ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Դու, երկնամերձ իմ հայրենիք, դո՛ւ, հինավուրց ի՛մ Հայաստան,
Անմահ բանի սպասարկու, խորհուրդ խորին, ի՛մ Հայաստան,
Դո՛ւ, ալևոր տեսիլների աստեղազօծ ի՛մ Հայաստան,
Եվ նոր խոսքի ավետաբեր, հազարավերք, ի՛մ Հայաստան:
Սաղավարտներ դրած կանգնած քո լեռներդ կուռ երկաթի,
Արորներըդ արյունազանգ` արդարության ցորեն արտի.
Երդիկներիդ ծուխերն անուշ` նվիրական Նավասարդի,
Հին օրերի երգ սրբազան, սեղան զոհի, ի՛մ Հայաստան:
Քո գետերըդ` տեգ սուրացող, ազատատենչ, կամուրջ քանդող,
Քաղաքներիդ մոխիրներից ծլած վարդերն արյուն-բուրող.
Շարականներըդ` հոգեբուխ, շինականիդ երգը` լացող.
Հին սերերի, նոր կարոտի ոսկի բամբիռ, ի՛մ Հայաստան:
Դստրիկներըդ քո փափկասուն` անապատի գայլերին կեր,
Որբուկներըդ` մերկ ու ծարավ. սովալլուկ, մահի ընկեր.
Բախտիդ վրա` ծափ ու ծիծաղ, սփոփանքի ունայն խոսքեր,
Նոր հույսերի, նոր երգերի երազաբույր ի՛մ Հայաստան:
Բարեկամներից վաճառված, անիրավված ի՛մ հայրենիք,
Ոսոխներիդ կըրունկի տակ ավերակված ո՛րբ հայրենիք,
Սարսափներով, եղեռններով հավերժացած հի՛ն հայրենիք,
Արյունիդ մեջ սուրբ իրավունք, հոգիդ արև, ի՛մ Հայաստան:
Կըռունկներըդ համբավ տանող` պանդուխտներիդ աշխարհալած,
Նահատակված տաճարներիդ գմբեթները երկնասլաց,
Մագաղաթներդ արյունաներկ` ձայն հեծության, հառաչանաց,
Հընուց ուխտի վըկայական, ավանդատուն, ի՛մ Հայաստան:
Ծիրանավոր քաջ-Մասիսըդ` սպարապետ քեզ պահապան,
Ծերուկներըդ` ճակատագրիդ ճամփաների սուրբ օրհնաբան,
Նոյ-Նահապետ աստվածատես` ածուներիդ վեհ այգեպան,
Մանուկներիդ ու կույսերիդ արյան հընձան, ի՛մ Հայաստան:
Արդարախոս ու մեծասքանչ քո հին լեզվով օրհներգըված,
Լուսավորչի լույս կանթեղով երկինքներըդ լուսերանգված,
Անճառելի ու դարերի տանջանքներով հոգիացած,
Հըրաշափառ քո Հարությամբ` նորամանուկ ի՛մ Հայաստան: