ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱՅՐԵՆԻԻ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է 5-րդ դարից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։ Հայ բանահյուսության բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտասելուկները, մանկական հանգավոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և դարձվածքները ։
12-րդ դարում Ներսես Շնորհալին հորինել է մի քանի հարյուրի հասնող հանելուկ: Շնորհալին իր մշակած հանելուկների միջոցով ցանկանում էր ոչ միայն մարդկանց ուրախացնել, այլև զվարճալի եղանակով սովորեցնել՝ նրանց մեջ զարգացնելով սրամտություն, բնությունն ու բնության մեջ եղած բազմապիսի առակներն ու երևույթներն դիտելու կարողություն: Հանելուկները երեխաների մեջ կենդանի հետաքրքրություն են առաջացնում որպես պարզ այլաբանություններ, որոնց հիմքում ընկած են շրջապատից վերցրած ծանոթ ու հայտնի առակների հիմնական հատկանիշները:
Հանելուկը մեկ կամ մի քանի առարկայի այլաբանական պատկեր է՝ արտահայտված բոլորովին ուրիշ առարկաներով կամ երևույթներով: Այդ առարկաների, երևույթների հատկանիշները գաղտնագրված են: Դրանց իմաստը պետք է գտնել, գուշակել: Որոշ մեթոդիստներ գտնում են, որ նախօրոք հանելուկի լուծումն ասելը թուլացնում է նրա վրա տարվող հետագա աշխատանքի հետաքրքրությունը: Սա ճիշտ չէ, որովհետև դրանից հետևում է, որ հանելուկի վրա տարվող աշխատանքի գլխավոր նպատակը նրա թաքուն մտքի գտնելն է, որը միանգամայն սխալ է: Եթե լուծումը սկզբից է տրվում, ապա այս դեպքում երեխաների առջև միանգամայն այլ խնդիր է դրվում՝ վերլուծել այլաբանությունները և հիմնավորել լուծման ճշտությունը:
Հանելուկը արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողերից բաղկացած գեղեցիկ պատկեր է, որն , , հարցերով մի անձն առաջադրում է մյուսին:
Տակավին խոր հնադարում առաջ են եկել հանելուկի նորանոր տեսակներ, որոնք առնչվել են զարգացող գիտություններին և իրենց նկարագրով ծառայել դրանց պահանջներին: Դրանք թվերի և գծերի պատկերավոր խորհրդանիշների վրա կառուցված հանելուկներն էին, որոնց առավել զարգացած տեսակներից են՝ թվահանելուկը, գծահանելուկը, թվաբանական խնդիրը: Հանելուկի հիշյալ տեսակները հետագայում կիրառություն են գտել մաթեմատիկական գիտությունների մեջ՝ վարժությունների և խնդիրների տեսքով: Դրանք բոլորն էլ կազմված են դասական հանելուկի՝ հարց-հանելուկի սկզբունքներով, միայն թե
գիտական- մաթեմատիկական կերպարանք են ընդունել: Այսինքն՝ նախօրոք հայտնի պատասխանի հիման վրա կառուցվում էին իրականությունից վերցված մարդկային - հասարակական կամ բնական երևույթների պատկերավոր փոխհարաբերություններ:
Կրտսեր դպրոցականները չափազանց տպավորվող, զգայուն էակներ են: Ուսուցման
1 -
առաջին տարիներին նրանց հետ աշխատելիս պետք է կարևորել հետաքրքրականություն,
ոգևորություն, մրցակցություն առաջացնող պահերը: Այս առումով ուսուցման համակարգում ուշադրություն պետք հատկացնել խաղերի օգտագործմանը: Ուսուցման արդյունավետությանը նպաստող խաղեր կարելի է կազմակերպել հանելուկների և խաղային իրադրությունների ստեղծման ճանապարհով: Դասի ժամանակ հանելուկների առաջադրումը առաջ է բերում աշխուժություն, մտքի շարժ և թարմություն: Այդ միջոցն ակտիվացնում է նույնիսկ ամենապասիվ երեխաներին, զարգացնում տրամաբանությունը, մտածողությունը, երևակայությունը: Հանելուկների օգնությամբ երեխան կարող է ճանաչել բնության օրենքներն ու երևույթները, իրերը, առարկաները, կենդանիներին և դրանց բնորոշ հատկությունները: Հանելուկների պատասխանների գտնումը նպաստում է նաև երեխաների աշխարհայացքի ձևավորմանը, կռահելու, արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը, արտահայտիչ կարդալու և արտասանելու կարողությունների հղկմանը, ինչպես նաև ուսումնական նյութի բովանդակության ընկալման խորացմանը:
Դասի ժամանակ հանելուկն օգտագործվում է թե´ որպես նոր նյութի հաղորդման միջոց, թե´ որպես աշակերտների ձեռք բերած գիտելիքների ամփոփման, թե´ որպես դասին հետաքրքրաշարժություն հաղորդող հնար: Հանելուկի միջոցով կարելի է հաղորդել այնպիսի գիտելիքներ, ինչպիսիք բառի ուղիղ և փոխաբերական իմաստներն են, բառիմաստի բացատրությունը, համեմատումը, բառարանային հոդվածի ընկալումը, տարաբնույթ առարկաների և երևույթների մասին երեխաներին նոր տեղեկություններ հաղորդելը, ընդհանրացնող անունների, խոսքի մասերի վերաբերյալ գործնական գիտելիքների յուրացումը և այլն:
Հանելուկն առարկաների և երևույթների ցայտուն, ակնհայտ հատկանիշների վառ և պարզ նկարագրությունն է: Կրտսեր դպրոցականները, որպես կանոն, խուսափում են նկարագրություններից: Սակայն նկարագրական դրվագներն աստիճանաբար պետք է ավելի ու ավելի մեծ տեղ գրավեն դպրոցականների խոսքային գործունեության մեջ, որովհետև դրանք հարստացնում են խոսքը, ձևավորում են այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են նրբանկատությունը, ամեն ինչի մեջ գեղեցիկն ու արժանին տեսնոլու կարողությունը, ընդհանուրի մեջ մասնավորը և էականը տարբերելու ունակությունը և այլն:
Մանկական նկարագրական խոսքի թերությունները հաճախ կապված են այն բանի հետ, որ աշակերտները չեն կարողանում դիտարկել այն, ինչի մասին խոսում են կամ գրում, առանձնացնել այն կարևորները, մասնավորները, որոնց բնութագրումից էլ կազմված է ամբողջական առարկայի նկարագիրը: Հանելուկների հյուսումը առարկան և երևույթը գեղարվեստորեն նկարագրելու կարողության մշակման հետաքրքրաշարժ աշխատանքի ձև է: Հետևաբար, մինչև հանելուկի հյուսման ուղղությամբ առաջադրանք տալը պետք է իրականացնել հատուկ նախապատրաստում՝ մասնավորապես անցկացնելով էվրիստիկ զրույց այն մասին, թե ինչ է հանելուկը, ինչպես է այն « լուծվում » , իսկ հետո՝ ինչպես է կազմվում հանելուկի բնագիրը: Հանելուկի հետ կապված յուրաքանչյուր աշխատանք իրականացնելիս կարևոր է հաշվի առնել այդ գործընթացի մեթոդական բոլոր յուրահատկությունները:
Մինչև հանելուկի հորինման և նրա պատասխանի գուշակման կարողության մշակելը առաջարկում ենք կազմակերպել « Հրաշալի արկղ » խաղը: « Հրաշալի արկղը » ստվարաթղթից պատրաստված մի տուփ է, որը զարդարված է հեքիաթային զվարճալի գույներով և պատկերներով: Նրա մեջ ուսուցիչը լցնում է տարբեր առարկաներ՝ ըստ նպատակի:
Սկզբում խաղավարի դերում հանդես է գալիս ուսուցիչը: Նա ձեռքը մտցնում է
2 -
արկղի մեջ և հանելուկային ոճով ասում է. « Իմ ձեռքում գտնվում է մի առարկա, որը
կլոր է, կոշտ կեղևով, որի մեջ լի են ալ հատիկներ հյութալի: Ասե´ք, տեսնեմ՝ ի՞նչ պտուղ է այն » : Այսինքն՝ ուսուցիչը որքան էլ հանելուկային ոճով ներկայացնում է առարկան, այնուամենայնիվ, նրա կարևոր հատկանիշներից մեկը հուշում է՝ «պտուղ է», որպեսզի աշակերտները ճիշտ ուղղությամբ մտածեն: Այնուհետև նույն աշխատանքը տարվում է՝ որպես գուշակման օբյեկտ ընտրելով տարբեր առարկաներ, մինչև որ աշակերտները սովորում են խաղի լեզուն ու ոճը: Այս ճանապարհով աշակերտները յուրացում են ստեղծագործության այս տեսակի՝ հանելուկի կառուցվածքը: Այս աշխատանքը կատարելիս աշակերտների ուշադրությունը պետք է հրավիրել այն հանգամանքի վրա, որ և´ բառի իմաստային նշանակության բացատրության մեջ, և´ արկղի առարկաները ներկայացնելիս նշվում են այդ առարկաների՝ միևնույն, առավել աչքի ընկնող հատկանիշները, մասնավորապես այն մեկը, այն էականն ու կարևորը, որը հատուկ է միայն և միայն նրան:
Հանելուկները հարուստ են հակադրություններով և համեմատություններով, մասնավորեցումներով և ընդհանրացումներով: Նրանց պատասխանների գուշակումը երեխայից պահանջում է վերացարկման ունակություն, որի զարգացումը նպաստում է հետագա ողջ ուսումնական գործունեության արդյունավետությանը:
Ընդհանրապես մի առարկայի կամ երևույթի համեմատումը մյուսի հետ աշակերտներին օգնում է տեսնել վաղուց ծանոթ առարկաների կամ երևույթների նոր կողմերը, պատկերացնել անծանոթ, անհայտ առարկաներն ու երևույթները, իսկ ուսուցչի բացատրությունը դրանք դարձնում է մատչելի և մտապահվող: Իրեն շրջապատող առարկաների և երևույթների մասին աշակերտների ունեցած նախնական տեղեկություններն, անշուշտ, սուբյեկտիվ են. հանելուկի գուշակման և մասնավորապես հորինման գործընթացում աշակերտը կատարում է որոնողական ճանապարհով իր գիտելիքները հարստացնելու, օբյեկտիվորեն իրեն շրջապատող աշխարհն ամբողջությամբ տեսնելու ուղղությամբ պարզ փորձեր: Հանելուկների միջոցով երեխաները ծանոթանում են իրենց շրջապատող իրերի և երևույթների էական հատկանիշներին, սովորում են դրանք զանազանել միմյանցից՝ ուսուցման գործընթացում պասիվ ընկալողի դերը փոխելով ակտիվ մասնակցի դերով, կատարելով վերլուծական աշխատանք:
Հանելուկների պատասխանները կռահելու ուղղությամբ տարվող աշխատանքներն սկսվում են դեռևս առաջին դասարանում՝ գրաճանաչության նախայբբենական շրջանում:
Գրաճանաչության շրջանի համար իմ դասարանում ստեղծել եմ « Այբուբենը՝ հանելուկներում » հավաքապաստառը, որի գրպանիկներում տեղադրված են բոլոր հնչյուն- տառերով սկսվող պատասխաններով հանելուկներ: Դրանց հակառակ երեսին տվյալ հանելուկի պատասխան – նկարն է: Հանելուկներով ու դրանց պատասխան պատկերներով լի հավաքապաստառը գրաճանաչության փուլի համար ստեղծված մի իսկական հարուստ դիդակտիկա է: Զննական միջոցների և խոսքի ճիշտ զուգակցմամբ էլ պայմանավորված է ուսումնական նյութի յուրացման պահանջվող մակարդակի ապահովումը: Թեև տարրական դասարանների դասագրքերում հանելուկները ներկայացված են որպես երկրորդական նյութ, սակայն գրաճանաչության շրջանում մեզ համար դրանք առաջնային նշանակություն և կարևորություն են ձեռք բերում: Հավաքապաստառն օգտագործում եմ և՛ մինչ նոր տառին ծանոթացնելը, և՛ նոր հնչյուն տառը յուրացնելուց հետո: Նոր տառի հաղորդման սկզբում ստեղծում եմ այնպիսի իրավիճակ, ուր երեխաներն իրենք կգուշակեն, թե որ հնչյուն տառին են ծանոթանալու: Հայտնի է, որ երեխաների համար առավել դժվար է երկհնչյուն տառերի յուրացումը: Ուստի ներկայացնեմ ո երկհնչյուն տառի ուսուցման իմ փորձը: Նախօրոք՝ մինչև դասն սկսելը, դասասենյակում
3 -
կախում եմ մի պարան: Այս հնարին նրանք արդեն ծանոթ են նախորդ տառերի ուսուցումից և շատ են սիրում այս եղանակով աշխատանքը: Նոր նյութի հաղորդման սկզբում հավաքապաստառի Ո գրպանիկից հանում եմ բոլոր հանելուկ-պատկերները և ասում.
Սիրելի՛ երեխաներ, այսօր մենք ծանոթանալու ենք մի նոր հնչյուն – տառի:
Դուք ինքներդ պետք է գուշակեք, թե որն է այն: Դրա համար հարկավոր է գտնել առաջադրված հանելուկների պատասխանները:
Մինչ հանելուկի առաջադրումը առանձնացնում եմ այն բառերը, որոնց մասին պատմում է դասագրքի համապատասխան դասը: Կարդում եմ առաջին հանելուկը:
Մարմնիս վրա ահա տես,
Սուր-սուր փշեր ունեմ ես.
Միակ հյուրն եմ դաշտերի,
Եվ թշնամին օձերի:
Հետևում է երեխաների պատասխանը.
- Ոզնի:
Ցուցադրում եմ ոզնու պատկերը և հարցնում, թե ինչ գիտեն դրա մասին: Հետևում են պատասխանները.
- Ապրում է այգիներում և անտառներում:
- Սնվում է միջատներով:
- Օձերի թշնամին է:
- Օգտակար է, ոչնչացնում է վնասակար միջատներին:
- Ձմռանը քուն է մտնում:
Այնուհետև հարցնում եմ, թե ինչ հնչյուն լսվեց ոզնի բառի սկզբում: Երեխաները պատասխանում են.
- Վօ:
Հանելուկի պատասխան –նկարն ամրացնում եմ պարանին և ընթերցում հաջորդ
հանելուկը.
Կախված է պատիճը`
Կանաչ տակառիկը,
Ներսում՝ քաղցրիկ,
Կլորիկ եղբայրներ:
Երեխաները պատասխանում են.
- Ոլոռ:
Նրանց պատասխանը հաստատվում է հանելուկի հակառակ երեսին պատկերված ոլոռի նկարի ցուցադրումով: Հարցնում եմ, թե ինչ գիտեն այս բույսի մասին: Հետևում են պատասխանները.
- Ոլոռը շատ սննդարար է:
- Հատիկավոր մշակաբույս է:
- Ոլոռն ուտում են հում և եփած վիճակում:
- Օգտագործում են աղցաններ և ապուրներ պատրաստելիս:
Հիշեցնում եմ նաև, որ ոլոռի դարմանը, կանաչ զանգվածը հիանալի անասնակեր է: Հին ժամանակներում ոլոռը համարվել է ոչ միայն համեղ այլ նաև բուժիչ բույս: Միջնադարյան Ֆրանսիայում ոլոռից պատրաստված կերակուրները անպակաս էին թագավորի սեղանից:
4 -
Այնուհետև մտագրոհի մեթոդով բնութագրում ենք այս բույսը և կազմում բառակապակցություններ.
կանաչ
հատիկավոր
սննդարար
Ոլոռ
համեղ
օգտակար
հյութալի
Ստացված տեղեկություններն ընդհանրացնում եմ T-աձև մեթոդով՝ ինչ գիտեի և ինչ իմացա խորագրերի միջոցով: Ոլոռի պատկերը ևս կախում եմ պարանից:
Կարդում եմ հաջորդ հանելուկները.
Ամպն է գոռում վերևում, Մի բարձի վրա՝
Ձեզ կայծակ է երևում, Շատ-շատ ասեղներ,
Իսկ քիչ հետո կիջնեմ ես, Բայց ոչ մի ասեղ
Բարձր կասեմ՝ բարև՛ ձեզ: Չես կարող թելել:
( որոտ ) ( ոզնի )
5 -
Քույրն է քայլում քրոջ հետ, Ձկան խայծ է, թռչնի՝ կեր,
Բայց մեկ՝ առաջ, մեկ էլ՝ ետ: Ծառ ու պտղի շատակեր:
( ոտքեր ) ( որդ )
Բոլոր հանելուկների պատասխանները ներկայացվում են պարանի հնարով.
ոզնի որոտ ոտքեր որդ ոլոռ
Պարանի վրա կարդում ենք յուրաքանչյուր բառ, կազմում դրանց հնչյունային մոդելը, հաշվում թե ամեն մեկը քանի հնչյուն ունի: Անվանում ենք ձայնավոր և բաղաձայն հնչյունները: Ուշադրությամբ լսելով բոլոր բառերը՝ գալիս ենք ընդհանուր եզրակացության. բոլոր բառերի սկզբում հնչում են նույն երկու վօ հնչյունները: Այստեղ արդեն բացատրում
5 -
ենք, որ վօ հնչյունը գրվում է մեկ տառով ՝ ո: Ո-ն երկհնչյուն տառ է: Երեխաները գրատախտակին գծում են այդ բառերի հնչյունատառային մոդելը:
վ | օ | զ | ն | ի |
ո | զ | ն | ի |
Հանելուկների միջոցով ձևավորելով երկհնչյուն տառի գաղափարը՝ անցնում եմ նոր դասի հաղորդմանը:
Ո հնչյուն տառի ամրապնդման դասին երեխաները բերել էին բազմաթիվ հանելուկներ, իրենց նկարած պատկերները, գտել ո – ով սկսվող բառեր: Հանելուկներ և նկարներ ունեցող աշակերտները ներկայացնում են իրենց աշխատանքը:
Առաջին երեխա - Ես առաջադրում եմ իմ հանելուկը, իսկ դուք գուշակեք այն.
Կլորիկ դեղին,
Աշխարհն իր գերին: ( ոսկի )
Երկրորդ երեխա - Միրգ – պտուղ է ժողովում,
Մեջքին առած՝ տուն տանում,
Իրեն բռնել թե փորձես՝
Փշե գնդակ է դառնում: ( ոզնի )
Երրորդ երեխա - Բերան չունի գոռում է,
Ձայնից աշխարհը դողում է: ( որոտ )
Ելույթ ունեցող երեխաները խրախուսվում են: Այնուհետև առաջարկում եմ լուծել խաչբառը՝ առաջադրված հանելուկների պատասխաններով: Իհարկե բոլոր հարցերի պատասխաններն սկսվում են ո հնչյուն - տառով: Խաչբառը նախապես գծում եմ գրատախտակին՝ գունավոր կավիճներով:
Տեղեկացնում եմ, որ այս խաչբառը հանելուկի պատասխաններով լրացնելով՝
մեր ծածկագրում կստանանք ո հնչյուն – տառով սկսվող թանկարժեք մետաղի անուն:
1 | ո | չ | խ | ա | ր | ||||||||
2 | ո | ր | ս | ո | ր | դ | |||||||
3 | ո | հ | մ | ա | կ | ||||||||
4 | ո | ս | տ | ի | կ | ա | ն |
Վրան ունի թավ մուշտակ, 2. Սար ու ձորով թափառում,
Կաթնաղբյուրը՝ կրծքի տակ, Հրացան է կրակում.
Պարգևում է մթերքներ՝ Կրակում է աջ ու ձախ,
Բուրդ ու բարիք, կաթ ու սեր: Խեղճ կենդանուց չունի վախ:
( ոչխար ) ( որսորդ )
6 -
Գայլերի խումբ, գայլի հոտ, 4. Աշխատանքն ուրախ և նախանձելի:
Որ հեշտ որսա կով ու հորթ: Սուլիր, երբ կամենաս,
( ոհմակ ) Եվ փայտիկը շարժիր:
( ոստիկան )
Ստանում ենք գաղտնագրի բառը՝ ոսկի, և պատմում այդ մետաղի մասին:
Այս ամենից հետո, երբ երեխաները բավականաչափ տեղեկացված են, կազմակերպում եմ խմբային աշխատանք: Խմբերին բաժանում եմ ո-ով սկսվող բառերով պատերները, որոնց վրա երեխաները կազմում են տվյալ բառի գծային, հնչյունային, վանկային մոդելը, ներկում ձայնավորը և բանավոր ներկայացնում իրենց աշխատանքը:
Կատարածը ճիշտ ներկայացնող խմբին խրախուսում եմ:
Սա, իհարկե, հանելուկների օգտագործմամբ տառուսուցում սկսելու մի եղանակ է: Նույն մոտեցմամբ, սակայն մի փոքր այլ կերպ՝ կարելի է կազմակերպել հաջորդ դասերը ևս:
Այսպիսով՝ հանելուկը կայուն տեղ ունի և անհրաժեշտ է կիրառել մայրենիի դասընթացում: Նրա օգտագործումն ունի ճանաչողական, դաստիարակչական, մտավոր ունակությունների զարգացման անգնահատելի նշանակություն: Տարրական դասարաններում հանելուկներով հարստացված դասերը հետաքրքրաշարժ են ու զվարճալի: Դրանք աշակերտին մեծ բավականություն ու ոգևորություն են պատճառում. հետևաբար արդյունավետ են:
Եզրակացություն
Խնդրահարույց ուսուցման գերագույն նպատակը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացումն է, ինչը կարելի է իրականացնել խնդրահարույց իրավիճակներ հաղթահարելու միջոցով: Նման հնարավորություն աշակերտներին ընձեռում են հանելուկի առաջադրումն ու լուծումը: Հանելուկը էապես նպաստում է դպրոցականների մտահորիզոնի ընդլայնմանը և մտավոր ունակությունների զարգացմանը: Այն զարգացնում է երեխայի մտածողությունը, դիտողականությունը, ամրապնդում հիշողությունը:
7 -