու նստացնում և կրակից վերցնում ենք: 5. 5-10 րոպե այդպես թողնում ենք մեր փլավը մնա, այնուհետև կաթսայի բերանի չափով մեծ ափսե ենք ընտրում, դնում ենք կաթսայի բերանին շուռ ենք տալիս, և մեր փլավը արդեն պատրաստ է մատուցելու:
- Ձուկ և գինի Պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է`խաշած կամ տապակած վիճակում և կարմիր գինին:
Խաշած ձուկ բրնձի փլավով Սիգ կամ իշխան ձուկ 700-800 գր., բրինձ 300 գր., ձիթայուղ կամ կարագ 50 գր., սալորաչիր 100 գր., աղ, սամիթ ըստ ճաշակի, չամիչ, կարմիր խնձոր: Խաշվում են առանձին, մատուցվում միասին: Սամիր / Կաթով եփած կորկոտաճաշ կամ եգիպտացորենի ճաշ / 1կգ կորեկ, 7 բաժակ ջուր, աղ ըստ ճաշակի, 1լիտր կաթ, 1 սուրճի գավաթ դոշաբ, ձիթայուղ, դարչին ըստ ճաշակի: Կորեկը եռացնում են թույլ աղաջրում: Եփվելուց հետո քամում և լցնում են տաք կաթի մեջ: Շարունակում են եփել մարմանդ կրակի վրա: Թանձրանալուց հետո վրան լցնում են դոշաբ, ծեծած դարչին և տաք-տաք ուտում:
Ածիկ ( Սուրբ զատիկ ) Ածիկը պատրաստում են գարնանային ցորենով: Ցորենը լվանում և լցնում են ուռենու ճյուղերից պատրաստված զամբյուղների մեջ և դնում մութ տեղ: Երկու օրը մեկ ջուր են շաղ տալիս ցորենի վրա: Ցորենը պետք է ծլի այնքան, մինչև ծիլերի բարձրությունը հավասարվի չորս մատի: Ծիլերից աղալու, ծեծելու կամ այլ միջոցով ստանում են հյութ, որի վրա ալյուր են լցնում և փայտե շերեփով խառնում այնքան, մինչև դառնա ծորուն զանգված: Այնուհետև դնում են կրակի վրա և խառնելով եփում:
Զատիկի կարևորագույն կերակուրներից է քյալագոշը , որը պատրաստվում է լավաշով, ոսպով, չորաթանով և համեմվում ծիտրոնով: Կերակուրները մատուցվում էին կանապեների տեսքով, որը թերևս այդ կերակուրների մատուցման հաջող ժամանակակից լուծում էր: Թանապուր Թանապուրի ձավարը լվանում են, վրան ձու կոտրում և ալյուր ավելացնում: Անընդհատ խառնելով` քիչ-քիչ ավելացնում են թանը: Պատրաստի ապուրին ավելացնում են սոխառած և տարբեր համեմունքներ` համեմ, դաղձ, ուրց, բազուկի տերևներ: Զատկի սպասը սովորականից ավելի թանձր է պատրաստվում և անպայման` դաղձով: Տապակած բանջար Բանջարը (սիբեխ, սպանախ, փիփերթ, թելուկ, եղինջ) լվանալուց հետո եփում են աղաջրով: Քամում են և տապակելով յուղի մեջ` վրան ավելացնում հարած ձու: Ի դեպ, այդ օրը բանջարի հետ տուն էին բերում նաև մանուշակներ, որոնք խաչաձև փնջելով` դնում էին Զատկի սեղանի վրա: Ճլբուր Սոխառած են անում, վրան ջուր լցնում, այնուհետև ձվերը հարելով լցնում են վրան և եփում: Ուտելիս ավելացնում են սխտոր և դաղձ:
ԶԱՏԻԿԻ ՔԱՂՑՐ ՀԱՑ
Բաղադրիչներ.
խմոր. չոր խմորիչ – 1 ճ.գդ., տաք ջուր – 0,25 բաժակ, ձու -5 հատ, շաքարավազ – 1 բաժակ, բալի աղացած կորիզ կամ դառը նուշ – 1 թ.գդ., անյուղ կաթ – 2 բաժակ, անալի կարագ կամ մարգարին – 1 բաժակ (230 գ) , մաղած ալյուր – 7-8 բաժակ, վրան քսելու համար. դեղնուց – 2 հատ, տաք ջուր – 1 ճ.գդ.
Խմորիչը բացել 1/4 բաժակ տաք ջրի մեջ, թողնել 10 րոպե: Ջուն հարել, ավելացնել
շաքարավազը, աղացած կորիզը, կաթը, կարագը, խմորիչը:
Զգուշորեն ավելացնել 1 բաժակ ալյուր, խառնել, նորից
մի բաժակ ալյուր լցնել, խառնել 20րոպե բաժակ-բաժակ
լցնելով ալյուրը: Խմորիը չպետք է կպչի ձեռքերին: Խմորը
բաժանել 8 հավասար մասի, գնդեր անել:
Ծածկել սրբիչով, թողնել 3 ժամ: Խմորից հյուսքեր անել:
Գունդը բաժանել երեք մասի, ամեն մեկը երկարացնել 30 սմ:
Մի կողմից երեք խմորը իրար միացնել և հյուսել:
Թողնել մի ժամ մնա: Ջեռոցը տաքացնել 175 C:
Վրան քսել դեղնուցի և ջրի խառնուրդը:
Վրան քունջութ ցանել:
Թխել 35-40 րոպե: Ոսկեգույն դառնալուց հետո հանել սառեցնել:
Կարելի է նաև չամիչ լցնել խմորի մեջ կամ հյուսելու
ընթացքում որևէ միջուկ դնել: