1878թ. (Բեռլինի վեհաժողովը)
1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակն, ուժեղացնել իրենց դիրքերը և ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա:
Վեհաժողովի որոշմամբ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Ալաշկերտն իր հովտով և Բայազետը (Էրզրումը մինչ այդ էր վերադարձվել): Նրան թողնվեցին միայն Արդահանը, Կարսը, ինչպես նաև Բաթումը: Բեռլինի համաձայնագրում Հայկական հարցին էր նվիրված 61-րդ հոդվածը, որը, սակայն, սկզբունքային մի շարք հարցերում տարբերվում էր Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից, և դա` ի վնաս հայերի:
Այսպես, եթե Սան Ստեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արևմտյան Հայաստանում պետք է իրագործվեին ռուսական զորքերի ներկայության պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Բեռլինի համաձայնագրի` ռուսական զորքերը դուրս էին բերվում, և այդ խնդրի կարգավորումը թողնվում էր Թուրքիայի հայեցողությանը:
Նա միայն պարտավորվում էր պարբերաբար եվրոպական պետություններին հաղորդել իր ձեռնարկած քայլերի մասին: Վերջիններս պետք է իրականացնեին լոկ հսկողական գործառույթներ: Այլ կերպ ասած` Բեռլինի համաձայնագրով վերացվեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար Սան Ստեֆանոյի ստեղծած նախադրյալները: Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանը և օսմանյան կառավարող վերանախավն ավելի ամրապնդվեցին իրենց այն համոզման մեջ, որ Հայկական հարցի լուծման լավագույն լուծումը հայերին ոչնչացնելն է:
Նրանք այժմ դրա մեջ էին տեսնում կայսրության ներքին գործերին եվրոպական պետությունների միջամտությունից ազատվելու իրական ուղին, քանզի այդ տերությունները Հայկական հարցը, հայկական շրջաններում բարեփոխումների հարցը օգտագործում էին որպես պատրվակ` Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Ուստի անհրաժեշտ էր վերացնել այդ պատրվակը և տերություններին զրկել կայսրությունից զիջումներ կորզելու հնարավորությունից:
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
(genocide-museum.am)
1891թ. (Ստեղծվեցին «Համիդիե» զորաջոկատներ)
Բեռլինի վեհաժողովում, փաստորեն, տերությունները սուլթան Աբդուլ Համիդին հանձնարարեցին «ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից» այն դեպքում, երբ ինքը՝ սուլթանն էր քրդերի և չերքեզների հակահայկական բոլոր գործողությունների գլխավոր հրահրողը:
Դրա լավագույն վկայությունն է, որ հենց Բեռլինի վեհաժողովից հետո` 1891թ., նրա հրամանով ստեղծվեց բացառապես քրդերից կազմված և օսմանյան կառավարության հաշվին պահվող հեծելազոր, որը նրա անունով կոչվեց «Համիդիե»:
Այն կազմված էր 30 գնդերից և չէր մտնում օսմանյան բանակի համակարգի մեջ, այլ պահպանվում էր որպես ինքնուրույն ռազմական միավոր` տեղակայված հայկական Երզնկա քաղաքում:
«Համիդիեի» գլխավոր նպատակը, փաստորեն, կայսրության ողջ տարածքում հայկական ջարդեր իրականացնելն էր:
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
(genocide-museum.am)
1908թ. (Երիտթուրքերի հեղաշրջումը)
Օսմանյան կայսրությունում ավելի ու ավելի էր հասունանում արյունարբու սուլթանից ազատվելու գաղափարը: Առաջանում էին խմբավորումներ, որոնց նպատակը սուլթանական կարգերը խորտակելն էր:
Հետզհետե միավորվելով` այդ խմբավորումները վերածվեցին շարժման, որը ստացավ «Երիտասարդ Թուրքեր» անվանումը: Շուտով երիտթուրքերը ստեղծեցին իրենց կուսակցությունը` Իթթիհադ վե թերաքիի (հայերեն` «Միություն և առաջադիմություն»):
1908թ. հուլիսին Երիտասարդ Թուրքերի հեղաշրջման հետևանքով սուլթան Աբդուլ Համիդ II-ը զրկվեց իշխանությունից, իսկ 1909թ.` գահընկեց արվեց: Երիտթուրքերն ասպարեզ իջան XVIIIդ. ֆրանսիական հեղափոխության հռչակած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով:
Կայսրության բոլոր ժողովուրդները, մահմեդական թե քրիստոնյա, ցնծությամբ ընդունեցին «կարմիր սուլթանի» տապալումը: Մարդիկ կարծում էին, թե Օսմանյան կայսրության պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվել: Ինչպես վկայում է Մուսա Պրենսը, ցնծացող ...հայերը, թուրքերը, հույները գրկախառնվում էին փողոցներում»:
Բայց, ինչպես շատ շուտով պարզվեց, երիտթուրքերը դիմակավորված ազգայնամոլներ էին, որոնք շարունակեցին իրենց նախորդ սուլթանների` հալածանքների և ջարդերի քաղաքականությունը: Նրանք կայսրության բոլոր ազգերին ձուլելու և «մաքուր» թուրքական ազգ ստեղծելու գաղափարակիրներ էին` գտնելով, որ հանուն այդ գաղափարի իրագործման չպետք է կանգ առնել անգամ զանգվածային կոտորածների առջև:
1911թ. (Երիտթուրքերի համագումարը Սալոնիկում)
Հայկական հարցը ցեղասպանության ճանապարհով լուծելու վերաբերյալ երիտթուրքերի որոշումը վերջնականապես ընդունվեց 1910-ական թվականների սկզբներին` «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի մի շարք գաղտնի նիստերի և խորհրդակցությունների ժամանակ:
Այդ առումով հատկանշական էր 1911թ. Սալոնիկում գումարված` կուսակցության հերթական համագումարը, որտեղ հստակորեն դրվեց կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացման խնդիրը, ինչը հավասարապես տարածվում էր նաև կայսրության տարածքում բնակվող հայության վրա:
Այդ համագումարում ընդունած որոշումները երիտթուրքերի ծրագրած քաղաքականության յուրովի պաշտոնական փաստաթուղթ դարձան:
Դրանից որոշ ժամանակ անց Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի ստորագրությամբ հատուկ գաղտնի հրահանգներ ուղարկվեցին կայսրության տեղական իշխանության մարմիններին` հայերի ոչնչացման նախապատրաստական հատուկ միջոցառումների վերաբերյալ:
1914-1915թթ. («Երեքի կոմիտեի» ստեղծումը (մաս 1)
Հայոց ցեղասպանությունը կազմակերպված և անողոք կերպով անցկացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ 1914թ. փետրվարին ստեղծվեց Երեքի գործադիր կոմիտեն` կազմված դոկտոր Նազըմից, Շաքիր Բեհաէդդինից և Միդհաթ Շյուքրիից:
Երիտթուրքական եռապետությունը` Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, գործում էր այս կոմիտեի միջոցով, որի վրա դրված էր օսմանյան կայսրության ամբողջ հայության տեղահանման և ջարդերի կազմակերպման ու իրագործման ողջ պատասխանատվությունը:
Կոմիտեն, որ օժտված էր ամենալայն լիազորություններով, մանրամասն մշակել էր հայերի տեղահանության և ոչնչացման բոլոր տեխնիկական հարցերը` նրանց տեղահանման ժամկետներն ըստ շրջանների, տեղահանման ուղիները և վայրերը, ոչնչացման նպատակով նրանց կենտրոնացման վայրերը և այլն:
Դոկտոր Նազըմը, որը նաև երիտթուրքերի ղեկավարներից և Հայոց ցեղասպանության գլխավոր ղեկավարներից մեկն էր, ելույթ ունենալով կուսակցության գաղտնի նիստերից մեկում, երբ վերջնականապես որոշում ընդունվեց հայերի ցեղասպանության մասին, նշել է. «Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել հիմնովին, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր երկրում, և մոռացվի այդ անունն իսկ:
Այժմ պատերազմ է ընթանում, այսպիսի հարմար առիթ այլևս չի լինելու: Մեծ տերությունների միջամտությունը և համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքներն աննկատ կմնան, իսկ եթե նրանք իմանան, ապա կդրվեն կատարված փաստի առջև, և այդպիսով հարցը կվերանա:
Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի ամբողջական ոչնչացման բնույթ կրեն, անհրաժեշտ է ոչնչացնել բոլորին, մինչև վերջին մարդը… Ես ուզում եմ, որ այս հողի վրա թուրքը և միայն թուրքն ապրի և անբաժանելիորեն տիրապետի:
Թող կորչեն բոլոր ոչ թուրքական տարրերը, ինչ ազգության և կրոնի էլ որ նրանք պատկանելիս լինեն»: Երեքի կոմիտեի տրամադրության տակ դրվեց այսպես կոչված «Հատուկ կազմակերպությունը», որը ստեղծվել էր երիտթուրքերի կուսակցության որոշումով, և նրա վրա էր դրված հայերի ցեղասպանության իրագործման պարտականությունը: Նրա անմիջական ղեկավարն էր Շաքիր Բեհաէդդինը:
1914թ. (Առաջին աշխարհամարտի սկիզբը)
1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIXդ. վերջին – XXդ սկզբին ձևավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին` Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները` Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան:
Պատերազմի մեջ ներքաշվեց երկրագնդի բնակչության 75%-ը` 1,5 մլրդ մարդ, զորակոչվեց 74 մլն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվեց 10 մլն, և վիրավորվեց 20 մլն մարդ: 1914թ. հոկտեմբերի 29-ին Օսմանյան կայսրությունը, որը ղեկավարում էր երիտթուրքական կառավարությունը` բաղկացած ներքին գործերի նախարար Թալեաթից, զինվորական նախարար Էնվերից և ռազմածովային նախարար, ծովակալ Ջեմալից, պաշտոնապես պատերազմի մեջ մտավ:
Ամիսներ անց ամերիկյան մամուլին տված իր հարցազրույցում Էնվեր փաշան հետևյալ կերպ կմեկնաբանի Թուրքիայի մասնակցության պատճառները. «Անկասկած, աշխարհը դժվարությամբ է ըմբռնում, որ Թուրքիան այլևս նույնը չէ, ինչ նախկինում էր: Այսօր պատերազմ է մղում ոչ թե թուրքական կառավարությունը, այլ թուրք ժողովուրդը: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի թերթերը շատ են գրում այն մասին, որ Թուրքիան պատերազմի մեջ մտավ Գերմանիային օգնելու համար:
Դա ճիշտ է այս պահի համար, բայց ոչ այն պահի, երբ մենք հավաքագրում էինք մեր ուժերը: Այսօր Ավստրո-Հունգարիան և Գերմանիան օգնում են մեզ, մենք էլ` իրենց: Մենք զինվորագրվեցինք, որովհետև այլ ուղի չկար: …Ռուսաստանը, նվաճելով մեր տարածքները, սպառնում էր Սև ծովում և Կովկասում, իսկ Անգլիան գործողություններ էր ծավալում Միջագետքի դեմ և նավատորմ էր տեղադրել Դարդանելի առաջ: Մենք սպասեցինք ևս մեկ շաբաթ և պատերազմ հայտարարեցինք:
Թուրքիան այժմ ունի լավ պատրաստված և զինված 2.000.000-անոց բանակ: Մեզ այնքան են զրպարտել, որ այժմ մենք կամենում ենք աշխարհին զենքով համոզել, որ մենք ազգաբանորեն մեռած չենք, ինչպես ոմանք պնդում են»: («Ասոշիեյթիդ փրես»-ին տված հարցազրույցից, 20-ը ապրիլի, 1915թ.): Թուրքիան մտավ պատերազմի մեջ, և զորահավաք հայտարարվեց, արևմտահայերը, ինչպես կայսրության մյուս ժողովուրդները, զորակոչվեցին բանակ:
1915թ. ապրիլ-հունիս (1915թ. ապրիլի 24)
Բանակ զորակոչված հայ զինվորներին ոչնչացնելուց հետո երկրորդ ծանր հարվածը հայերին հասցվեց 1915թ. ապրիլի 24-ին: Այդ օրը Կոնստանդնուպոլսում ձերբակալվեց և, առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու, աքսորվեց արևմտահայ մտավորականության ընտրանին, այդ թվում` թուրքական խորհրդարանի` մեջլիսի հայ անդամներ, գրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ, թվով մոտ 800 մարդ:
Նրանք բոլորը ոչնչացվեցին աքսորի ճանապարհին կամ աքսորավայրում` տեղ հասնելուն պես: Ծրագրված կերպով ձերբակալվում և սպանվում էին հայ կուսակցական և քաղաքական գործիչները: Այդ ճակատագրին արժանացան Զեյթունի հայտնի ղեկավար Նազարեթ Չաուշը, Վանի ականավոր ազգային գործիչ Իշխանը, Ուրֆայի հայության ողջ ղեկավարությունը` մոտ 100 մարդ:
Հունիսի 15-ին Կ. Պոլսո Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 20 անդամները` քաղաքական գործիչ Փարամազի գլխավորությամբ: Օսմանյան կառավարության նպատակն էր անմիջապես գլխատել արևմտահայությանը, թողնել նրան առանց զինական ուժի և քաղաքական ու մտավորական ղեկավարության, կազմալուծել և բարոյալքել հայությանը և դրանով իսկ կանխել հայության կողմից դիմադրություն կազմակերպելու որևէ հնարավորություն:
Կարելի է ասել, որ մոտ 60 հազար հայ զինվորների ոչնչացումը և հայ մտավորականության գլխատումը ճակատագրական եղան արևմտահայության համար: Նա կորցրեց իր կազմակերպչական և դիմադրողական ուժը, որով և բացատրվում է ցեղասպանության իրականացման համեմատաբար հեշտությունը և մեծ ծավալները:
Դրանից հետո ջարդարարներն անցան հայության հիմնական մասի բռնի տեղահանմանը և ոչնչացմանն իր իսկ բնօրրանում` բուն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Արևմտյան Անատոլիայի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Հայկական կոտորածները և տեղահանումը ընդգրկեցին ողջ Օսմանյան կայսրությունը:
1915թ. հունիս-հուլիս
Տեղահանվեց Կարին քաղաքի հայությունը, Սեբաստիայի և Շապին Գարահիսարի հայությունը: Տեղի ունեցան կոտորածներ Բաղեշում: Տեղահանվեցին Խարբերդի, Տրապիզոնի, Մարզվանի և Սամսոնի հայությունը: Սկսվեցին Խարբերդ - Մեզրեի, Տրապիզոնի և Բայազետի հայերի, Յոզղատի շրջակա գյուղերի կոտորածները:
Այս ընթացքում սկսվեց Մուշի կոտորածը: 15 000 հայերից փրկվեցին միայն 500-ը, իսկ գավառի 59 000 հայ բնակչությունից` միայն 9 000-ը: Կարինի կուսակալ Թահսին կենտրոնին ուղղված իր նամակում գրում էր. «Կարինի շրջակայքում հայերի հանդեպ խժդժություններն անցել են ամեն սահման: Դրամի և կանանց համար գործադրված խայտառակությունները ծայրահեղորեն ամոթալի են և դեմ են մարդկությանը:
Պետք է դրա առաջն առնել և, մանավանդ, վերջ տալ ամեն կողմ «Թեշքիլաթը մախսուսե» անվան տակ գործող չեթեներին: Խարբերդի կուսակալը գրում է, թե բոլոր ճանապարհները լեցուն են կանանց և երեխաների դիակներով, և ժամանակ չենք գտնում դրանք թաղելու համար: Լավ կլիներ, եթե պահպանեինք մեր վեհանձնությունն ու ազգային կերպարը»: Սկսվեցին Տիգրանակերտի հայության տեղահանությունն ու կոտորածը, նույն ընթացքում նաև Սասունի ինքնապաշտպանությունը:
Թուրքական զորագնդերը հարձակվեցին քաղաքի բնակչության վրա: Գիտակցելով իրենց սպառնացող ստույգ մահը` սասունցիները դիմեցին ինքնապաշտպանության և երեք օր հետո` հուլիսի 21-ին, բարձրացան Անդոկ լեռը: Սկսվեցին տեղահանությունները Անկարայի և Կ.Պոլսի շրջակայքում: Տեղահանություններ սկսվեցին Իզմիթում, Պարտիզակում, Արմաշում, Կեսարիայում, Անկարայի շրջակա հայկական գյուղերում, շարունակվեցին տեղահանությունները Կիլիկիայում` ընդգրկելով նոր տեղավայրեր` Անտիոքը, Այնթապը, Բեհեսնին, Քիլիսը, Ադըյամանը, Կարադուրանը, ապա` Քեսաբը և շրջակա այլ վայրեր:
1916թ. մարտ-նոյեմբեր
Պատասխանելով ներքին գործերի նախարարության մարտի 3-ի հեռագրին` Աբդուլհատ Նուրին նախարարությանը տեղեկացրեց, որ մինչև 1916թ. մարտի 16-ը Պապում և Մեսքենեում բնաջնջված է 35 000 հայ, Հալեպի մերձակայքում գտնվող Քարըլքում` 10 000, Տիպսիում, Աբուհարրարում և Համամում` 20 000, և Ռաս-ուլ-Այնում` 35 000, ընդհանուրը` 100 000 հայ:
Սկսվեց Ռաս-ուլ-Այնում հավաքված ավելի քան 50 000 հայերի տեղահանությունը: Տեղահանություններին հաջորդեցին կոտորածները, որոնք տևեցին մինչև հունիս: Ապա տեղի ունեցավ Դեր Զորում հավաքված 200 000 հայերի կոտորածը:
Ջարդեր տեղի ունեցան տարբեր վայրերում, որոնց ընթացքում Սեբաստիայում սպանվեց բանվորական ջոկատներում աշխատող 10 000 հայ զինվոր, Կարինի արևմուտքում` 9000, Զառայումվ 1000, Թոքատի գավառակի Ռեշադիե կոչված վայրում` 1000 զինվոր: Ջարդերն իրենց ավարտին հասան հուլիսի 13-ին, և սպանված հայ զինվորների թիվը հասավ 21 000-ի:
Հրատարակված պաշտոնագրով երիտթուրքերի կառավարությունը լուծարեց Երուսաղեմի և Կ. Պոլսո Հայոց պատրիարքությունները և թողեց միայն Կիլիկիո կաթողիկոսությունը, որի կենտրոնը պետք է դառնար Երուսաղեմը: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, հենվելով ԱՄՆ կոնգրեսի ընդունած բանաձևի վրա, հոկտեմբերի 8-ը և 9-ը հայտարարեց «Հայաստանին օգնության օրեր»:
Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշայի, Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա)` Լոնդոնում կնքած պայմանագրի հիման վրա ֆրանսիական զորքերի կազմում ստեղծվեց հայկական կամավորական զորագունդը` Արևելյան լեգեոնը, որը թուրքական տիրապետությունից պետք է ազատագրեր հայկական հողերը: 1918թ. դեկտեմբերին զորագունդը կոչվեց Հայկական լեգեոն:
1918թ. մարտ
Մարտի 3-ին Ռուսաստանի նորաստեղծ բոլշևիկյան կառավարությունը Բրեստ-Լիտովսկում դաշինք կնքեց հակաանտանտյան պետությունների` Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի հետ, որով փաստորեն նա դուրս եկավ Անտանտից և մերձեցավ իր նախկին հակառակորդների հետ:
Կնքելով այս պայմանագիրը` կողմերը համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ այսուհետ նրանց միջև դադարեցվում են պատերազմական գործողությունները, և Ռուսաստանը ապահովում է իր զորքերի դուրս բերումը Արևելյան Անատոլիայից, մասնավորապես` Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից:
Այս պայմանագիրը 1917-ի նոյեմբերի 8-ին բոլշևիկների կողմից ընդունած «Խաղաղության մասին» դեկրետի տրամաբանական շարունակությունն էր: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ծանր վիճակի մեջ դրեց կովկասյան ճակատի շրջաններում ապրող հայ ազգաբնակչությանը:
Այն փաստորեն չեղյալ համարեց 1917-ի դեկտեմբերի 29-ին բոլշևիկների ընդունած «Արևմտյան Հայաստանի հողերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին» որոշումը և փոխարենն ընդունեց նույն այդ հողերը Թուրքիային վերադարձնելու մասին վճիռ:
Ամիսներ անց` սեպտեմբերի 20-ին, Ռուսաստանի կառավարությունը արտգործնախարար Չիչերինի ստորագրած նոտայով չեղյալ հայտարարեց ըստ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի Թուրքիային կովկասյան տարածքների զիջումը:
Բրեստյան թեկուզև ժամանակավոր բնույթ կրող պայմանագրով անհնար դարձավ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը Արևմտյան Հայաստանի այն տարածքների վերադարձը, որտեղ դրանից մի քանի ամիս առաջ ռուսական բանակն էր կանգնած, և որոնք կարող էին Ռուսաստանի կողմից կնքված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Հայաստանի Հանրապետության հաստատման պահին նրա ծանրակշիռ բաղկացուցիչ մասը դառնալ:
Բրեստյան հաշտությունը լավ հնարավորություններ էր ստեղծում նվաճողական նկրտումներ ունեցող թուրքական կողմի համար: Օգտվելով ստեղծված իրավիճակից և խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին կնքած Երզնկայի զինանադադարը` թուրքական բանակն անցավ հարձակման և շնորհիվ գերակշռող ուժերի` իրար հետևից գրավեց Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին` նաև Ալեքսանդրապոլը: Արևելյան Հայաստանի վրա կախվեց լինել-չլինելու հարցը:
1920թ. (մաս 2)
Օգոստոսի 4-ին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակվեց Կիլիկիայի հայոց անկախությունը` Ինքնավար Հայաստան Ֆրանսիական հովանավորության ներքո: Սակայն այդ պետությունը սոսկ հռչակագրային բնույթ կրեց, քանի որ անգլա-ֆրանսիական հակասությունների սրման պայմաններում Թուրքիայի կողմը հակված ֆրանսիական զինվորական իշխանությունները ցրեցին նորաստեղծ հայկական կառավարությունը:
Փարիզի Սևր արվարձանում Առաջին աշխարհամարտում հաղթանակած պետությունները Թուրիքիայի հետ կնքեցին պայմանագիր, որը ծավալուն` 13 մասից և 433 հոդվածներից բաղկացած մի փաստաթուղթ է: Պայմանագրի` մասնավորապես, 88-րդ հոդվածով Թուրքիան ճանաչում էր «Հայաստանը` որպես ազատ և անկախ պետություն»:
Իսկ 89-90-րդ հոդվածներում նշված է, որ «Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվում են Էրզրումի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների գծորոշումը ներկայացնել ԱՄՆ նախագահի վճռին և ընդունել նրա որոշումը, ինչպես նաև բոլոր այն միջոցները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանի դեպի ծով դուրս գալու և նշված սահմանի վրա ցանկացած Օսմանյան տարածքի ապառազմականացման վերաբերյալ: …Թուրքիան այս վճռի կայացման օրից հրաժարվում է հանձնվող տարածքների նկատմամբ բոլոր տեսակի իրավունքներից»:
Ադանայի ֆրանսիական իշխանությունները Կիլիկիայում ապաստանած հայերին հրահանգեցին մեկնել Կ. Պոլիս, Ամերիկա, Մարսել, Բեյրութ, Դորթ Յոլ, Իսկենդերոն կամ որևէ այլ տեղ: Հրահանգը վերաբերում էր 14 000 այն հայերին, ովքեր ֆրանսիական հովանավորության ներքո էին, սակայն որոշ ժամանակ անց այդ հրահանգը տարածվեց ողջ հայության վրա: Առանց պատերազմ հայտարարելու թուրքական բանակն ընդհանուր հարձակման անցավ Հայաստանի դեմ:
Սկսվեց հայ-թուրքական պատերազմը: Թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Ալեքսանդրապոլի գավառում և Ախալքալաքի շրջանում սրի քաշվեց ու թալանվեց մոտ 30 գյուղ: Հայ խաղաղ բնակչության նկատմամբ թուրքերն առանձնակի դաժանությամբ էին վարվում: Մինչ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն արտահայտում էր իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նոր սահմանների անցկացման հարցի շուրջ, բոլշևիկյան Կարմիր բանակը նվաճում էր ողջ Կովկասը:
Նոյեմբերի վերջին Կարմիր բանակը մտավ Հայաստան, տիրող դաշնակցական կառավարությունը, չցանկանալով ներքաշվել ավելորդ արյունահեղությունների և եղբայրասպան քաղաքացիական պատերազմի մեջ, իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: Դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց:
1922-1939թթ.
Օգոստոսի 4-ին Միջին Ասիայում բասմաչների և խորհրդային զորքերի բախման ժամանակ հայ զինվորական Հակոբ Մելքումովի կողմից սպանվեց Օսմանյան Թուրքիայի ռազմական նախարար Էնվերը: Թուրքական բանակը մտավ Իզմիր. սկսվեց 10 000 հայերի ու 100 000 հույների ջարդը:
Երեք օր անց Իզմիրը հրդեհվեց: Նոյեմբերի 20-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում իր աշխատանքները սկսեց Մերձավոր Արևելքի հարցերին վերաբերող միջազգային համաժողովը, որը տևեց մինչև 1923թ. հուլիսի 24-ը: Մասնակիցներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումիանիան, Հարավսլավիան, Թուրքիան և դիտորդի կարգավիճակով` ԱՄՆ-ը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը թույլատրված չէր մասնակցել համաժողովին այն պատճառաբանմամբ, որ այդ պատվիրակությունն այլևս չէր կարող ներկայացնել Հայաստանը, որտեղ հաստատվել էին խորհրդային կարգեր:
Լոզանի համաժողովում քննարկվեց նաև Հայկական հարցը, սակայն թուրքական պատվիրակությունը Իսմեթ փաշայի և Ռիզա Նուր Բեյի գլխավորությամբ վճռականորեն հանդես եկավ Թուրքիայի տարածքում որևիցե հայկական օջախի ստեղծման գաղափարի դեմ: Ի վերջո բանակցությունների ընթացքում Թուրքիային հաջողվեց իր կամքը թելադրել Անտանտի երկրներին: Արդյունքում, Լոզանի վերջնական համաձայնագրում չկար Հայաստանի և հայերի մասին որևէ հիշատակում:
Այսպիսով, Լոզանի համաժողովով Հայկական հարցը ժամանակավորապես փակվեց, և Սևրի դաշնագրով Հայաստանին հանձնվելիք տարածքներն անհետացան Թուրքիայի Հանրապետության նորովի ընդունված սահմաններում: Անկարան անմեղ հռչակեց բոլոր այն թուրքերին, ովքեր դատապարտված էին ռազմական կամ այլ դատարանների կողմից: Ըստ թուրքական նոր օրենքի` մեկընդմիշտ արգելվեց հայերի վերադարձը Թուրքիա: Կայացավ Պոնտոսի հայերի և հույների տեղահանությունը:
1939թ.-ի հունիսին հակառակ տեղի բնակչության կամքին և Սիրիայի ընդդիմանալուն, Ալեքսանդրետի սանջակը բռնակցվեց Թուրքիային, որի հետևանքով հուլիսի 16-23-ը ընկած ժամանակահատվածում տեղաբնակ շուրջ 40.000 հայերը լքեցին իրենց բնակավայրը և հաստատվեցին Սիրիայում ու Լիբանանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ առաջ Ադոլֆ Հիտլերը, ելույթ ունենալով իր զինվորների առաջ, կոչ արեց նրանց «...անխնա կոտորել լեհական ռասայի բոլոր մարդկանց` տղամարդ, կին, երեխա», և ավարտեց իր խոսքերը հետևյալ հարցով. «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին... »:
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
(genocide-museum.am)
1878թ. (Ռուս-թուրքական պատերազմ, Սան Ստեֆանոյի պայմանագիրը)
1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում թուրքերը պարտություն կրեցին: Ռուսական զորքերը հաղթանակ տարան և՛ Բալկանյան, և՛ Կովկասյան ռազմաճակատներում:
Բալկաններում ռուսական զորքերը գրավեցին Բուլղարիան և ընդհուպ մոտեցան Ստամբուլին, իսկ Կովկասյան ռազմաճակատում նրանք գրավեցին Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը, Կարսը և Էրզրումը, ինչպես նաև` Բաթումը: Թուրքերը ստիպված էին դադարեցնել պատերազմական գործողությունները և հաշտություն խնդրել:
Հաշտության պայմանագիրը Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց 1878թ. մարտի 3-ին Ստամբուլին մերձակա Սան Ստեֆանո վայրում: Սան Ստեֆանոյի պայմանագրում մտցվեց հատուկ կետ` 16-րդ հոդվածը` Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու մասին:
Պայմանագրում մասնավորապես նշվում էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված` Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգումներ, և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»:
Սան Ստեֆանոյի պայմանագիրը ռուսական դիվանագիտության հաղթանակն էր: Դա խիստ անհանգստացրեց եվրոպական մրցակից պետություններին, որոնք վախենում էին, որ Օսմանյան կայսրությունը Ռուսաստանից լիակատար կախման մեջ կընկնի, և Արևելյան հարցում գոյություն ունեցող ռազմավարական հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Ռուսական կայսրության, իսկ դա հակասում էր եվրոպական պետությունների շահերին:
Նրանք դա թույլ տալ չէին կարող: Այդ խնդրում հատկապես գործուն էին Անգլիան և Ավստրո-Հունգարիան, որոնք վայելում էին Գերմանիայի և նրա կանցլեր Բիսմարկի աջակցությունը: Այդ ուժերին հաջողվեց հասնել այն բանին, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու համար հրավիրվի հատուկ վեհաժողով:
1894-1896թթ. (Հայերի զանգվածային կոտորածները, Սասունի հերոսամարտը)
XIXդ. վերջին օսմանյան իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերի գագաթնակետը դարձան 1894-1896թթ. կոտորածները: Առաջին հարվածը հասցվեց Սասունին` Բիթլիսի վիլայեթի գավառներից մեկին, որը մշտապես աչքի էր ընկնում թուրքական կամայականություններին դիմադրելու իր անկոտրում կամքով:
1894թ. օգոստոսին Սասունի վրա շարժվեց թուրքական չորրորդ բանակը: Ուժերն անհավասար էին, և թուրքական կանոնավոր բանակն ի վերջո հաղթեց: Սասունն ավերվեց, կործանվեց 40 գյուղ, սպանվեց 10 հազար մարդ:
1895թ. սեպտեմբերին սկսվեցին հայկական ջարդերը մայրաքաղաքում, ապա նաև Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում, Դիարբեքիրում, Բայազետում, Խարբերդում և այլուր:
Սուլթանական իշխանությունները փորձեցին ջարդեր կազմակերպել նաև Զեյթունում, սակայն դա նրանց չհաջողվեց. տեղի բնակչությունը նախօրոք անհրաժեշտ կազմակերպչական քայլեր էր ձեռնարկել թուրքական զորքերին դիմադրելու համար: Կոտորածները նոր թափով վերսկսվեցին 1896թ.:
Նոր զանգվածային ջարդեր տեղի ունեցան Կոստանդնուպոլսում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Ամասիայում, Մուշում, Մարզվանում և կայսրության այլ շրջաններում: 1894-1986թթ. կոտորածների ժամանակ զոհվեց 300 հազար հայ: Սակայն հայերի կորուստները միայն դրանով չէին սահմանափակվում:
Ստեղծված անասելի հուսալքված պայմաններում մոտ 100 հազար հայ բռնի դարձան մահմեդական, և մոտավորապես այդքան էլ հայեր հարկադրված հեռացան իրենց հայրենիքից:
1909-1910թթ. (Հայերի ջարդը Ադանայում, հայերի տեղահանման ծրագիր)
Երիտթուրքերի հեղաշրջումից ընդամենը մեկ տարի անց` 1909-ի ապրիլին, թուրք ազգայնամոլ տարրերը Կիլիկիայի Ադանա քաղաքում ամբոխին գրգռեցին հայերի դեմ: Մի քանի օր անց իրավիճակին միջամտեց նաև թուրքական բանակը: Կոտորածը Ադանայից տարածվեց նաև Կիլիկիայի հայաբնակ այլ վայրեր` Մարաշից մինչև Քեսաբ:
Որոշ բնակավայրերում հայերը դիմեցին ինքնապատշպանության և կարողացան փրկվել: Կոտորածը դադարեց միայն մեկ ամիս հետո, երբ հայերը շուրջ 30.000 զոհ էին տվել: Երիտթուքերի հեղաշրջումը ոգևորությամբ ընդունած հայերի մեջ առաջին անգամ առաջացավ լուրջ կասկած և հուսախաբություն:
Ստանձնելով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքով անցնող այս երկաթուղու շինարարությունը և շահագործումը` Գերմանիան ձգտում էր սահմանել իր վերահսկողությունը Օսմանյան կայսրության նկատմամբ, հարվածի տակ դնել Անգլիայի դիրքերը Հնդկաստանում և Եգիպտոսում, ինչպես նաև` թուլացնել Ռուսաստանի դիրքերը Կովկասում:
Գերմանիան Բաղդադի երկաթուղու կառուցման հարցը կապում էր նաև Արևմտյան Հայաստանում իր տնտեսական և ռազմաքաղաքական ծրագրերի հետ: Գերմանիայի քաղաքական շրջաններում գտնում էին, որ Հյուսիսարևելյան Անատոլիայում թուրքական միատարրություն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել Բաղդադի երկաթուղու շինարարության տեղամասերում, որով հնարավոր կլիներ լուծել երկու կարևոր հարց. երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու որակյալ բանվորական ուժով, մյուս կողմից` կթուլանար ռուսական ազդեցությունը Արևմտյան Հայաստանում:
Մասնավորապես` հայտնի գերմանացի քաղաքագետ Պաուլ Ռորբախը գտնում էր, որ «...պետք է Արևմտյան Հայաստանից դուրս հանել բնիկ հայերին և նրանց տեղը վերաբնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերած մահմեդականների, և այդ դեպքում Հայաստանը մեկ հարվածով կպոկվի Ռուսաստանից»: Ռորբախն առաջարկում էր արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը նրա կարծիքով կնպաստեր «...ճանապարհի տնտեսական զարգացմանը»: Գերմանացիների այս տեսակետը հիմք դարձավ երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության համար:
1912-1913թթ. (Բալկանյան պատերազմները)
Բալկանյան պատերազմները (առաջինը` 1912-ի հոկտեմբերից մինչև 1913-ի մայիսը, երկրորդը` 1913-ի հունիսից մինչև օգոստոս), որ մղվում էին բալկանյան դաշինքի և Թուրքիայի միջև, հանգեցրին Բալկաններում և ողջ Եվրոպայում միջազգային հարաբերությունների սրմանն ու արագացրին Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծմանը:
Առաջին բալկանյան պատերազմում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը հող նախապատրաստեց Հայկական հարցի նոր արծարծման համար:
Արդյունքում Արևմտյան Հայաստանի բարեփոխումների հարցը հայ հասարակական շրջանների և ռուսական կառավարության գործուն մասնակցության շնորհիվ դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա:
1914-1915թթ. («Երեքի կոմիտեի» ստեղծումը (մաս 2)
«Հատուկ կազմակերպությունը» կազմվեց բանտերից հատուկ այդ նպատակով արձակված քրեական հանցագործներից, չեթեներից` ավազակախմբերից, որոնք ընդունակ էին ամենադաժան ոճրագործության: Սկսվեցին հայ պաշտոնյաների պաշտոնազրկությունները, օսմանյան բանակի հայ սպաների ձերբակալությունները, զինաթափված հայ զինվորներից բանվորական վաշտերի կազմավորումը:
Երիտթուրքերի Կենտրոնական մարմնի լիազոր Բեհաեդդին Շաքիրի ստորագրությամբ` կուսակցության շրջանային պատվիրակներին հղված նամակներով հաղորդվեց հայերի բնաջնջման որոշումն ու ծրագիրը:
Բանտերից ազատ արձակված մարդասպաններից և ոճրագործներից կազմվեց ջարդարար այն ուժը, որը մայիսի կեսերին պետք է կոտորեր Կարինի ռազմական գծի վրա աշխատող զինաթափ հայ զինվորներին:
Երիտթուրքական ղեկավարությունը հայերի ցեղասպանության ծրագրի գործնական կիրառումը սկսեց` առաջին հարվածը հասցնելով բանակ զորակոչված հայ զինվորներին: Դա պատահական չէր, նրանք դրանով ձգտում էին հայերին զրկել իրենց զինվորական ներուժից:
Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի` 1915թ. փետրվարին արձակած հրամանով բոլոր հայ զինվորները զինաթափվեցին և, բաժանվելով 50-100-ական խմբերի, սպանվեցին: Դրա հետևանքով հայությունը սկզբից ևեթ մնաց առանց զինվորական ուժի, որը կարող էր պաշտպանել հայերին, նրանց տունը, ունեցվածքը և բնակավայրերը քանզի հայկական բնակավայրերում մնացել էին միայն ծերունիները, հիվանդները, կանայք, երեխաները և դեռահասները:
1914թ. հուլիս (Դաշնակցական համագումար Էրզրումում)
1914թ. հուլիսին Էրզրումում կայացավ Հայ հեղափոխական դաշնակցության համագումարը: Այդ ժամանակ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, և դաշնակցությունը համագումար էր հրավիրել` որոշելու հայերի գրավելիք դիրքորոշումը պատերազմ ծագելու դեպքում:
Տեղեկանալով այդ համագումարի մասին` երիտթուրքերի ղեկավարությունը համագումար ուղարկեց իր երկու ներկայացուցիչներին` Նաջի բեյին և Շաքիր Բեհաէդդինին, որոնք կարևոր դիրք էին գրավում իրենց կուսակցության ղեկավարության մեջ:
Հանդես գալով համագումարում` նրանք «Միասնություն և առաջադիմություն» կուսակցության անունից հայերին ներկայացրին հետևյալ պահանջները. առաջին` համագումարը պետք է ողջ հայության անունից հայտարարի այն մասին, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Ռուսաստանի հայերը հավատարիմ կլինեն Թուրքիային պատերազմի դեպքում, երկրորդ` հայերից կազմակերպել ջոկատներ ռուսների դեմ կռվելու համար, և երրորդ` խռովություն բարձրացնել Կովկասում և ռուսական բանակի թիկունքում:
Նրանք միաժամանակ հայտարարեցին, որ «...եթե հայերը նման դիրք գրավեն, ապա պատերազմից հետո հայերին իրավունք կտրվի ստեղծելու իրենց անկախ պետությունը Թուրքիայի և Ռուսաստանի հայկական որոշ տարածքների վրա»:
Համագումարը, ի պատասխան երիտթուրքական ղեկավարության ներկայացրած պահանջների՝ հայտարարեց, որ պատերազմի դեպքում Օսմանյան կայսրության և ռուսական կայսրության հայերը կհայտնվեն տարբեր ճամբարներում, քանի որ նրանք տարբեր պետությունների հպատակներ են և հավատարիմ են նրանց:
Իսկ ինչ վերաբերում է Կովկասում խռովություն բարձրացնելուն, ապա համագումարի ընդունած որոշման մեջ ընդգծվեց, որ «...համագումարը չի կարող խոսել Ռուսաստանի հայերի անունից, որոնք մեկ այլ պետության հպատակներ են»:
Դրա հետ մեկտեղ, համագումարը հստակ կերպով իր որոշման մեջ հայտարարեց. «...Եթե թուրքական կառավարությունը որոշի պատերազմի մեջ մտնել, ապա հայերը Թուրքիայում կկատարեն այն պարտականությունները, որ կդրվեն նրանց վրա` որպես թուրքական հպատակների` ծառայել հայրենիքին բանակում, պաշտպանել երկիրը, ինչպես կայսրության մյուս հպատակները»:
Հեշտ չէր նման որոշում ընդունելը, քանի որ դա հայերի համար նշանակում էր եղբայրասպան պատերազմ` նկատի ունենալով, որ Ռուսաստանի հայերը նույնպես կկատարեին իրենց վրա դրված պարտականությունները:
Սակայն երիտթուրքերի ներկայացուցիչները դժգոհ մնացին համագումարի ընդունած որոշումներից, քանի որ այն մերժեց ռուսահայերին Ռուսաստանի դեմ հանելու, Կովկասում և ռուսական բանակում խռովություններ կազմակերպելու` երիտթուրքերի պահանջը:
Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով` Բեհաէդդին Շաքիրը` Հայոց ցեղասպանության ամենագործուն կազմակերպիչներից և դահիճներից մեկը, համագումարում զայրացած բացականչեց. «Դա դավաճանություն է»:
1915թ. հուլիս-սեպտեմբեր (Մուսա լեռան հերոսամարտ)
Հրահանգվեց տեղահանել Սուեդիո շրջանի հայությանը, սակայն ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության: Հերոսամարտը, որ ծանոթ է «Մուսա լեռան 40 օր» անունով, տևեց մինչև սեպտեմբերի 14-ը:
Գրեթե քառասուն օր գոյամարտելուց հետո` սեպտեմբերի 14-ին, ողջ մնացած 4000-ից ավելի հայերի հաջողվեց դուրս գալ թուրքական զորքերի շրջափակումից, հասնել ծովափ և փրկվել` այնտեղ իրենց սպասող անգլիական և ֆրանսիական նավերի շնորհիվ: Օրեր անց նրանք հասան Պորտ-Սաիդ քաղաքը:
Տարիներ անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը հայ ազգի համար ողբերգական, բայց նաև հերոսական այս դրվագը կհավերժացնի իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով: Այս ընթացքում սկսվեց Աֆիոն Գարահիսարի, Կեսարիայի, Սիվրիհիսարի, Մերսինի, Ադաբազարի, Մարաշի, Էսքիշեհիրի և շրջակա գյուղերի տեղահանությունը:
Սկսվեց Անկարայի, Բրուսայի, Էվերեկի, Ադանայի և դրանց շրջակայքի հայության տեղահանությունը: Առաջին պաշտոնական վկայությունները արևմտահայության զանգվածային բնաջնջումների մասին: ԱՄՆ դեսպան Մորգենթաուն հայտարարում է կատարվածի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունների մասին, որը նա ձեռք էր բերել Թալեաթի հետ ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում:
Էնվերը հայտնում է, որ այդ պահի դրությամբ 200.000 հայեր սպանվել են: Ջեյմս Բրայսը հայտարարում է, որ Թուրքիայում սպանվել է 500.000 հայ: Թալեաթը տեղեկացնում է Գերմանիայի դեսպան արքայազն Էռնստ Հոենլոե Լանգենբուրգին, որ Հայկական հարց այլևս գոյություն չունի: «Նյու Յորք Թայմսը» հաղորդում է 350.000 սպանված հայերի մասին: Օսմանյան կայսրության խորհրդարանը վավերացրեց լքված գույքի մասին օրենքը:
1915թ.ապրիլ-հունիս (մաս 2)
Ապրիլի 15-ին Վանի մերձակա Ականց գյուղաքաղաքում շուրջ 500 հայ գնդակահարվեց թուրքական իշխանությունների կողմից: Կոտորածներ տեղի ունեցան Վանի շրջակայքի 80 այլ գյուղերում. 3 օրվա ընթացքում սպանվեց 24 000 հայ: Ապրիլի 20-ին, Վանի մերձակա գյուղերի բնակիչներին կոտորելով, թուրքերը հասան քաղաք, և սկսվեց Վանի հերոսամարտը, որը տևեց մինչև 1915թ. մայիսի 16ը:
Սուլթանի հրամանով ընդունվեց օրենք տեղահանության մասին, որի կիրառումը դրվեց ռազմական նախարար Էնվերի վրա: Օրենքը զինվորական հրամանատարությանը թույլատրում էր գյուղերի և քաղաքների բնակչությանը, անհատապես կամ հավաքականորեն, տեղափոխել և բնակեցնել այլ վայրերում: Դրանով օրինականացվեց հայ բնակչության բռնի տեղահանումը իր հայրենիքից և աքսորը արաբական անապատներ:
Տեղի ունեցան Կարնո դաշտի հայերի տարագրությունը և 25 000 հայերի կոտորածը: Կոտորվեց Խնուսի հայությունը: Կ.Պոլսո Նուրը Օսմանիե կենտրոնում բացվեց Երիտթուրքերի «Հատուկ կազմակերպության» խառը ժողովը, որին Թալեաթը ներկայացրեց հայերի տեղահանության ձևի և ընթացքի, հայերի կողմից լքվելիք գույքի տնօրինման, հայերի գյուղերի, տների վերաբնակեցման մասին ընդարձակ ծրագիր:
Ժողովը, ավարտելով իր նիստերը, որոշում կայացրեց ամբողջապես իրագործել հայերի տեղահանության և ջարդերի երիտթուրքական ծրագիրը: Դաշնակից պետությունների բողոքի նոտան Դաշնակից պետությունները չէին կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում Թուրքիայում, և բողոքի նոտա հղեցին թուրքական կառավարությանը` մեղադրելով նրան հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելու մեջ:
1915թ. մայիսի 24-ին Լոնդոնում, Փարիզում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվեց Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ պաշտոնական հայտարարությունը` Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին:
Այդտեղ, մասնավորապես, ասվում էր. «Այս ամբողջ ամսվա ընթացքում Հայաստանում թուրքերի և քրդերի կողմից տեղի է ունենում հայերի կոտորած օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ` ուղղակի աջակցությամբ: Ապրիլի կեսին հայերի ջարդեր են տեղի ունեցել Էրզրումում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում: Վանի շրջակայքում գլխովին կոտորվել են հարյուրավոր գյուղերի բնակիչներ, բուն Վանում հայկական թաղամասը պաշարել են քրդերը:
Միևնույն ժամանակ Կոնստանդնուպոլսի թուրքական կառավարությունը ձերբակալում և անասելի հալածանքների է ենթարկում հայկական խաղաղ բնակչությանը»: Անգլո-ֆրանս-ռուսական համատեղ հայտարարությունը վերին աստիճանի կարևոր, XX դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որը մեկ այլ կառավարությանը և նրա անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների և ոճրագործությունների համար:
Երիտթուրքական կառավարությունը վավերացրեց Թալեաթի` մայիսի 22-ի տեղեկագիրը և ներքին գործերի ու զինվորական նախարարություններին հրահանգեց դրանց գործադրությունը: Նույն օրը Թալեաթը տվեց հայերի տեղահանության և ջարդի հրամանագիրը: Տիգրանակերտ-Խարբերդ ճանապարհահատվածում խողխողվեցին 1914թ. նոյեմբերից ի վեր շինարարական ճամբարներում աշխատող 12 000 հայ զինվորներ: Տեղահանվեց Հաճընի հայությունը:
Տեղի ունեցավ Արաբկիրի հայերի տեղահանությունն ու կոտորածը: Արաբկիրից դուրս եկած հայերի քարավանները հերթականությամբ գնդակահարվեցին Եփրատի ափին, և այսպիսով հուլիսի վերջերին Արաբկիրում այլևս հայ չմնաց: Տեղահանություններ եղան Երզնկայում և Ակնում: Տեղահանվեց Մարդինի և Սևերակի հայությունը: Տեղահանվեց Խոտորջուրի հայությունը: Տեղի ունեցավ Խնուսի 1700 հայ ընտանիքների տեղահանությունն ու կոտորածը:
1918թ. (Հայաստանի Հանրապետության հռչակումը)
Թուրքական զորամիավորումները գրավեցին Սարդարապատ կայարանը: Կանոնավոր զորամասերից և աշխարհազորից բաղկացած հայկական բանակը կենաց-մահու կռվի ելավ թուրքական կանոնավոր զորքերի դեմ:
Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Սիլիկյանի վրա: Մայիսի 27-ին ծանր կորուստներ կրելով` թուրքական զորաբանակի մնացորդները փախան Ալեքսանդրապոլ: Հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Նորանկախ հայկական պետականութանը վիճակված էր գոյատևել երկու և կես տարի` մինչև Հայաստանի խորհրդայնացումը: Հակառակ Բաթումի 1918թ. հունիսի 4-ի դաշնագրի` օգոստոսի 15-ին թուրքական զորքը հարձակում գործեց Ալեքսանդրապոլի վրա:
Հայերի 15 ժամ տևած դիմադրությունը հնարավորություն տվեց Կարինից, Կարսից, Արդահանից և Արդվինից այստեղ հավաքված գաղթականներին հեռանալ քաղաքից: Թուրքական զորքը սրի քաշեց քաղաքում մնացած բնակչությանը: Սեպտեմբեր 15-ին թուրքական իշխանությունների ենթակայության ներքո գործող «Վայրագ զորաբաժին» թաթարական զորագունդը Բաքվում իրականացրեց հայ բնակչության ջարդը:
Ընդհանուր առմամբ Բաքվում կոտորվեց 30.000 հայ: Պաղեստինի Արարա բարձրունքի վրա տեղի ունեցավ ճակատամարտ ֆրանսիական զինված ուժերի կազմում կռվող Հայկական լեգեոնի և թուրքական բանակի միջև: Այս ճակատամարտում տարած հաղթանակի շնորհիվ Հայկական լեգեոնը մեծապես նպաստեց դաշնակիցների հաջողությանը` աջակցելով թուրքական բանակի դեմ տարած հաղթանակին:
1920թ. (մաս 1)
Հունվարի 21-ին թուրք ազգայնականների դեմ սկսվեց Մարաշի հերոսամարտը, որը տևեց մինչև 1920թ. փետրվարի 12-ը: Փետրվարի 11-ին ֆրանսիական ուժերը նահանջեցին Մարաշից: Հայերը հետևեցին ֆրանսիական բանակին, սակայն ճանապարհին ենթարկվեցին թուրքական հարձակման:
Խուժանը մորթեց, կացնահարեց հայերին ու ֆրանսիացիներին: Նահանջի ճանապարհին հայերն ունեցան 3000-5000 զոհ, իսկ ֆրանսիացիները` 800-1200 սպանված ու ցրտահարված: Կ. Պոլսի ռազմական ատյանի նիստին Մուստաֆա Քեմալը երիտթուրքերի մասին ասաց հետևյալը. «Այն փաշաները գործեցին չտեսնված, անպատմելի և անըմբռնելի ոճիրներ և իրենց անձնական շահերն ապահովելու համար երկիրը հասցրին ներկա վիճակին:
Նրանք գործադրել են ամեն տեսակի բռնություն, կազմակերպել են տեղահանություններ և ջարդեր, նավթով այրել են ծծկեր մանուկների, իրենց ամուսինների և ծնողների ներկայությամբ բռնաբարել են կանանց և աղջիկների, զավակներին, մանավանդ, աղջիկներին բաժանել են իրենց ծնողներից, բռնագրավել են հայերի անշարժ և շարժական ունեցվածքը, ամեն բռնություն գործադրելով` հայերին տարագրել են մինչև Մուսուլ` նրանց ողբալի վիճակի հասցնելով, հազարավոր անմեղների ծովն են նետել, մարդկանց բռնադատել են, ստիպել հավատափոխ լինել, սովալլուկ ծերունիների ամիսներով քայլեցրել և ստիպել են աշխատել, երիտասարդ կանանց նետել են որևէ ազգի պատմության մեջ նմանը չունեցող զարհուրելի հանրատները»:
Խոսրով բեկ Սուլթանովի գլխավորած թուրք մուսաֆաթական հրոսակախմբերը կոտորեցին Շուշիի ավելի քան 30 000 հայ բնակչությանը, կողոպտեցին, ավերեցին և հրկիզեցին քաղաքի հայկական մասը: Մարտի 23-ին սկսվեց Հաճընի հերոսամարտը թուրք ազգայնական ու երիտթուրքական միացյալ ուժերի դեմ և իր ավարտին հասավ 1920թ. հոկտեմբերի 15-ին: Ապրիլի 1-ին սկսվեց Այնթապի հայության հերոսամարտը, որն իր վախճանին հասավ 1921թ. փետրվարի 8-ին:
Թուրքիայում 1919 թ. փետրվարին սկսվեց երիտթուրքերի առաջնորդների դատավարությունը, որոնք մեղադրվում էին պատերազմի ընթացքում գործած հանցանքների, երկիրը կործանարար պատերազմի մեջ ներքաշելու մեջ: Առաջ քաշած մեղադրանքների մեջ առկա էր նաև Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կոտորածներ կազմակերպելու և իրականացնելու մեղադրանքը:
Սակայն երիտթուրքերի որոշ առաջնորդներին ներկայացված դատավճիռը կրում էր «հեռակա» բնույթ, քանի որ նրանք հասցրել էին պատերազմի ավարտին փախչել երկրից: Հուլիսի 5-ին հրապարակվեց երիտթուրք պարագլուխների դատավճիռը, ըստ որի, 31 հանցագործներից 4-ը` Թալեաթը, Ջեմալը, Էնվերը և Նազիմը, դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ը` տարբեր տարիների ազատազրկման: