Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Презентации  /  2 класс  /  Մայիս հաղթանակների ամիս

Մայիս հաղթանակների ամիս

Մայիս հաղթանակների ամիս
08.05.2020

Содержимое разработки

Մայիս հաղթանակների ամիս

Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը, օգտւելով ստեղծւած միջազգային իրադրութիւնից, որոշեցին իրականացնել Հայկական Հարցի լուծման պանթուրքական ծրագիրը: Հայ ժողովրդի արեւմտեան հատւածը բնաջնջելոց եւ Արեւմտեան Հայաստանը հայաթափ անելուց յետոյ՝ թուրքերը ծրագրում էին վերացնել նաեւ արեւելահայութեանը:

Ռուսական բանակի կողմից Կովկասեան ռազմաճակատի մերկացումը Հոկտեմբերեան յեղաշրջման առաջին եւ թերեւս ամենամեծ «նւէրը» եղաւ հայ ժողովրդին: Ստեղծւած իրավիճակից չյապաղեց օգտւել թուրքական բանակը եւ խախտելով Երզնկայի զինադադարը՝ 1918 թ. յունւարի 31-ին թուրքական «Կարս» զօրամիաւորումը Վեհիբ փաշայի գլխաւորութեամբ անցաւ յարձակման: Մէկը միւսի յետեւից ընկնում էին հայոց բերդաքաղաքները՝ Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը: Մայիսի 15-ին թուրքերը գրաւեցին Ալեքսանդրապոլը (Գիւմրի)՝ առաջխաղացումը շարունակելով երեք՝ Ալեքսանդրապոլ-Սարդարապատ-Երեւան (երկաթուղու երկայնքով), Ջաջուռ-Բաշ Ապարան-Երեւան, Ջաջուռ-Համամլու (Սպիտակ)-Ղարաքիլիսա (Վանաձոր)-Դիլիջան-Ղազախ ուղղութիւններով: Հայ ազգը կանգնել էր կործանման եզրին: Ժամանակի նշանաւոր քաղաքական գործիչներից մէկը՝ Սիմոն Վրացեանը, այսպէս է նկարագրել այդ օրհասական պահը. «Ճանապարհները դէպի Թբիլիսի եւ Բաքու փակւած էին ամուր: Պարսկաստան տանող երկաթուղին չէր գործում, Շարուր-Նախիջեւանը մահմեդականների ձեռքին էր: Իսկ հարաւից եւ արեւմուտքից թուրքն էր գալիս՝ կոտորելով հանդիպող հային... Ելք չկար... Մա՛հ կամ ազատութիւն. ուրիշ վրկութիւն չկայ: Եւ ահա կատարւում է հրաշք՝ մէկը այն հրաշքներից, որոնք գալիս են բոլորովին չսպասւած եւ փրկում անյոյս համարւած կացութիւնները: Ժողովուրդը, նրա առաջնորդները, զօրքը, ամենքը համակւում են մէկ գիտակցութեամբ՝ յաղթել կամ մեռնել»:
Թշնամու ուժերի ճնշման տակ Իգդիրի ջոկատը, կատարելով Մ. Սիլիկեանի հրամանը, մայիսի 18-ին՝ Կարակալայի մայիսի 20-ին Մարգարայի կամուրջներով անցաւ Արաքսի ձախ ափը: Այդ կամուրջները պայթեցւեցին, եւ Սուրմալուն գրաւած թուրքական զօրքերը մնացին կտրւած Սարդարապատի ռազմաբեմից: Արարատեան դաշտ ներխուժած թուրքական զօրքերը 1918 թ. մայիսի 19-ին մօտեցան Սարդարապատ գիւղին: Մայիսի 21-ին գրաւեցին Սարդարապատ գիւղն ու համանուն կայարանը եւ հասան մինչեւ Ղամշլու (Եղէգնուտ) կիսակայարանը:
Երեւանի Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկեանը դիմում է ժողովրդին կոչով՝ համախմբւել ու կռւել թշնամու դէմ: Բացառիկ կամքի ու խելքի տէր այս գործիչն իր լաւատեսութեամբ ոգեւորիչ օրինակ դարձաւ հայ զօրականներին: Նոյնիսկ Ալեքսանդրապոլի անկման լուրը ստանալով՝ նա հաստատակամօրէն ասել է. «Դէպի գործ եւ աշխատանք: Յաղթողը մենք ենք լինելու»:
Ամենայն հայոց կաթողիկոս Գէորգ Ե Սուրէնեանցը հրաժարւում է հեռանալ Էջմիածնից՝ յայտարարելով. «Եթէ հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանել այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, հոգ չէ, թէ կը զոհւեմ հազարամեայ մայր տաճարի շեմին»: Կաթողիկոսը Տիրայր արքեպիսկոպոսին հրամայում է հնչեցնել եկեղեցիների զանգերը եւ իր մերժումի խօսքը հաղորդել զօրքին ու ժողովրդին: Երեւանում կուտակւած հազարաւոր մարդիկ փողոցներում դրւած սեղանների մօտ գրանցւում եւ անմիջապէս ռազմաճակատ էին մեկնում՝ համալրելով Երեւանեան զօրախումբը (հրամանատար՝ գեներալ-մայոր Մովսէս Սիլիկեան) եւ Սարդարապատի ջոկատը (հրամանատար՝ գնդապետ Դանիէլ Բէկ-Փիրումեան):
Մայիսի 22-ի առաւօտեան հայկական զօրամասերը, յարձակման անցնելով, վերագրաւեցին մէկ օր առաջ թուրքերի գրաւած Սարդարապատ կայարանը: Առաջին յաջողութիւնն իր բարերար ազդեցութիւնն ունեցաւ ոչ միայն զօրքի, այլեւ՝ ժողովրդի վրայ: Մարտերն ընթանում էին փոփոխական յաջողութիւններով: Հայ ռազմիկների մարտական բարձր ոգին նրանց մղում էր անձնազոհութեան:
Վճռական եղաւ մայիսի 27-ի գիշերը: Խզնաուզից դուրս գալով՝ Կարօ Հասան Փաշայեանի ջոկատը շրջանց կատարելով անցաւ թուրքական բանակի թիկունքը՝ կատարելով թեւային յարձակում: Սարդարապատի խմբաւորման շտաբի պետ Ա. Շնէուրի վկայութեամբ՝ այս մարտին մասնակցում էր Դանիէլ Բէկ-Փիրումեանը: Ջրհան աշտարակից տեսնելով, որ գրոհի նետւած զինւորները թշնամու գնդացրային կրակից մի պահ շփոթւել են՝ չապաւինելով խօսքի ուժին, հանում է զինւորական վերարկուն, շրջում վառ կարմիր աստառի կողմը եւ ոգեւորելով զինւորներին՝ առաջնորդում մարտի: Սարդարապատի հերոսամարտն աւարտւեց հայերի փայլուն յաղթանակով: Մայիսի 27-28-ին հայկական զօրամասերը, ծանր վնասներ հասցնելով թուրքական զօրքերին, ստիպեցին նրանց փախուստի դիմել դէպի Ալեքսանդրապոլ:
Սարդարապատի հերոսամարտը հայութեան միասնութեան, հաւաքական պայքարի հերոսական օրի նակ է, որտեղ դրսեւորւեց օրհասի ժամին ժողովրդական բոլոր խաւերի, քաղաքական բոլոր հոսանքների անհրաժեշտ միասնութեան հրամայականը: Կողք-կողքի կռւում էին արեւմտահայն ու արեւելահայը, զինւորն ու աշխարհազօրայինը, տղամարդն ու կինը, երիտասարդն ու ծերը, մտաւորականն ու գեղջուկը, աշխարհականն ու հոգեւորականը: Սարդարապատի յաղթանակը, հայրենասիրութեան, անձնազոհութեան, ժողովրդի միասնութեան դրսեւորումը լինելուց բացի՝ ժողովուրդների բարեկամութեան վառ վկայութիւն էր: Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազգային-ազատագրա կան պայքարի ամենահերոսական էջերից է: Սարդարապատի հրաշքը կանխորոշեց հայերի ապագան եւ հիմք դրեց հայոց վեցդարեայ կորսւած պեականութեան վերականգնմանը: Հայի համար Սարդարապատը նոյնն էր, եթէ ոչ աւելին, ինչ Բորոդինօն՝ ռուսի, Շիպկան՝ բուլղարացու եւ Թերմոպիլէն յոյնի համար:

 

Բաշ Ապարանի հերոսամարտը

Այդ օրերին մարտեր էին մղւում նաեւ Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում: Թուրքական երրորդ զօրախումբը, յարձակւելով Ալեքսանդրապոլ-Համամլու ուղղութեամբ, մայիսի 20-ին գրաւում է Համամլուն եւ շարժւում է դէպի Բաշ Ապարան:
Հայկական բանակի հրամանատարութիւնը ռազմաճակատի այդ հատւածում բնակչութեան ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու նպատակով՝ Բաշ Ապարանի ճակատ է ուղարկում Սեդրակ Ջալալեանի եւ Արսէն Տէր-Պօղոսեանի/Րաֆֆու «Խենթ» վէպի հերոս Վարդանի որդին/ մարտական խմբերը: Առաջին լուրջ բախումները տեղի են ունենում «Դաւաբոյին» կոչւող տեղամասի բարձունքներում:
Թուրքերի յայտնւելը Բաշ Ապարանի ճակատում կրկնակի սպառնալիք է ստեղծում Երեւանի համար: Մայրաքաղաք տանող հիւսիսային դարպասները բաց էին: Հայկական զօրքերի հրամանատարութիւնը կարողանում է ճիշտ ժամանակին գնահատել վտանգի մեծութիւնը: Երեւանեան զօրախմբի հրամանատար գեներալ Մ. Սիլիկեանը երեւանեան ուղղութիւնից Բաշ Ապարանի ճակատ է ուղարկում մի քանի զօրամասեր: Ռազմաճակատի ապարանեան հատւածի հայ զօրագնդերի հրամատարութիւնը վստահւում է Դրաստամատ Կանայեանին՝ Դրոյին:
Դրօն իր զօրախմբով Բաշ Ապարանի ճակատ է հասնում մայիսի 23-ի երեկոյեան: Այդ օրն աշխարհազօրայինները չափազանց ծանր ու յամառ մարտեր էին մղել եւ տեղի տալով հակառակորդի գերակշռող ուժերին՝ հարկադրւած նահանջել են:
Մայիսի 22-25-ի յաղթական յարձակումները եւ Սարդարապատի ռազմաճակատում հայկական զօրքերի հետագայ գործողութիւնների ծաւալման համար ստեղծւած բարենպաստ պայմանները հնարաւորութիւն ընձեռեցին, որպէսզի հայկական բանակի հրամանատարութիւնը կարողանայ լրացուցիչ մարտական ուժեր տեղափոխել Բաշ Ապարանի ուղղութիւն:
Մայիսի 25-28-ին մարտեր մղելով՝ Բաշ Ապարանի շրջանում հայկական զօրամասերը կասեցրին թշնամու առաջախաղացումն ու հարկադրեցին հրաժարւել Երեւանն աքցանի մէջ առնելու ծրագրից:

 

Ղարաքիլիսայի հերոսամարտը

Ղարաքիլիսան շատ կարեւոր էր Երեւանը պահելու համար: Թուրքերի համար այն մարտավարական տեսանկիւնից մեծ նշանակութիւն ունէր. ճանապարհ էր բացելու դէպի Աղստաֆա եւ Բաքու: Ղարաքիլիսայի ճակատ էին նետւել երեք դիւիզիաներ՝ Կարաբեքիր փաշայի հրամանատարութեամբ:
Թուրքերը, օգտւելով հայկական գնդերի նահանջից, մայիսի 20-ին գրաւում են՝ Ջաջուռը, Աղբուլադը (Լուսաղբիւր), Ղալթախչին (Ապարանի շրջ., Հարթագիւնղ) ինչպէս նաեւ Վորոնցովկան՝ մահմեդական անկանոն զօրախմբերի օգնութեամբ:
Մայիսի 21-23-ը Անդրանիկի զօրաջոկատը, թէժ մարտեր մղելով Վորոնցովկայի եւ Ջալալօղլու (Ստեփանաւան) շրջանում, կանգնեցնում է թուրքերի առաջխաղացումը եւ շարժւում դէպի Դսեղ: Գարեգին Նժդեհը մայիսի 25-ին իր 40 հեծեալներով յարձակւում եւ կասեցնում է թուրքական 100 հեծեալների եւ հետեւակի առաջընթացը:
Մայիսի 26-ին Բէյ-Մամիկոնեանին յաջողւում է Մայմեխի մօտ շրջանցել թուրքերի աջ թեւը: Թշնամին փախչում է Հաջիղարայից: Զօրքի հետ ոտքի էին ելել նաեւ շրջակայ գիւղերի բնակիչները: Մայիսի 27-ին ռազմաճակատի կենտրոնում, Արջուտ գիւղի ուղղութեամբ, Ղորղանեանը յարձակման նետեց Էրզրումի գունդը:
Նոր համալրում կատարելով՝ թուրքերը օրւայ 2-րդ կէսին հայկական թեւերի դէմ ծաւալեցին յարձակում: Մայիսի 28-ի վաղ առաւօտից թուրքերը յարձակման անցան ճակատի կենտրոնում եւ աջ թեւում: Յայտնւելով կիսաշրջապատւած վիճակում՝ գնդապետ Նիկոլայ Ղորղանեանը յետ չքաշեց իր ուժերը՝ յոյսը դնելով մայիսի 27-28-ի գիշերը Բէյ-Մամիկոնեանից ստացած այն տեղեկութեան վրայ, որ Անդրանիկը մօտենում է:
Մայիսի 28-ի երեկոյեան ժամը 4-ին թուրքական 11-րդ դիւիզիայի առաջապահը մտաւ Ղարաքիլիսա: «Ղարաքիլիսայի ճակատամարտը հազւագիւտ մարտ էր»,- վկայում էր Քեազիմ Կարաբեքիրը Բաթումի բանակցութիւններում: Թուրքերը, Ղարաքիլիսայում տալով մեծ կորուստներ, այլեւս չշարունակեցին յարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղութեամբ, որը դէպի Գանձակ եւ Բաքու մղւող թշնամու համար գլխաւոր ուղղութիւնն էր:
Բաշ Ապարանի յաղթանակը, Անդրանիկի կողմից Դիլիջանի մատոյցները մայիսի 30-ից մինչեւ յունիսի 6-ը ամուր փակելը եղան այն հիմնական պատճառները, որոնք հակառակորդին ստիպեցին փոխել այդ զօրախմբի յարձակման ուղղութիւնը՝ դէպի Շուլավեր-Թբիլիսի:
Թէպէտ Ղարաքիլիսայում հայերը պարտւեցին, բայց հետագայում իր յուշերում Վեհիբ փաշան նշում է, որ Ղարաքիլիսայում հայերն ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լաւագոյն մարտիկները:
Մայիսեան հերոսամարտերի առնչութեամբ անգամ թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան խոստովանել է՝ «...իսկ Մեծ Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի կռիւները պատերազմական պատմութեան մէջ կարեւոր էջ են գրաւելու»:
Եթէ Բաշ Ապարանում յաջողւեց թուրքերին ստիպել դադարեցնել առաջխաղացումը, Ղարաքիլիսայում յամառ դիմադրութեամբ յաջողւեց արիւնաքամ անել թուրքական զօրամասերը եւ թուրքական հրամանատարութեան ստիպել առժամանակ հրաժարւել անյապաղ առաջխաղացումից դէպի Ղազախ, ապա Սարդարապատում գլխովին ջախջախւեց թուրքական բանակի պարծանք «Գելիբոլու» դիւիզիան:
Գնահատելով Մայիսեան հերոսամարտերը՝ Սարդարապատի մասնակից մարշալ Յ. Բաղրամեանը նշել է. «Եթէ չլինէին 1918 թւականի Մայիսեան յաղթանակները՝ չէր լինի հայոց պետականութեան վերածնունդը, չլինէր Աւարայրի ոգին՝ չէր թեւածի Սարդարապատի յաղթանակը»: Մայիսեան յաղթանակների հերոսական օրինակներով դաստիարակւած հայորդիներոը սխրանքներ գործեցին Երկրորդ աշխարհամարտում, Արցախի գոյամարտում: Այսօր էլ մեր պատմական յիշողութեան մէջ վառ է Սարդարապատի հերոսամարտը: Սարդարապատում նւաճւած յաղթանակը հայոց պետականութեան վերականգնման, Հայաստանի Հանրապետութեան հռչակման երաշխիքը դարձաւ: Մայիսեան հերոսամարտերում տարած յաղթանակների գրաւականը նորաստեղծ ազգային կանոնաւոր զօրամիաւորումներն էին եւ աշխարհազօրի մասնակցութիւնը:



-80%
Курсы повышения квалификации

Профилактика нарушения зрения у детей и подростков

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Մայիս հաղթանակների ամիս (18.07 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт